«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ՎՐԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ

Վրացիք մեղքը գցում են Ռուսաստանի վրա, իսկ ադրբեջանցիներըՙ Հայաստանի

ԽՍՀՄ-ի վերջինՙ 1989 թ. մարդահամարի տվյալներով, Վրաստանում ադրբեջանցիների թվաքանակը կազմել է շուրջ կես միլիոն, ընդ որում ադրբեջանցիները հավաք բնակվել են եւ բնակվում են երկրի հարավ եւ հարավ-արեւելյան շրջաններումՙ Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանակից հատվածներում: Այսպես, մարդահամարի տվյալներով Մառնեուլի շրջանում ադրբեջանցի էր բնակչության 77 տոկոսը, Բոլնիսումՙ 66, Դմանիսումՙ 64, Գարդաբանումՙ 43, Սագարեջոյումՙ 26, Լագոդեխումՙ 18 տոկոսը: Վրաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով ադրբեջանցի բնակչության մի ստվար հատված արտագաղթել է երկրից, մնացողները շարունակում են ապրել անտանելի ծանր պայմաններում: Վերջին երեք ամիսներին Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում ստեղծված իրավիճակի մասին պաշտոնական Թբիլիսին խուսափում է քաղաքական գնահատականներ տալուց, Բաքուն մի տեսակ սպասողական կեցվածք է որդեգրելՙ ենթադրաբար սպասելով Շեւարդնաձե-Ալիեւ հանդիպմանը, որը նախատեսված է այս ամսվա վերջին Բաքվում, մինչդեռ ադրբեջանական թերթերը շարունակում են ահազանգել Վրաստանում բնակվող իրենց հայրենակիցների նկատմամբ տարվող խտրական քաղաքականության մասին: Խոսքը Վրաստանի ադրբեջանցիների եւ Վրաստանի իշխանությունների (տեղական) միջեւ ստեղծված լարվածության մասին է, որը ժամանակ առ ժամանակ վերածվում է բախումների: Այսպես, շուրջ երեք ամիս առաջ վրացի սահմանապահները վրաց-ադրբեջանական սահմանի «Կարմիր կամուրջ» կոչվող վայրում գնդակահարեցին Սադախլո գյուղի մի բնակչի, որին ի պատասխան վրաստանաբնակ ադրբեջանցիները հրկիզեցին վրացիների սահմանային տնակը: Տակավին վերջերս վրաց-ադրբեջանական բախումները շարունակվեցին Բոլնիսի Կելագիր գյուղում: Քանզի վրացական աղբյուրներն այդ մասին լռություն պահպանեցին, ստիպված ենք մեջբերումներ անել ադրբեջանական մամուլից: «Զերկալոն» գրում է. «Միայն բորբոքված ուղեղով մարդու գլխում կարող է ծագել հետեւյալ գործողությունըՙ Վրաստանի իրավապահ մարմինների մի ներկայացուցիչ էլեկտրական գայլիկոնով շաղափել է քաղաքացի Աբասովի ողնուղեղը: Վրացի «գեստապոյականները» քաղաքացի Ալիրզաեւին տանջելու այլ մեթոդ ընտրեցին, նրան ենթարկեցին կտտանքների, որոնք հաճախ կիրառվում էին միջնադարումՙ ոտքերի տակ դնելով շիկացած երկաթ: Ալիրզաեւի հայրը, չտանելով որդու անասելի տանջանքները, մահացավ սրտի կաթվածից: «Կարգուկանոն հաստատողների» գազանություններն ավարտվեցին քաղաքացի Մամեդովին սեքսուալ անպատվության ենթարկելով: Կելագիր գյուղի բնակիչները փակեցին ճանապարհը եւ պատանդ վերցրին Բոլնիսի շրջանի ոստիկանապետ Գոգա Մետրեւելունՙ նրանից պահանջելով արդարություն: Մետրեւելին պատասխանեց. «Սա դեռ սկիզբն է», խոստանալով ադրբեջանցիներին լիամետրաժ «ֆիլմը» ցուցադրել հետագայում:

Իրադարձությունները լուսաբանելիս թե որքանո՞վ են ադրբեջանական թերթերը անաչառ, միանշանակ դժվար է ասել, բայց որ Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում խառնակ ժամանակներ ենՙ ակնհայտ է: Բոլնիսի իրադարձություններից անմիջապես հետո Բաքվում Վրաստանի դեսպանատան առջեւ ցույց կազմակերպվեց. Վրաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիները պահանջեցին բացատրություն տալ կատարվածի համար եւ դադարեցնել իրենց հայրենակիցների նկատմամբ տարվող խտրական քաղաքականությունը:

Անհանգստությունը, միգուցե անվանենք ըմբոստություն, Բոլնիսից տեղափոխվել է մեկ այլՙ Գարդաբանի շրջան: Հուլիսի 17-ին տեղաբնակ ադրբեջանցիները փակել են Թբիլիսի-Բաքու երկաթգիծը եւ ավտոմայրուղին, տեղի իշխանություններից պահանջել բարելավել իրենց սոցիալական վիճակը: Վրաստանում գործող ադրբեջանցիների «Ղեյրաթ» ժողովրդական շարժման առաջնորդ Ալիբալա Ասքերովը ANS հեռուստաընկերությանը ասել է, թե Գարդաբանի շրջանի երեք գյուղերիՙ Ջանդարի, Նազարլիի, Ուլյանովսկի, բնակիչները պահանջում են էլեկտրասնուցում, գազամատակարարում եւ խմելու ջրի խնդրի լուծում: Կվեմո Քարթլիի նահանգապետ Վիլա Մամալաձեն հանդիպել է «խռովարարներին» եւ խոստացել բավարարել նրանց պահանջները, որից հետո միայն, վեցժամյա շրջափակումից հետո, բացվել են Թբիլիսի-Բաքու ավտոճանապարհը եւ երկաթգիծը:

Վրաստանաբնակ ադրբեջանցիներն ասում են, թե իրենց պահանջները քաղաքական չեն, սոցիալական են: Նրանք ցանկանում են գոնե կենցաղի այնպիսի պայմաններ, ինչպիսիք են ամբողջ Վրաստանում: Այլ կարծիքի են Թբիլիսիի իշխանությունները: Ստացվող սուղ տեղեկություններից կարելի է ենթադրել, որ Վրաստանի իշխանությունները հակված են ադրբեջանցիների ըմբոստությունը որակելու իբրեւ արտաքին ուժերի ձեռքի գործ: Դժվար չէ հասկանալ, որ արտաքին ուժեր ասելով Վրաստանը նկատի ունի Ռուսաստանը: Ադրբեջանի ազգայնական որոշ շրջանակներ եւս նշում են, թե վրաց-ադրբեջանական բախումների պատճառն արտաքին ուժերն են, այս դեպքում նկատի ունեն Հայաստանը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4