Մոսկվա, 1957 թվական:
Աշխարհի տարբեր երկրներից Խորհրդային Միության մայրաքաղաք էին ժամանել երիտասարդներՙ մասնակցելու Երիտասարդության եւ ուսանողության համաշխարհային փառատոնին: Ֆրանսահայ երիտասարդության պատվիրակության կազմում են դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը, դիրիժոր Օհան Դուրյանը, նկարիչ Ռիշար Ժերանյանը, կիթառահար Բյուզանդ Ֆնդիկյանը.
Փառատոնն ավարտվելուց հետո նրանք որոշում են գնացք նստել ու գալ Երեւան, տեսնել իրենց նախնիների երկիրը: Բայց ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով: ԿԳԲ-ից հարցում ու իրավունք չեն առել:
Փառք Աստծո, որ Ժերանյանը հանդիպում է ազնիվ բարեկամների, որոնցից մեկըՙ Գեորգի Դավիդովը, բացառիկ աջակցություն է ցույց տալիս նրան, եւ Ժերանյանը հեշտուհանգիստ վերադառնում է Փարիզ ու Հայաստանը չտեսած հայրենակիցներին Հայաստանի գովքն անում:
Այդ այցելությունը նրան դարձնում է իր երկրի հայրենասերը: Շուտով Հայաստանում են հայտնվում իր տիկինըՙ Ալիսը, եւ երեք դուստրերը, որոնք իրենց հանգիստն են անցկացնում հայրենի պիոներական ճամբարներում եւ իմացած միակ ֆրանսերեն լեզվին ավելացնում մայրենին:
Այս այցելությունները սոսկ զբոսաշրջիկի ծրագրեր չէին, որովհետեւ յուրաքանչյուր այցելությունից հետո Փարիզում կամ Լոնդոնում, Բեյրութում կամ Կարակասում բացվող ցուցահանդեսի մի անկյունում առանձին ներկայացվում են Հայաստանից քաղված բնապատկերներըՙ Դիլիջանի ձմեռները, Մարմաշենի, Տաթեւի վանքի երկնասլացները.
Զանգեզուր էլ նույն ճամփով է գնացել, քանի որ խորհրդային պայմաններում արտասահմանից եկած հայն իրավունք ուներ Հայաստանը տեսնել 60 կմ շառավղով միայնՙ Սեւան, Գառնի-Գեղարդ, Սարդարապատ, Ծաղկաձոր եւ նման մի քանի մոտիկ տեղեր:
Եվ Ժերանյանը նկարում էր Հայաստանը: Արեւապաշտպան թասակը գլխին, էտյուդնիկն ուսից կախ շրջում էր Հայաստան երկրում: Չէր հասկանում «չի կարելին», «չի կարելի» ասողներն էլ մեկ-մեկ չտեսնելու, չլսելու էին տալիս:
Ինչպե՜ս էր փափագում տեսնել Ղարաբաղը:
Հասնում էր մինչեւ Գորիսի շրջանի վերջինՙ դեպի Ղարաբաղ նայող Տեղ գյուղ, մի կարոտագին «ախ» քաշում ու ետ դառնում. արգելված է:
Եվ 1990 թ. Փարիզի Ֆոբուր Սենտ Օնորե ցուցահանդեսային փողոցի սրահներից մեկում, իր անհատական ցուցահանդեսում նա կախեց կարոտային ու դեռ չտեսած Ղարաբաղի մի չքնաղ բնապատկեր: Նույն թվականին նա սիրով արձագանքեց հայրենիքի կանչին, եկավ ու Ղրիմում մեկ ամիս աշխատեց Հովհաննես Այվազովսկու օրերի առիթով ու իր նկարած աշխատանքները նվիրեց Ղրիմի հայությանը:
Ժերանյանը շատ ցուցահանդեսներ է բացել Հայաստանումՙ Երեւանում, Լենինականում, Դիլիջանում: Ժերանյանի շատ գործեր են զարդարում Հայաստանի պատկերասրահներն ու մասնավոր հավաքածուները:
Ժերանյանը Հայաստանում ցանկալի հյուր է ամենուր, եւ հիմա էլ պատրաստվում է գալ Հայաստան, ապա մեկնել Լեռնային Ղարաբաղ: Դա ինձ հայտնեց մի քանի տարի առաջՙ Երեւան այցելած պահին, երբ նոր էր վերադարձել Գյումրիից: Լենինականի երկրաշարժին նվիրված հատուկ նկար է պատրաստել, ինչպես նաեւ աշխատանքներ նվիրելՙ երկրաշարժից տուժածներին օգնություն հասցնելու համար:
Սեբաստիայում ծնված, Ֆրանսիայում մեծացած, ֆրանսիական բանակում ֆաշիզմի դեմ կռված արվեստագետը բազում թելերով կապված է եղել հայրենիքի, հայ մտավորականների հետՙ բարեկամներ ունենալով Մինասին, Գրիգոր Խանջյանին, Վահան Հարությունյանին, Հմայակ Բդեյանին, շատերին մասնավոր հրավիրելով Փարիզ, հյուրասիրել է իր արվեստանոցում: Եվ շատերին էլՙ հայ, թե օտար, բերելով Հայաստան, ծանոթացրել է իր հայրենիքին.
Փարիզ:
Իտալական հրապարակ:
Ոչ շատ հեռու մի ծուռտիկ փողոց կաՙ Նիկոլա Ֆորտին, որի տներից մեկում էլ ապրում է նա:
Բախեք նրա տան դուռը, որը կբացի հյուրասեր տանտիրուհինՙ Ալիսը, եւ ձեր աչքի առջեւ կխոյանա «Արարատը Սաղմոսավանքից» գեղանկարըՙ մեկն այս հարկի տակ հայերեն շնչող շատ աշխատանքներից, հիշատակներից, հուշանվերներից:
- Ալիսը հիվանդ է, հենց լավացավ, գալիս ենքՙ մեկնելու Ղարաբաղ, Փարիզ-Երեւան լսափողում հնչեց Ժերանյանի փոքր-ինչ տխուր ձայնը: Ես պիտի տեսնեմ Ղարաբաղը.
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Արմենպրեսի թղթակից «Ազգի» համար