«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


«ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ» ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ

Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի կազմակերպած երեկվա կլոր սեղանի թեման հետաքրքրական լինելուց զատ արդիական էր ու կարեւոր: «Գորդյան հանգույցը», որին փորձեցին լուծում տալ օրվա բանախոսներըՙ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Հովհաննես Զաքարյանը, հայ համակարգիչ կենտրոնի տնօրեն Վահրամ Մխիթարյանը, հայ դասական մատենագրության թվային գրադարանի տնօրեն Մերուժան Կարապետյանը, առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Աշոտ Գրիգորյանը, վերաբերում էր ողջ հայության կենսական խնդրինՙ հայերեն լեզվին ու նրանով ստեղծված մշակույթի հետագա ճակատագրին: Լեզվամշակութային արդի պատերազմին դիմակայելու համար այսօր առաջին անհրաժեշտության խնդիր է դարձել հայերենի լեզվական ողջ համակարգի տեղափոխումը համակարգչային հենքի վրա, քանի որ տեխնոկրատ մտքի գերակայության մեր ժամանակներում այլընտրանք չկա, մանավանդ որ ինտերնետային ցանցը հայ մշակույթը աշխարհին ներկայացնելու լավագույն հնարավորությունն է ընձեռում: Զեկուցողներն անդրադարձան խնդրի հետ կապված բարդություններինՙ երկու ուղղագրությունների, երկու գրական լեզուների, մեծատառերի, տողադարձի, կետադրության, եզրաբանության, տառատեսակների առնչությամբ: Ծավալվեց հետաքրքիր բանավեճՙ միասնական ուղղագրություն ստեղծելու, երկու գրական լեզուների մերձեցման, արեւմտահայերենագետներ պատրաստելու, հայերեն տառերով ստեղնաշարով համակարգիչներ ունենալու վերաբերյալ: Ընդ որում, այս դեպքում խնդիրը ոչ այնքան քաղաքական է, որքան խիստ մասնագիտական, զուտ տեխնոլոգիական հնարավորությունների հարց է:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4