«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԿԱՊԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՈՒ ՓԱՐԻԶԻ

Կառավարությունն ամեն առիթով հայտարարում է, որ երկրում ներդրումային միջավայրի բարելավումը իր կարեւորագույն խնդիրն է: Դրա համար համաժողովներ են կազմակերպում նյույորքներում ու փարիզներում: Բայց ներդնողներին հրապուրելու գործը առաջին հերթին պետք է արվի երկրի ներսում: Այս օրերին ահա Հայաստանում տեղի է ունենում է մի գործընթաց, որը կարող է ի չիք դարձնել բոլոր այդ համաժողովներըՙ գումարած հանդիպումները ամեն տեսակի հեղինակավոր ներդնողների հետ:

Լրատվամիջոցներին հաղորդվել է հետեւյալը. Կապանում գտնվող «Կապանտրանս» ԲԲԸ մասնավոր ձեռնարկությունը որոշել է իր սարքավորումը (թե նրա մի մասը) վաճառել: Սարքավորումը կազմաքանդվել է եւ բեռնատարներով տեղափոխվել դեպի Վրաստան: ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն բողոքի ակցիա է կազմակերպել, մի քանի ժամով փակել Երեւան-Կապան միջպետական մայրուղին ու կասեցրել փոխադրումը: Գործողությունը հիմնավորվել է նրանով, որ Կապանը եւ Սյունիքը ունեն ասֆալտի մեծ կարիք:

Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է առանց կասկածի պնդել, որ ոչ մի Նյու Յորք կամ Փարիզ մեզ չի օգնի: Որքան էլ բարի լինեն Կապանի գործողությունների նախաձեռնողների նպատակները, պարզ է մի բան, նրանք խոչընդոտում են սեփականատիրոջը տնօրինելու իր ունեցվածքը: Գործարանի սեփականատերը պարտավոր չէ մտածել Կապանի ասֆալտի մասին, եթե նա հարմար է գտնում, կարող է այդ գործարանը քադել ու տեղում հիմնադրել լողավազան կամ տիեզերակայան: Ինչպես բողոքի ակցիայի ամեն մասնակից իրավունք ունի անարգել վաճառելու իր տունը կամ ավտոմեքենան:

Եվ ամենավատն այն է, որ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում, որ պահպանվի ազատ հասարակության ու տնտեսության հիմքերի հիմքըՙ սեփականության իրավունքը: Մարզպետը, համաձայն նույն աղբյուրների, ոչ միայն միջոց չի ձեռնարկել սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու համար, այլեւ ոստիկանների է կանգնեցրել գործարանի դարպասի մոտ, որ բեռնատարները դուրս չգան: Ու խնդիրը, չգիտես ինչու, երրորդ օրն է, ինչ քննարկվում է տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարարությունում: Ի՞նչ գործ ունի այս նախարարությունը: Եթե կա պետական մարմին, որ այստեղ անելիք ունի, դատախազությունն է:

Այնպես որ, հարգելի կառավարություն, գոնե նյույորքներ գնալուց հետո մի քիչ ուշադրություն դարձրեք մեր կապաններին: Ո՞ր ներդնողը կգա ու այստեղ փող կդնի, եթե պետությունը չի երաշխավորում, որ նա իր ունեցվածքի տերը կլինի:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4