Հայաստանի տնտեսության մեջ ստվերայնության չափի մասին տարբեր թվեր են բերվումՙ 40-90 տոկոս: Դժվար է ասել, թե ո՞րն է ճշմարտությունը, ի՞նչ չափանիշներով են կատարվում այդ հաշվարկները եւ ընդհանրապես ի՞նչ է նկատի առնվում ստվերային տնտեսություն ասելիս: Սակայն միանշանակ է, որ դրա մասին խոսակցությունները հիմնականում խոսակցություն էլ մնում են, եւ երբեք չեն նշվում ստվերայնության ցուցանիշներն ըստ կոնկրետ ոլորտների: Բնական է, որ այս դեպքում կառաջանա որոշակի ուղղությամբ ստվերի դեմ պայքարելու խնդիր, իսկ դա այնքան էլ հաճելի պարտականություն չէ իշխանությունների համար: Ստվերում գտնվողները ցանկացած միջոցների կդիմեն իրական կամ իրականին մոտ տվյալներ չներկայացնելու եւ համապատասխանաբար հարկային պարտավորություններ չկատարելու համար: Սակայն սա ամբողջ դժբախտությունը չէ: Հայաստանում գոյություն ունի եւս մեկ արտառոց երեւույթՙ բացահայտ առեւտուր, որտեղ ոչ ոք իր շրջանառությունը թաքցնելու խնդիր չունի, քանզի հարկային դաշտից դուրս է: Որեւէ օրենք այն հարկելու կամ ընդհակառակըՙ հարկերից ազատելու մասին, գոյություն չունի: Այս ոլորտը մեխանիկորեն, բայց ոչ պատահաբար հայտնվել է արտոնյալ վիճակումՙ ի վնաս պետբյուջեի, օրինականության, շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքների: Խոսքը տոնավաճառային առեւտրի մասին է, որտեղ տարիներ շարունակ գոյատեւում է ստեղծված կացությունը: Այստեղ են տարեկան հարյուրմիլիոնավոր դոլարներ պտտվում առանց հարկման եւ այս ու ստվերային այլ ոլորտներում, այլ ոչ թե Փարիզում կամ Վաշինգտոնում պետք է փնտրել աղքատության հաղթահարման ուղիները:
Այս կապակցությամբ կարդալ մեր աշխատակից Արա Մարտիրոսյանի հետաքննությունը 4-րդ էջում: