«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ԻՆՔՆԱՎԱՐԿԱԲԵԿՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Վրաստանի վերջին ներքաղաքական զարգացումները լուրջ հարված էին քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացին: Նախորդ շաբաթ տեղական մամուլը հեղեղված էր քաղաքական էլիտայի էթնիկ պատկանելության հարցերը քննարկող հրապարակումներով: Ազգայնականության այս նոր ալիքի հեղինակը Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ Ասլան Աբաշիձեն էր: Մեկ ամիս առաջ նա հայտարարեց, որ Վրաստանում իշխանության են ձգտում ոչ վրացիները (խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան): Ավելի ուշ այս հայտարարության ենթատեքստը զարգացնում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը, որտեղ շեշտվում է, որ խորհրդարանի նախագահ Զ. Ժվանիան, Ազգային դեմոկրատական կուսակցության նախագահ Ի. Սարիշվիլի-Ճանթուրիան ունեն հայկական արմատներ, իսկ արդարադատության նախարար Միխայիլ Սահակաշվիլին եւ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության նախագահ Գ. Տոպաձեն հրեաներ են: Զ. Ժվանիայի դեմ արշավը մեծ թափ ստացավ: Հատկանշական է, որ վերոհիշյալ գործընթացի ակտիվիստներն իրենց ակնհայտ ազգայնական գործելաոճը փորձում էին քողարկել Արեւմուտքի աչքերից: Որպեսզի կանխվի միջազգային կառույցների բացասական վերաբերմունքի ալիքը, համառորեն շրջանառվում էր ռուսական հատուկ ծառայությունների հետ Զ. Ժվանիայի համագործակցելու գաղափարը: Այս մեղադրանքի հեղինակըՙ Ի. Սարիշվիլին հայտարարում է, որ չնայած փաստաթղթերով հնարավոր չէ հաստատել, բայց ռուսական որոշակի շրջանակներ գործում են Ժվանիայի օգտին: Վերջիններս ժամանակին 1 մլն. դոլար են նվիրաբերել իշխող կուսակցության նախընտրական պայքարի համար: Այստեղ արձանագրենք, որ վերոհիշյալ հայտարարությամբ ռուսամետ կեցվածքի մեջ մեղադրվում է նաեւ Էդ. Շեւարդնաձեն: Նման արշավի հիմնական պատճառը առաջիկայում Ժվանիայիՙ Վրաստանի վարչապետ դառնալու հավանականությունն է:

Բացի քաղաքական կարճաժամկետ նպատակներից, վերոհիշյալ երեւույթն ունի նաեւ խոր, հիմնարար արմատներ:

Փաստորեն, հերթական անգամ ոտնահարվում է Վրաստանի պետական կառուցվածքի ֆեդերալ սկզբունքի գաղափարը, եւ առաջ են քաշվում ազգայնական կարգախոսներ: Շեւարդնաձեն գալով իշխանությանՙ կարողացավ ձերբազատվել Գամսախուրդիայի վարած ազգային քաղաքականությունից: Վերջինս մինչ իշխանության գալը առաջնորդվում էր ազգային ամբոխահաճությամբ, բայց իշխանության գալուց հետո միանգամից խորհրդարանով վերացրեց Հարավային Օսիայի ինքնավարությունը: Սկսվեցին միջէթնիկ ընդհարումները, որոնք շարունակվեցին նաեւ նրա հեռանալուց հետո: Գամսախուրդիայի այս քաղաքականությունը միջազգային դիտորդները որակեցին «Վրաստանը միայն (էթնիկ) վրացիներին» կարգախոսով առաջնորդվելու գործընթաց: Իր նախորդի սխալները փորձեց սրբագրել ներկայիս նախագահը: «Վրաստանի քաղաքացիների միության» ստեղծումը խորհրդանշեց Վրաստանում ազգային քաղաքականության նոր հայեցակարգը: Դրան հաջորդեց Էդ. Շեւարդնաձեի հայտարարությունը, որ ռեգիոնալականությունը եւ ասիմետրիկ ֆեդերալիզմը Վրաստանի պետական տարածքային կառուցվածքի լավագույն ձեւն է: Բազմազգ պետության համար սա զարգացման եւ բնականոն կենսագործունեության լավագույն տարբերակն է:

Բայց մինչ օրս պարզ չէՙ Վրաստանը քաղաքացիակա՞ն պետություն է ստեղծում, թե՞ ազգային: Դաշնային պետական կառուցվածքի ձեւավորմանն ուղղված միակ քայլն արվել է 1993-ին, երբ ստեղծվեց երկրամասային պատասխանատուների ինստիտուտը: Նրանք կոորդինացնում են էթնիկ-տարածքային սկզբունքներով բաժանված Վրաստանի տարածաշրջանները: Բայց այս դեպքում բացակայում էին ռեգիոնալ կառուցվածքի օրենսդրական հիմքերը: Այսինքն երկրամասային պատասխանատուների ինստիտուտը ոչ թե իշխանության ապակենտրոնացում է ենթադրում, այլ կենտրոնի կողմից տարածաշրջանները վերահսկելու լրացուցիչ լծակ է:

Ցավոք, ինչպես վերջին իրադարձությունները փաստեցին, ֆեդերալիզմի մասին հայտարարությունները դեկլարատիվ մակարդակից այն կողմ չէին անցնում: Գործնական քայլերում գերակայում էին տրամագծորեն հակառակ միտումները: Իրականում ընթանում էր ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական մոտեցման քաղաքականություն: Այլ կերպ հնարավոր չէր որակել այն միտումները, երբ 0,5% վրացի ազգաբնակչություն ունեցող շրջանի վարչական կառուցվածքի օղակում գլխավոր պաշտոններից մեկը զբաղեցնում է ազգությամբ վրացին, իսկ տվյալ շրջանային միավորումում 55% կազմող ոչ վրացական համայնքը կառավարման համակարգում 1% էլ չի ներկայացնում: Կուսակցական օրենսդրությունը նույնպես հակասում է ֆեդերալիզմի սկզբունքներին: 1997-ին ընդունված օրենքով արգելվում է տարածքային սկզբունքներով կուսակցությունների ձեւավորումը: Նման մթնոլորտում 1997-ին անցկացրած հարցումների արդյունքները պատահական չէին: Հարցվողների 66%-ը դեմ էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը:

Վերոշարադրյալը իդեալական հող էր ազգայնականության վերջին դրսեւորումների համար: Սա է Վրաստանի էթնիկ քաղաքականության իրական պատկերը: Ազգային խտրականության այս դրսեւորումը բնականաբար չի կարող խրախուսվել միջազգայինՙ հատկապես եվրոպական կառույցների կողմից: Եթե հավելենք, որ Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգը վերջիններիս լիարժեք անդամ դառնալն է, ապա գործընթացների պատկերը ամբողջական կլինի:

Թողնենք արտաքին քաղաքական շեշտադրումները:

Նման միտումների հարաճուն թափը կարող է կործանարար լինել էթնիկ հողի վրա սառեցված եւ պոտենցիալ հակամարտություններով հագեցած Վրաստանի պետականության համար: Եթե քաղաքականության մեջ կարճաժամկետ նպատակներ հետապնդող նման շեղումները կարող են ճակատագրական չլինել, ապա Վրաստանի պետության համար դրանք կարող են կործանարար լինել: Ըստ էության Էդ. Շեւարդնաձեն չի կարողանում կյանքի կոչել «Վրաստանում առաջնայինը քաղաքացիությունն է, այլ ոչ թե ազգային պատկանելությունը» կարգախոսը:

Դրան խոչընդոտում են ընդդիմադիր ուժերը, որոնք չկարողանալով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից արդյունավետ ելք առաջարկելՙ իրենց քաղաքական պայքարը տեղափոխել են ազգային հարթություն:

Հետաքրքիրն այն է, որ նման հայտարարություն է անում հենց Ա. Աբաշիձեն, որին հաջողվել է Աջարիայում ստեղծել ազգային հավասարակշռվածության իդեալական մոդել, որն ինչ-որ տեղ կարող էր հանդիսանալ նաեւ ապագա Վրաստանի նախատիպը:

Անդրադառնանք երեւույթի մեկ այլ կողմին: Գործընթացն այնքան է խորացել, որ սկսել են ազգային պատկանելության հողի վրա մեղադրանքներ ուղղել քաղաքական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Մ. Սահակաշվիլին հարմար առիթը բաց չի թողնում շեշտելու Ասլան Աբաշիձեի հոր Իբրահիմ անունը: Դրանով շեշտելով, որ հրեա կամ հայ նախնի ունենալուց վատ բան էլ կաՙ թուրքական կամ թաթարական արմատները: Մյուս կողմից պարզ չէ, թե ինչու է շահարկվում Ժվանիայիՙ հատկապես հայկական արմատներ ունենալու տարբերակը:

Հուլիսի 11-ին Թբիլիսիում, ժուռնալիստների տանը ասուլիս հրավիրեցին Ժվանիայի հոր ֆիզիկոս գործընկերները եւ հայտարարեցին, որ Ժվանիայի հայրըՙ Վիսարիոն Ժվանիան մաքուր վրացի է:

Այս խառնաշփոթը դիպուկ է որակել «Ախալի թաոբա» թերթի մեկնաբանը: Նա նշում է, որ «Վրաստանում չկա ժողովրդավարություն, այլապես ոչ Ժվանիան, ոչ էլ Սահակաշվիլին չէին նեղանա, որ իրենց հայ են անվանում»:

Միանշանակ կարելի է պնդել, որ Վրաստանում ընթանում է քաղաքական էլիտայի ինքնավարկաբեկման եւ վրաց ժողովրդի վարկաբեկման գործընթաց: Ինչ վերաբերում է էթնիկ փոքրամասնությունների խնդրին, գործընթացների զարգացման նման ուղղվածության դեպքում չի բացառվում այնպիսի օրենսդրական ակտի ընդունումը, որով կսահմանվի, թե Վրաստանում որ ազգության ներկայացուցչին ինչ պաշտոն է թույլատրվում զբաղեցնել: Սպասվում է, որ այդ օրենքը լինելու է բավականին ծավալուն, քանզի Վրաստանի ազգաբնակչության էթնիկ կազմը բազմաքանակ է: Այս ուղղությամբ աշխատելու դեպքում հնարավոր է նաեւ Վրաստանում նոր էթնոսի սահմանման հավանականությունը, որը, դատելով առկա բացահայտումներից, բավականին մեծ է լինելու:

ԱՐՏԱԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4