Թուրքական «Օրթադողու» պարբերականը, որ հարում է «Գորշ գայլեր» կազմակերպությանը, հուլիսի 15-ի համարում գրում է, որ նախագահ Սեզերը հրաժարվել է ընդունել ֆրանսիական MEDEF ընկերության 70 հոգանոց գործարարների խմբինՙ իր քայլը պայմանավորելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը ֆրանսիացի գործարարների աջակցությամբ: Վարչապետ Էջեւիթը միայն 15 րոպե է զրուցել MEDEF ընկերության պատվիրակների հետ: Վերջիններիս խնդրանքինՙ բարելավել թուրք-ֆրանսիական հարաբերությունները, Էջեւիթը պատասխանել է. «Այդ դեպքում թող Ֆրանսիան հակահայկական կեցվածք որդեգրի Հայաստանի հանդեպ, որը ավերեց թուրք-ֆրանսիական հարաբերությունները»: Ըստ «Օրթադողու»-ի, Էջեւիթն ասել է. «Հայաստանը պետք է անմիջապես, առանց նախապայմանների ուժերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղից եւ տրամադրի լայն միջանցք, որով Ադրբեջանը կկապվի Նախիջեւանին»: