Վարձակալության գումար կամ «տեղի փող»
1 քմ տարածքի վարձակալության նվազագույն գումարը 2000 դրամն է: Ըստ մեր դիտարկումների, կախված տարածքի չափից, այդ գումարը կարող է տատանվել: Ամենաթանկ տոնավաճառը «Հրազդան» մարզադաշտինն էՙ 200-400 դոլարՙ ամսական վարձակալած տարածքի դիմաց, «Սուրմալուում», «Փեթակում», «Հայաստան» հանրախանութում «տեղի փողն» արժե 150-300 դոլար, «Մալաթիայում»ՙ 100-300 դոլար: Մյուս տոնավաճառներում պատկերը համանման է: Ճիշտ է, որոշ դեպքերում կրպակները կարող են ունենալ մինչեւ 8 քմ տարածք, ինչի պարագայում 1 քմ-ին ընկնող վարձակալության գումարը փոքր-ինչ ցածր է լինում: Միաժամանակ նշենք, որ ընդհանուր առմամբ փոքր տարածքով բացօթյա տաղավարներն ավելի մեծ թիվ են կազմում տոնավաճառներում, քան կրպակները: Վարձակալության համար գանձվող գումարների ընդհանուր չափը իմանալու համար բավական է ունենալ պետեկամուտների նախարարության տվյալները 1 քմ-ի դիմաց վճարվող գումարի մասին:
Ինչպես արդեն նշվեց, այդ գումարը կազմում է ամսական 120-130 մլն դրամ կամ միջինը 125 մլն դրամ: Ըստ հաշվարկների, այն առաջանում է օրական 1 քմ դիմաց 125 դրամ վճարող ավելի քան 33 հազար քմ վարձակալության տրված տարածքից: Իսկ այժմ այդ թիվը բազմապատկենք տոնավաճառների սեփականատերերի կամ տնօրենների կողմից 1 քմ-ից գանձվող իրական գումարով, որը ամսական կազմում է 60 հազ. (օրական 2000) դրամ: Կստանանք մոտ 2 մլրդ դրամ: Սա, կրկնում ենք, այն գումարն է, որ տոնավաճառների տերերը ստանում են վարձակալության տրված տ արածքներից եւ դրա ընդամենը 5-6 տոկոսը վճարում պետությանը: Մնացածը նրանց մաքուր շահույթն է: Իհարկե, թոշակառուի կամ ուսուցչի երեւակայությունից վեր է պատկերացնել, թե ինչպես կարող են մի քանի տասնյակ մարդիկ տնօրինել ամսական 2 մլրդ դրամը, սակայն վերջիններս լավ էլ տնօրինում են եւ առանձնապես խղճի խայթ չեն զգում:
Առեւտրականների շահույթը եւ իրական շրջանառությունը
Ցանկացած առեւտրական, անկախ նրանիցՙ բարեկամի հետ է զրուցում, թե հարկային տեսուչի, ձգտում է առավելագույնս ցածր ներկայացնել իր եկամուտը: Բացառություն չեն նաեւ տոնավաճառների առեւտրականները: Սակայն որքան էլ ցածր ներկայացվի եկամտի չափը, առնվազն միամիտ պետք է լինել հավատալու համար, որ որեւէ առեւտրական կշարունակի այստեղ աշխատել, եթե նրա նվազագույն եկամուտը ամսական գոնե 150 դոլար չկազմի: Եթե ըստ քառակուսի մետրերի արտահայտենք, ապա օրական շահույթը 1 քմ-ից առնվազն պետք է կազմի 1500 դրամ, իսկ ամսականըՙ 45 հազար դրամ: 33 հազար քմ-ից առեւտրականների շահույթը ամսական կկազմի 1,5 մլրդ դրամ:
Այսպիսով, տոնավաճառների տերերի եւ առեւտրականների գումարային շահույթն ամսական կազմում է 3,5 մլրդ դրամ կամ 6,3 մլն դոլար: Տարվա կտրվածքով պատկերը հետեւյալն էՙ ընդհանուր շահույթը 42 մլրդ դրամ կամ 76 մլն դոլար, որից տոնավաճառների տերերի շահույթըՙ 24 մլրդ դրամ կամ 43 մլն դոլար, առեւտրականներինըՙ 18 մլրդ դրամ կամ 33 մլն դոլար:
Այս թվերն արդեն հուշում են շրջանառության իրական չափի մասին: Դարձյալ վկայակոչենք առեւտրականների դժգոհությունն առ այն, թե իրենք աշխատում են ընդամենը 5-10 % շահույթով: Հիմք վերցնելով նրանց մատնանշած առավելագույն սահմանըՙ 10 տոկոսը, վերոնշյալ 42 մլրդ դրամը կամ 76 մլն դոլար գումարային եկամուտը բազմապատկելով 10-ով, կստանանք տոնավաճառների տարեկան ապրանքաշրջանառության իրական պատկերըՙ 420 մլրդ դրամ կամ 760 մլն դոլար: Ավելի կոնկրետՙ սա այն գումարն է, որի շրջանառությունից Հայաստանի բյուջեն չի ստանում ոչ մի լումա: Եվ սաՙ եթե հիմք ենք ընդունում 10 տոկոս շահույթի մասին պնդումը: Եթե հիմք ընդունենք 5 տոկոսը, ապա ստացվող գումարը կրկնապատիկ ավելի կլինի: Այդուհանդերձ, անգամ մեր նշած շրջանառության պարագայում 1,5 մլրդ դրամ կամ 2,7, մլն դոլար պետությանը վճարված գումարը, որը կազմում է ամբողջ շրջանառության մոտ 0,3 տոկոսը, այլ կերպ, քան ողորմելի չես անվանի: Վերստին ցանկանում ենք ընդգծել, որ որպես հիմք են ընդունվել պաշտոնական տվյալներ եւ մեր ունեցած ամենանվազագույն թվերը: Հաստատապես սխալված չենք լինի, եթե ասենք, որ եկամուտներն ավելի մեծ են, որոնք ստացվում են ինչպես ներկայացված, այնպես էլ գործող, բայց չներկայացված, այսինքն պետությանը հաստատագրված վճար չմուծող տարածքներից:
Որքան գումար չի մտնում պետբյուջե
Եթե հիմք ընդունենք, որ մաքուր շահույթը կազմում է շրջանառության 10 տոկոսը, ապա ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով պետբյուջեն չի ստանում տարեկան 8,4 մլրդ դրամ կամ 14 մլն դոլար: Այդ գումարը 420 մլրդ դրամի 20 տոկոս ԱԱՀ-ի եւ 378 մլրդ դրամ (ստացված եւ դեռեւս չվաճառված ապրանքի ընդհանուր արժեքը) 20 տոկոս ԱԱՀ-ի տարբերությունն է: Այսինքն չի վճարվում հաստատագրված վճարը 6 անգամ գերազանցող գումար միայն այս հարկատեսակի գծով: Ինչի վճարումը չի նշանակելու հիշատակված 1,5 մլրդ դրամ (2,7 մլն դոլար) հաստատագրված վճարի վերացում, քանզի առաջինը տրվելու է շրջանառությունից, առեւտուր իրականացնողների կողմից, երկրորդըՙ վարձակալության գումարներից, տոնավաճառների սեփականատերերի կողմից:
Հաջորդը: Տոնավաճառներում առեւտուր իրականացնողների բացարձակ մեծամասնությունը չունի այդ գործունեությամբ զբաղվելու թույլտվություն ենթադրող որեւէ պաշտոնական փաստաթուղթ: Մինչդեռ գրանցված լինելու դեպքում նրանք պետք է վճարումներ կատարեին նաեւ սոցիալական հիմնադրամՙ յուրաքանչյուր աշխատակիցն ամսական 5 հազար դրամ: Դա նշանակում է, որ մեր թոշակառուներն ու նպաստառուները չեն ստանում ամսական 100-150 մլն դրամ, իսկ այդ գումարը հնարավորություն կընձեռեր փոքր-ինչ բարձրացնել հատկացումները: Ընդհանուր առմամբ պետբյուջե եւ սոցիալական հիմնադրամ չի մտնում ներկայումս վճարվող գումարը 8-9 անգամ գերազանցող գումար: Ավելի կոնկրետՙ մոտ 10-11 մլրդ դրամ կամ 18-20 մլն դոլար:
Դժբախտաբար, աղքատության կրճատման նման ուղիներն իշխանությունները գերադասում են չտեսնել, իսկ գերշահույթները շարունակում են չհարկվել: Սակայն որքան էլ տարօրինակ է, տոնավաճառները վերահսկողությունից եւ հարկման դաշտից դուրս թողնելով, պետությունն ինչ-որ վիճակագրություն է ներկայացնում այստեղ կատարվող ապրանքաշրջանառության ծավալների մասին:
Տոնավաճառների ապրանքաշրջանառությունն ըստ պետական վիճակագրության
Պարզվում է, որ անցյալ տարի տոնավաճառներում ապրանքաշրջանառությունը կազմել է 135 մլրդ 691 մլն դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2000 թ. սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերվող զեկույցի «Մանրածախ առեւտուր» բաժնում նշված տվյալների, վերոնշյալ ծավալը կազմում է ընդհանուր ապրանքաշրջանառության 32 տոկոսը: Հետաքրքիր հանելուկ է ստացվումՙ շրջանառությունը չի արձանագրվում որեւէ պետական օղակում, բայց պաշտոնական վիճակագրություն է հրապարակվում: Այնուհետեւՙ վիճակագրության ծառայության տվյալները չեն համապատասխանում պետեկամուտների նախարարությունից մեր ստացած տվյալների հետ: Ըստ վիճակագրական ծառայության զեկույցի, Հայաստանի տարածքում գործում են ոչ թե 94, այլ 55, իսկ Երեւանում ոչ թե 16, այլ 22 տոնավաճառներ: Սակայն սա եւս մի կողմ թողնենք, դարձյալ ուշադրություն հրավիրելով շրջանառության ծավալների վրա: Անգամ եթե դրանք համապատասխանեն պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներին, ինչն ուղղակի անհնար է, դարձյալ որպես միայն ավելացված արժեքի հարկ պետբյուջե չի վճարվում տարեկան մոտ 3 մլրդ դրամ: Եվ որեւէ պետական պաշտոնյաՙ նախագահից մինչեւ համայնքապետ, պատասխանատվություն չի կրում պաշտոնապես հրապարակվող եւ հավաստվող ստվերային ապրանքաշրջանառության համար, իսկ պետական եկամուտների նախարարությունը չունի ո՚չ իրավունք, ո՚չ մեխանիզմ տոնավաճառներում հարկահավաքմամբ զբաղվելու համար:
Նախ եւ առաջ արձանագրել ապրանքա շրջանառությունը
Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց կիրառում է հսկիչ-դրամարկղային մեքենաները (ՀԴՄ): Իսկ մեզ մոտ, կոնկրետ տոնավաճառների պարագայում դա ուժգին դիմադրության է հանդիպում: ՀԴՄ-ների տեղադրումն առաջին հայացքից է միայն տեխնիկական հարց թվում: Իրականում հասկանալի է, որ դրանից հետո պետբյուջեն շրջանցող հարյուր միլիոնավոր դոլարները պետք է երեւան: Սա է հիմնական խնդիրը, որն ամեն կերպ, տարբեր պոպուլիստական պատճառաբանություններով փորձում են կոծկել տոնավաճառների տերերը: Դա բնական է եւ հասկանալի նրանց շահերի տեսանկյունից: Այս դեպքում նրանք ստիպված կլինեն իջեցնել առեւտրականներից գանձվող վարձակալության գումարները, քանի որ վերջիններս պետք է հարկ վճարեն շրջանառությունից: Եթե այդ հարկերը տնտեսվարողները վճարեն իրենց շահույթի հաշվին, ապա առեւտուրն այդ ժամանակ շահավետ չի լինի, եւ դրա ծավալները կընկնեն: Նման բան թույլ չտալու համար հարկային բեռը կամ ամբողջությամբ, կամ մասամբ պետք է վերցնեն տոնավաճառների սեփականատերերը: Իսկ դա նշանակում է շահույթի նվազեցում:
Մյուս կողմիցՙ չի կարելի ասել, թե առեւտրականներն անգամ վարձակալության գումարները ցածրացնելու եւ ՀԴՄ-ները տոնավաճառների տերերի հաշվին տեղադրելուց հետո ծափողջույններով կընդունեն այդ քայլը: Մեզ հանդիպած առեւտրականներից ոմանք բացահայտորեն հայտարարում էին, որ չեն ցանկանում իրենց անունը տեսնել որեւէ պետական գրանցամատյանում: Հենց այդպեսՙ առեւտրով զբաղվել եւ շահույթ ստանալ ցանկանում են, իսկ հարկեր վճարելՙ ոչ: Հարկեր վճարելու հանդեպ նման մոտեցման պարագայում հատկապես անհրաժեշտ են տոնավաճառները հարկային դաշտ բերելն ու վարչարարության կիրառումը: Միաժամանակ շատ կարեւոր է, որ սահմանվի խելամիտ, առեւտրականին չքայքայող հարկային բեռ: Այլապես վերջինս ստվերում կպահի իր շրջանառության 80-90 տոկոսը, ինչը տեղի է ունենում տոնավաճառներից դուրս գտնվող առեւտրի օբյեկտներում:
Որպես վերջաբան
Ի՞նչ եզրակացության կարող ենք հանգել: Ինչպե՞ս է պատահել, որ երկրի ներքին ապրանքաշրջանառության մեծ մասը չի արձանագրվում եւ չի հարկվում այն դեպքում, երբ մեր հարկային քաղաքականությունը հիմնված է շրջանառության հարկման վրա:
Միանշանակ է, որ առանց հզոր իշխանական լոբբինգի նման իրավիճակ չէր ստեղծվի: Նույն պատճառով այդ կացությունը շարունակում է գոյատեւել: Գործն այնտեղ է հասել, որ, ՀԴՄ-ների ներդրման իսկապես անհրաժեշտ ձեռնարկի իրականացման մի քանի անհաջող փորձերից հետո, կառավարությունն այդ հարցի Ազգային ժողովում քննարկման ժամանակ հրապարակավ հայտարարեց իր պարտության մասին: Իսկ դա նշանակում է, որ տոնավաճառների տերերը կշարունակեն նոր առանձնատներ կառուցել եւ շքեղ ավտոմեքենաներ ձեռք բերել, հազարավոր դոլարներ ծախսել կազինոներում եւ ռեստորաններում եւ հերթական խնջույքի ժամանակ միգուցե չմոռանան խմել հայ ժողովրդի կենացը: «Հայ ժողովրդի» մի զգալի մասն էլ, ծանրագույն զրկանքներ կրելով, կշարունակի սպասել մի քանի հազար դրամ կազմող թոշակներին, նպաստներին եւ աշխատավարձերին, որպեսզի դրանք ստանալուց հետո չկողմնորոշվիՙ պարտք փակե՞լ, էլեկտրաէներգիայի դիմաց վճարե՞լ, սնվե՞լ, թե՞ երեխաներ մեծացնել: Իսկ բարձրագույն պետական իշխանությո՞ւնը: Նա էլ ցույց կտա, թե զբաղվում է սոցիալական բեւեռացման մեղմացման հարցով եւ աղքատության նվազեցման «միջանկյալ ռազմավարական» զանազան ծրագրեր կմշակի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ