«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2001-07-17 | #133, 2001-07-18 | #134, 2001-07-19


ՆԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ ՎԻԵՆՈՒՄ

Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի ունեցավ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված երաժշտական շաբաթ, որն ավարտվեց Սեն Մորիս տաճարում տրված երգեհոնային համերգով: Հրավիրված երգեհոնահարը Նարինե Սիմոնյանն էր, որը փայլուն կատարեց Բախի, Մենդելսոնի, Գիլենի, Ֆրանկի, Գիգուի ստեղծագործությունները եւ հայկական պատարագների նմուշներ:

Երգեհոնային համերգները սակավադեպ են, երգեհոնահարներն էլ այնքան շատ չեն: Ֆրանսիայում հայտնի երգեհոնահարների թվում են Մարի-Քլեր Ալենը, Ժան Գիյուն, Լուի Ռոբիյարը, Նարինե Սիմոնյանը: Փարիզի Աստվածամոր տաճարում փետրվարին Նարինեն էր երգեհոն նվագում նախագահներ Ժակ Շիրակի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբՙ Հայաստանի պետական երգչախմբի տված համերգի ժամանակ:

Նարինե Սիմոնյանը ծնվել է 1961 թ. Գյումրիում: Դաշնամուր նվագել է 6 տարեկանից: Սովորել է Երեւանի կոնսերվատորիայում: 1986 թ. դաշնակահարների մրցույթում առաջին մրցանակ ստանալուց հետոՙ երգեհոն նվագել է սովորել Արթուր Ադամյանի դասարանում եւ 1989 թ. ստացել երգեհոնահարի առաջին մրցանակ: 1989-1991 թթ. Երեւանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարն էր: 1991 թ. կատարելագործվել է Ֆրանսիայում: 1993 թ. մրցույթում արժանացել է երգեհոնահարի առաջին մրցանակի, 1994 թ. Շվեյցարիայումՙ Մենդելսոն-Լիստ միջազգային մրցույթի մեծ մրցանակին, 1995 թ.ՙ Իլ դը Ֆրանսի առաջին մրցանակին: Նարինեի նվագացանկում ընդգրկված են դասական, ռոմանտիկ եւ ժամանակակից ստեղծագործություններ: Նա բազմաթիվ մենահամերգներ է տվել ԱՊՀ երկրներում, սկանդինավյան պետություններում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ամերիկայում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4