1994 թ.-ից ֆրանսիական Ժյունաս գյուղում (Նիմից ոչ հեռու) կազմակերպվում է ջազ-փառատոն, որին մասնակցում են եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչներ: Տարբեր մշակույթների ու ոճերի համատեղումը երաժշտական կյանքում նոր հորիզոններ է բացում: Այս տարի փառատոնի մասնակիցներին առաջարկվում է խորությամբ ծանոթանալ հայկական ջազին, որի ներկայացուցիչները ցրված են աշխարհի տարբեր կողմերում:
«2000 թ. հունիսին անցկացված Երեւանի ջազ-փառատոնի օրերին «Ջազ ա Ժյունաս» ընկերակցությունը բացահայտեց հայկական ջազի որակը», գրում է «Ֆրանս-Արմենի» հանդեսը: Կազմակերպիչները որոշեցին ֆրանսիական հանրությանը մոտիկից ծանոթացնել հայ երաժիշտների արվեստին: Կազմակերպիչներն ընդգծում են, որ այս տարվա փառատոնի համար իրենք Հայաստանն ընտրեցինՙ նախքան Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Այս տարվա փառատոնը հայ երաժիշտներին հնարավորություն կտա 3 երեկո շարունակ ներկայացնելու իրենց արվեստը: Կարեւորելով աշխարհասփյուռ հայ համայնքների փոխադարձ կապը, «Ֆրանս-Արմենի» հանդեսը ստանձնել է 2001 թ. փառատոնի հովանավորությունը: Երեք երեկոների ընթացքում համերգներից առաջ կկազմակերպվեն հանդիպումներ երաժիշտների հետ: Բացօթյա պայմաններում հանդիսականները հնարավորություն կունենան ունկնդրելու Տիգրան Համասյանին եւ Լեւան եղբայրներին, Լեւոն Մինասյան քառյակին, Տաթեւիկ քառյակին, ՀՅՈՒՄ եռյակին, Ժան-Մարկ Պադովանի հնգյակին, ինչպես նաեւ Արմինյն նեւի բենդ նվագախմբին:
Պ. Ք.