«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԻԼՅԱ ԿԼԵԲԱՆՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻԴԵԱԼԱԿԱՆԻՆ ՄՈՏ ԵՆ

ՌԴ փոխվարչապետը ժամանեց Երեւան

«Հայաստանի հետ քաղաքական փոխհարաբերությունները մենք գնահատում ենք իդեալականին մոտ, մյուս բոլոր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են»: Այս հայտարարությունը երեկ արեց Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովըՙ ժամանելով Երեւան երկօրյա աշխատանքային այցով: Նա գլխավորում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան մասը:

Փոխվարչապետի կարծիքով, «պետք է առաջ քաշել մեր տնտեսական կապերը»: «Դա մեր այցի գլխավոր մասն էՙ մեր տնտեսությունների ինտեգրումը, ռուսաստանյան ներդրումներն ու այն ամենը, ինչ դրա հետեւում է», հայտարարեց Իլյա Կլեբանովը: Նրա խոսքերովՙ «մեր տնտեսությունների իրական ինտեգրումն այն գլխավոր խնդիրն է, որ մենք պիտի լուծենք մոտակա ժամանակահատվածում:

Ինչպես հույս ունի ՌԴ փոխվարչապետը, տնտեսական համագործակցության հարցերը կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերին Հայաստան կատարելիք այցի գլխավոր խնդիրը: Մեր ժամանումն այդ այցի նախապատրաստման ավարտական փուլի սկիզբն է, հայտարարեց փոխվարչապետը:

Հայաստանում գտնվելու օրերին Իլյա Կլեբանովը կայցելի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ Երեւանի «Մարս» գործարան: «Ռուսաստանը ներդրումներ կանի այդ ձեռնարկություններում», հայտնեց փոխվարչապետը:

Ռուսաստանը ցանկություն ունի մասնակցել Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը, շարունակեց Իլյա Կլեբանովը: Գազամուղի կառուցմանը ՌԴ մասնակցելու հարցը կքննարկվի ՀՀ նախագահի ու վարչապետի, միջակառավարական հանձնաժողովի հայաստանյան գործընկերների հետ: Մենք գտնում ենք, որ այդ նախագիծը պետք է կյանքի կոչել մասնակից բոլոր երկրների ջանքերով, այդ թվում Ռուսաստանի մասնակցությամբ: Գազամուղի նախագիծը շատ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, վստահ է Իլյա Կլեբանովը:

Անդրադառնալով «Կովկաս» լաստանավային տրանսպորտային նավահանգստի ստեղծման գործընթացին, Իլյա Կլեբանովը հայտնեց, որ մի քանի օր հետո ՌԴ կառավարությունը հատուկ խորհրդակցություն է անցկացնելու հայաստանյան ու վրաց ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այդ հանդիպումն առանցքային է լինելու, դրանից պիտի սկսվի տրանսպորտային համակարգի ձեւավորումը, նշեց ՌԴ փոխվարչապետը: Խորհրդակցությունից հետո պարզ կդառնան ժամկետները, ներդրումները, ասաց պրն Կլեբանովը:

Երեւան ժամանելով, ՌԴ փոխվարչապետն ուղղաթիռով մեկնեց Քաջարան, ուր այցելեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից «Ազգի» համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4