ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր, ժամը 12-13-ի սահմաններում նռնակով զինված անհայտ մի քաղաքացի ներխուժել է մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարան եւ սպառնացել պայթեցնել: Այնուհետեւ փախել է եւ ոստիկանությունից թաքնվելու նպատակով մտել «Շենգավիթ» կայարան տանող թունելախորշ եւ, դուրս գալով թունելից բաց տարածք, նռնակը պայթեցրել մետրոյի գծերին հարող հողաշերտում: Զինված քաղաքացին ՆԳՆ աշխատակիցների կողմից ձերբակալվել է: Տուժածներ եւ վիրավորներ չկան: Մետրոպոլիտենն աշխատում է անխափան:
ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում հայտնեցին, որ ձերբակալվածը 1962 թ. ծնված, ներկայումս Երեւանում ապրող Վարուժան Տեր-Քյոխյանն է, ունի բարձրագույն կրթություն, զբաղմունքի մասին առայժմ տվյալներ չկան: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: