Հայաստանի ադամանդի արդյունաբերությունը կարծես թե 50 տոկոսով աճ է ապրում այս տարիՙ Ռուսաստանի Դաշնությունից ադամանդի հումքի մատակարարման շնորհիվ: 300.000 կարատ ադամանդի մի մասը ուղարկվել եւ արդեն բաշխվել է Հայաստանի մեծ ու փոքր ընկերություններին:
Այս գործարքը Հայաստանի կառավարության եւ Ալրոսա կորպորացիայի միջեւ կնքված պայմանագրի մի մասն է: Ստորագրված լինելով 1998 թվականինՙ այն իրագործվեց միայն այս տարի, երբ վավերացվեց Պետդումայում: Հարավաֆրիկյան մոնոպոլիստ Դե Բիրսը մինչ այդ Հայաստանի ընկերություններին հիմնական հումք մատակարարողն էր:
Ըստ արդյունաբերության պաշտոնյաների կարծիքիՙ Հայաստանից ադամանդի արտահանման արդյունքում ստացված գումարը կազմում է 100 մլն ԱՄՆ դոլար անցած տարի եւ այս տարի կհասնի 150 մլն դոլարի: Ադամանդագործության ոլորտը զարգացնելու կառավարության ծրագիրը, որն արդեն աշխատանքով ապահովում է 2000 մարդու, առաջիկա 3 տարիների ընթացքում որոշ չափով կլուծի գործազրկության խնդիրը:
Ալրոսայից ադամանդի հաստատուն մատակարարումն էական նշանակություն կունենա այս ոլորտի հետագա ծավալների վրա: Մի շարք մասնագետներ գտնում են, որ այս հարցն էական լուծում ստացավ ընկերության խորհրդի անդամներից մեկիՙ Արա Աբրահամյանի շնորհիվ: Մոսկվայում հաստատված հայտնի գործարարը Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկն է, որը ղեկավարում է Ռուսաստանի հայ համայնքը: Նրա ղեկավարած Ռուսաստանի հայերի միությունըՙ հաստատվելով անցած տարի, ակտիվ գործունեություն է վարում եւ կազմակերպում Ռուսաստանի պաշտոնյաների, թղթակիցների, ժուռնալիստների այցելությունները Հայաստան:
Արա Աբրահամյանի եղբայրըՙ Գագիկ Աբրահամյանը, Հայաստանում բրիտանական DCA ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է:
ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ, «Ազատություն» ռադիոկայան