«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԵՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Համաշխարհային բանկի փոխնախագահը եկել է անձամբ ծանոթանալու բանկի ծրագրերի ընթացքին

«Ո՞ւմ եք եկել դիմավորելու» հարցիս Բագրատաշենի կամուրջով Վրաստանից Հայաստան ժամանած ՀԲ փոխնախագահ Յոհաննես Լիննին աղուհացով դիմավորող աշակերտուհու պատասխանը զարմանալի չէրՙ Բիլ Քլինթոնին: ՀԲ բարձրաստիճան պաշտոնյային ծաղկեփնջերով ու աղուհացով դիմավորող դպրոցականներից եւ ոչ մեկը գաղափար անգամ չուներ, թե ի՞նչ է Համաշխարհային բանկն ընդհանրապես: Իհարկե, ամենեւին էլ պարտադիր չէ իմանալը, բայց դա մոտավորապես նման է այն դեպքին, երբ որեւէ ընտանիք ունի իր գոյությունը պաշտպանելու համար շռայլորեն պարտքեր տվող մի մեծ պարտատեր, բայց ընտանիքի անդամները չգիտեն նրա մասին: Ըստ որում պարտքի բեռը տարեցտարի ավելանում է, որը տասնյակ տարիներ հետո վճարելու են նաեւ նույն Բագրատաշենի կամ Տավուշի ու Լոռու մարզի այն բնակավայրերի երեխաները, ուր երեկ այցելեց ՀԲ փոխնախագահըՙ անձամբ տեսնելու ու ստուգելու բանկի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ընթացքը: Առաջին կանգառը Տավուշի մարզի Դեղձավան գյուղն էր, որտեղ սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի ֆինանսավորմամբ կառուցվում է դպրոց:

Դեղձավանը դարձել է «Չորավան»

Դեղձավանի բնակիչների կեսը Ադրբեջանից փախստականներն են, մյուս կեսը եկել է Վրաստանից եւ մոտ երեսուն տարի առաջ հիմնել գյուղը: 312 բնակիչ ունեցող գյուղը դպրոց ընդհանրապես չունի, եւ երեխաները ստիպված են կտրել-անցնել օրական 5 կմՙ հարեւան գյուղի դպրոց հասնելու համար: Այսօր արդեն դպրոցի հիմքերը դրված են: Շինհրապարակ այցելած Լիննին մանրամասն տեղեկացվեց. որ դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար, կառուցման համար տրամադրվել է մոտ 74 հազ. դրամ, որի 10 տոկոսը տրամադրվել է համայնքի կողմից (ինչը պարտադիր պայման է սոցներդրումների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի դեպքում), մնացածի կեսըՙ հիմնադրամի կողմից, մյուս կեսըՙ UNDP-ի: Մինչ բանկի հայաստանյան ներկայացուցիչներն ու պաշտոնյաները մանրամասն պատմում էին ծրագրի մասին, հավաքված գյուղացիները շրջապատեցին լրագրողներիս: «Շաբաթներով խմելու ջուր չենք ունենում», դժգոհեցին նրանք: Մոտ 4-5 ամիս գյուղացիները ջուրը գնում են 40 լիտրը 150 դրամով: Ըստ որում չկա ոչ միայն խմելու, այլեւ ոռոգման ջուր, որի պատճառով ժամանակին դեղձի այգիներով հայտնի Դեղձավանում այսօր ոչ մի դեղձի ծառ նմուշի համար չի մնացել: «Մեր գյուղի անունը ոչ թե Դեղձավան պետք է լինի, այլՙ Չորավան», կատակեց գյուղացիներից մեկը: Գյուղ մտնող միակ աղբյուրըՙ Ստեփանավանից եկող ջրագիծը, գյուղացիների վկայությամբ, ջուր չի կարողանում հասցնել գյուղին, քանի որ մինչեւ տեղ հասնելը մի քանի «վիշապներ»ՙ մեծ արտերի ու բոստանների տերեր, նստած են ճանապարհին ու չեն թողնում, որ ջուրը տեղ հասնի: Գյուղացիները ջրի հետ կապված դժգոհություններով դիմեցին նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Վերջինս գյուղացիների ներկայությամբ ՀԲ ներկայացուցիչներին ներկայացրեց ստեղծված վիճակը եւ խոստում ստացավ արդեն գյուղի համար առանձին ջրագծիՙ արդեն իսկ պատրաստ ծրագրի ֆինանսավորման մասին: «Ազգի» հետ զրույցում պրն Ղուլարյանը չժխտեց, որ Ստեփանավանից եկող ջուրը որոշ դեպերում ապօրինի է օգտագործվում, սակայն չուներ այդ դեպքերը վերահսկելու մասին մեր հարցի պատասխանը: Դեղձավանից հեռանալուց առաջ Յ. Լիննը, որը թերեւս հարեւան հանրապետությունում այցելել էր փախստականների բնակավայրեր, հարկ համարեց իրեն շրջապատված մարդկանց հարցնելՙ կվերադառնայի՞ք ձեր նախկին բնակավայրերը: Պատասխանը միանշանակ բացասական էր: Դեղձավանից հետո ՀԲ պատվիրակը բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ՜Քոնորի ու հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթի ուղեկցությամբ ուղեւորվեց Լոռու մարզ:

Լոռին շարունակում է գումարներ ակնկալել

Տավուշի ու Լոռվա մարզերի սահմանագծին Ա. Ղուլարյանի հետ պատվիրակության «ընդունում-հանձնումից» հետո Լոռու մարզպետ Հ. Քոչինյանը մարզպետարանում ՀԲ ներկայացուցիչներին մանրամասն պատմեց մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մասին: Այն արժենալու է մոտավորապես 1 մլն դոլար: Մարզպետը հույս հայտնեց, որ ՀԲ-ն կդառնա ծրագրի ու «գործողությունների ծրագրի», կոնկրետ նախագծերի համաֆինանսավորողը: Իր հերթին Յ. Լիննը նշեց, որ Լոռվա մարզը եղել եւ մնում է ՀԲ հայաստանյան ծրագրերի կարեւոր տարածաշրջանը: ՀԲ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր Վանաձոր քաղաքում ու ամբողջ մարզում: Պաշտոնական հանդիպումից հետո Յ. Լինն ու նրան ուղեկցողները եղան քաղաքի թիվ 22 միջն. դպրոցում, որը նույնպես կառուցվել է Սոցներդրումների հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Հիմնադրամի վարչության պետ Ա. Գրիգորյանը մանրամասնեց, որ դպրոցը կառուցվել է զրոյից, մինչ այդ 400 երեխաներ սովորում էին տնակներում: Շինարարությունն արժեցել է 120 հազ. դոլար: Այնուհետեւ ՀԲ ավտոշարասյունն ուղեւորվեց Վանաձորի մոտ գտնվող Արջուտ գյուղ, որտեղ վերջերս բացվել է ինքնահոս ջրագիծՙ ՀԲ ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրով: Ջրագիծն արժեցել է 229 հազ. դոլար, որը ծրագրի հեղինակների ու «ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի» նախագահ Գագիկ Մարտիրոսյանի պնդմամբ, գումարը ծախսվել է 135 կմ խողովակաշարի վրա: Տեղեկացվեց, որ ջրագիծը կապահովի ոչ միայն Արջուտի, այլեւ կողքի Լեռնապատ, Դարպաս գյուղերի մոտ 700 հա ցանքատարածությունները: Այդ գյուղերում հիմնականում աճեցնում են կարտոֆիլ ու կաղամբ, եւ ինքնահոս ջրատարը, մասնագետների հաշվարկներով, կիջեցնի ջրի արժեքը 1 խմ-ի համար առնվազն 5 դրամովՙ ինչ-որ չափով թեթեւացնելով գյուղացիների հոգսերը:

Տավուշի ու Լոռու մարզի հոգսերին հնարավորինս ծանոթացած ՀԲ փոխնախագահն ու նրա ուղեկիցներն ուղեւորվեցին Երեւանՙ այսօր հանդիպելու ՀՀ բարձրագույն իշխանությունների հետ, քննարկելու ՀԲ հետագա ծրագրերը:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ, Բագրատաշեն-Վանաձոր- Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4