«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

«Լիբանանում գործում են արմատական հայացքներով հայկական երեք կազմակերպություններՙ «Դաշնակցություն», «Հնչակ», «Ռամկավար»: Մեզ հաջողվեց հանդիպել վերջին երկուսի առաջնորդներին: Նրանցից որեւէ նոր բան չլսեցինք, նույն երգն են երգումՙ Ղարաբաղը կամ պետք է անկախ լինի, կամ Հայաստանի կազմում», գրում է ադրբեջանական «Զերկալո» օրաթերթի թղթակիցը, որը չորս այլ ադրբեջանցի լրագրողների հետ մեկնել էր Բեյրութ եւ հանդիպել Լիբանանի նախագահին, վարչապետին, արտգործնախարարին, «Հզբոլլահի» առաջնորդին:

Թերթը լիբանանահայերի մասին գրում է. «Երբ Ադրբեջանում խոսում են Լիբանանի մասին, անմիջապես մարդու միտքն է գալիս հայկական անջատողականությունը: Այսպես, «ԱՍԱԼԱ» հայկական ահաբեկչական կազմակերպության դահիճները կռվել են Ղարաբաղում եւ «փառք» են ձեռք բերել որպես խաղաղ ադրբեջանցիների «գլուխկտրողներ». Բայց ամենաուշագրավն այն էր, որ Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներից, տարբեր հայկական կազմակերպությունների ղեկավարներից, խանութների հայ տերերից մեզ չհանդիպեց մեկը, որը չիմանար թուրքերեն»:

«Դեռ 1997 թ. լիբանանահայերը կարողացան խորհրդարանում ընդունել տալ «Հայկական ցեղասպանության» մասին փաստաթուղթ: Մենք այս առիթով հարց ուղղեցինք վարչապետ Հարիրիին, նա երկար մտածեց եւ ասաց, թե նման բան չի հիշում: Ապա զանգահարեց ինչ-որ մեկին, որպեսզի ճշտի: Երբ Հարիրիին տվեցին դրական պատասխան, վարչապետն ասաց հետեւյալը. «Դա միայն հայտարարություն է: Մենք օրենքներ չենք ընդունում, ինչպես Ֆրանսիայում է»: Իսկ երբ նրան հարցրեցինք, թե ինչո՞ւ Լիբանանը չի մասնակցում Իսլամական կոնֆերանս կազմակերպության այն քվեարկություններին, որոնցով հայերից պահանջվում է դուրս գալ ադրբեջանական գրավյալ տարածքներից, վարչապետը տվեց տարօրինակ պատասխան. «Դա Լիբանանի ոչ պաշտոնական տեսակետն է»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4