ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը զինդատախազության մի խումբ քննիչների ուղեկցությամբ երեկ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու եկան այն պահին, երբ 5 տարի առաջ մահապատժի դատապարտված զինծառայող Արթուր Մկրտչյանի մայրը բենզինը լցրեց ՀՀ նախագահի նստավայրի պատին եւ հրկիզման փորձ արեց: Նստավայրի առջեւ հավաքված էին նաեւ այն զինծառայողների հարազատները, որոնց որդիներին խոշտանգելու վերաբերյալ հարցը մեկ շաբաթ առաջ քննարկվեց մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում: «Մեկ շաբաթում հանձնաժողովը 50 դիմում է ստացել, որի գերակշռող մասը վերաբերում է զինդատախազությունում տեղի ունեցող բռնարարքներին», նիստը սկսելուն պես զեկուցվեց հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամներ Հայկ Ալումյանը, Ռուբեն Ռշտունին եւ Գրետա Միրզոյանը նախորդ նիստում ներկայացրել էին զինդատախազության վարույթում գտնվող երեք գործերՙ վկայելով դրանցով կատարվող խոշտանգումների ու շորթման մասին: ՀՀ նախագահի ուշադրությունն էր հրավիրվել կատարվածին: ՀՀ գլխավոր դատախազը հրապարակումների հիման վրա 7 հոգանոց հանձնաժողով է ստեղծել ՀՀ զինդատախազության վարույթում գտնվող քրեական գործերն ուսումնասիրելու համար, իսկ ՀՀ նախագահը հանձնաժողովին առաջարկել էր որոշում կայացնելուց առաջ լսել նաեւ զինդատախազին:
Գ. Ջհանգիրյանը ներկայացել էր հանձնաժողովին լռեցնելու ակնհայտ տրամադրվածությամբ, իր ելույթն սկսեց բարոյախրատական ճառով, խոսում էր հանձնաժողովի անդամներին զուգահեռ, ակնհայտ քամահրանքով, ծաղրելով նրանց իրավաբանական իմացությունըՙ դրանով իսկ փորձում կանխել իրեն ուղղված հարցերը: «Հ. Ալումյանն ու Ռ. Ռշտունին մեղադրողների հարազատների կողմից վարձվել են դատարանում նրանց շահերը պաշտպանելու համար, եւ ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ հանձնաժողովը միակողմանի լսելովՙ այսպիսի հետեւության է հանգել», նախահարձակ եղավ Գ. Ջհանգիրյանըՙ նպատակ ունենալով ընդգծել հանձնաժողովի հիշյալ երկու անդամների կանխակալ մոտեցումը: Հայտնեց, որ զինծառայող Միշա Հարությունյանի գործով դեպքը տեղի է ունեցել 1998 թ.: Ծանրացուցիչ հանգամանքներով կատարված սպանության մեջ մեղադրվող զինծառայողը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանի քննության ընթացքում, իր ցուցումի համաձայն, մեղադրողը միջնորդել է գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության: Այնուհետեւ քննվել է առաջին ատյանի դատարանում, եւ կրկին գործը վերադարձվել է լրացուցիչ նախաքննության: «Քննությունների արդյունքում մարմնական վնասվածքների փաստը հիմնավորվել է, սակայն հնարավոր չի եղել պարզել, թե ով երբ է պատճառել այդ վնասվածքը, գործի վարույթը կարճվել է», ասաց զինդատախազըՙ այդպիսով ընդունելով խոշտանգման փաստը: Չնայած «խոշտանգում» բառը չափազանց կոպիտ էր հնչում զինդատախազի ականջին, եւ հանձնաժողովին կոչ արեց բավարարվել «բռնարարքներ» որակելով: Գ. Ջհանգիրյանը հանձնաժողովի կողմից այս հարցի քննարկումը համարեց դատարանի վրա ճնշման գործադրում եւ անցավ աղմկահարույց մյուս գործին:
«Հոկտեմբերի 27»-ի եւ այլ իրադարձություններից հետո հայտնվեց Ռշտունին եւ.», այնուհետեւ փորձ արեց պատասխանելու Ռ. Ռշտունու ներկայացրած մեղադրանքներին, որոնք վերաբերում էին նրա պաշտպանյալ Գրիշա Գրիշյանին: Գ. Ջհանգիրյանի ասելովՙ Գ. Գրիշյանը ՊՆ համակարգում կատարած հափշտակություններից հետո, ազատվելով մեղադրյալի կարգավիճակից, շարունակում է դրսում կեղծ փաստաթղթեր ստեղծել, խաբեությամբ զբաղվել: Թե ինչու են այդքանից հետո կարճել նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, ասաց. «Քանի որ չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի ենՙ այդ գործը կարճվել է»: Իսկ թե ինչու են կրկին կասեցումից հանել, պատասխանեցՙ նոր ի հայտ եկած հանգամանքի ուժով, երբ երկու ամիս հետո ՀՀ-ում Իրանի դեսպանատնից ստացել են իրենց դիմումի պատասխանը: «Չգիտեմՙ ինչքան է պրն Ռշտունու հոնորարը, բայց, կարծում եմ, նա հիմքեր ունի անհանգստանալու, 150 հազար դոլարը վերադարձրել են Գրիշյանին», հայտնեց զինդատախազը, միաժամանակ ավելացրեց, որ այդ գործով առաջիկայում դատահաշվապահական փորձաքննություն են նշանակելու: Քանի որ ներկաները, միեւնույն է, ոչինչ չէին ընկալում զինդատախազի ներկայացրած միմյանց հակասող տվյալներից ու փաստաթղթերից, նա անցավ հանձնաժողովում քննարկված երրորդ գործին, որը ներկայացրել էր «Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը:
«Ո՞վ է ասում Սուրեն Գրիգորյանին չեն ծեծել, էդ զինվորական դատախազությո՞ւնն է ասում չեն ծեծել: Ծեծե՚լ են եւ մարմնական վնասվածքներ են պատճառել: Ծեծել են մի խումբ սպաներ, որոնք կալանավորվել են, եւ մեղադրանքներ են առաջադրվելՙ ութ հոգու, մինչեւ իսկ ուսումնական բրիգադի հրամանատարի տեղակալինՙ գնդապետի աստիճանով»: Զինդատախազը հայտնեց, որ նրանցից երեքի մեղադրանքը կարճվել է համաներման որոշումով, իսկ 5-ը կանգնել են դատարանի առջեւ: Զեկուցողները մեղադրանքներ էին ներկայացրել նաեւ ռազմական ոստիկանությանըՙ զինծառայողներին խոշտանգելու եւ անօրինականորեն նրանց ընդունիչ-բաշխիչ կայանում պահելու համար: ՌՈ պետ Վովա Գասպարյանը այդ հայտարարություններից վիրավորված ասաց. «Ես էն մարդը չեմ, որ Ջհանգիրյանն ինձ գրիՙ խոշտանգի, ես էլ խոշտանգեմ»: Ի դեպ, չարչրկված ընդունիչ-բաշխիչը, ըստ Ջհանգիրյանի, «ժամանակավոր զորամաս է»: Վ. Գասպարյանն ուղղեց նրանՙ «դա գրասեղան է»:
Գ. Ջհանգիրյանին հարցեր ուղղելու համար հանձնաժողովի անդամները հերթագրվեցին, հաջողվե՞ց նրանց հարցեր ուղղել զինդատախազին: Համենայն դեպս, հյուրերի հեռանալուց հետո հանձնաժողովի անդամներից ոմանք հայտարարեցին, թե ավելորդ է նրանց հրավիրելը: Արձանագրեցին, որ զինդատախազության ելույթները հաստատեցին խոշտանգումների փաստերը, քանի որ փոխադարձ մեղադրանքների մեջ դժվար է որոշել ճիշտն ու սխալը, ապավինեցին ՀՀ գլխ. դատախազության ձեւավորած հանձնաժողովի ուսումնասիրությանը եւ բավարարվեցին նրանով, որ մարդու իրավունքների հանձնաժողովը կատարել է իր հիմնական խնդիրըՙ բարձրացրել է խոշտանգումների հարցը: