«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Նախագահ Ռոբերտ Քոչարյան երեկ Ազգային ժողովի նախագահին եւ փոխնախագահներին, պատգամավորական խմբերի ու խմբակցությունների, մշտական հանձնաժողովների ղեկավարներին ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակը:

Նա ասել է, որ փաստաթղթի ամբողջական փաթեթը պաշտոնապես Ազգային ժողով կուղարկվի սեպտեմբեր ամսին, ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբին, իսկ մինչ այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն մանրամասն ծանոթանալու կատարված աշխատանքին: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, իրականացվել է հսկայածավալ աշխատանք: Ներկայացնելով փաստաթղթի ամբողջական փաթեթը, նախագահը նշել է, որ այն ներառում է Սահմանադրական նոր խմբագրությունը, նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ բացատրություններՙ ինչի հիման վրա եւ ինչ տրամաբանությամբ են կատարվել, փոփոխությունների համառոտագիրը, հանձնաժողովի աշխատանքի երեք տարվա պատմությունըՙ ինչից է սկսել եւ ինչ է արել: Փաթեթում ընդգրկված են նաեւ Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքի արձանագրությունները եւ վերջնական եզրակացությունը, սահմանադրական բարեփոխումների համար էական նշանակություն ունեցող միջազգային փաստաթղթերը, ինչպես նաեւ վերջին տասնհինգ տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրների սահմանադրությունների բարեփոխումների պատմությունն ու ավելի քան 147 երկրների սահմանադրություններըը:

Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանականներին առաջարկել է մանրակրկիտ ուսումնասիրել ներկայացված փաստաթուղթը: Նրա խոսքով, առանց աղմուկի ու պոպուլիզմի զուտ մասնագիտական հսկայածավալ աշխատանք է կատարվել, որն արժանի է լուրջ վերաբերմունքի: Հետագա պրակտիկ քայլերի առնչությամբ Հանրապետության նախագահն ասել է, որ մտադիր է Ազգային Ժողովի, քաղաքական ուժերի հետ աշխատանքը կանոնակարգելու համար նշանակել ներկայացուցիչ: Ընդգծելով քաղաքական ուժերի հետ հնարավորինս լայն կոնսենսուսի անհրաժեշտությունը, նա պատրաստակամություն է հայտնել լսել եւ քննարկել նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկությունները:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Սահմանադրության վերափոխման հետ կապված նախընտրական իր խոստումներն ամբողջությամբ արտացոլված են ներկայացված փաստաթղթի մեջ, եւ դրանք իր համար ոչ թե սոսկ նախընտրական խոստում են, այլՙ համոզմունք: Նա հույս է հայտնել, որ քաղաքական ուժերն, իսկապես, կառուցողական մոտեցում կցուցաբերեն եւ շահագրգիռ քննարկում կծավալեն: Ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականը կատարված աշխատանքին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն, իսկապես, երկրի կայունության ամրապնդմանն ուղղված կարեւոր քայլ է: Սահմանադրական փոփոխությունների փաթեթը հստակ ձեւակերպում է իշխանությունների տարանջատման եւ ճյուղերի միջեւ ճիշտ հավասարակշռության սկզբունքը, որակապես փոխված է մարդու իրավունքներին վերաբերող բաժինը:

Օգտվելով հանդիպման առիթից, հանրապետության նախագահը եւս մեկ անգամ անդրադարձել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծինՙ նշելով, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքն այն գործիքն է, առանց որի հնարավոր չէ բարեփոխել պետական կառավարման համակարգը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, օրենքն առաջին հերթին ենթադրում է հասկանալի եւ թափանցիկ կադրային քաղաքականություն, սահմանափակում է կամայականությունների հնարավորությունը եւ թույլ է տալիս ձեւավորել օբյեկտիվ սկզբունքների վրա հիմնված պետական կառավարման համակարգ:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4