Երեւանցի տղաները սիրում են համբուրվել, թեեւ «նրանցից» չեն
Վերջերս Հայաստան այցելած ամերիկացի ծանոթիս հետ շրջում էի Երեւանի փողոցներով. տարիներ ի վեր այս երկիր ոտք չդրած օտարերկրացուն ներկայացնում էի մայրաքաղաքը, որ նոր դեմք է ձեռք բերել: Երկար շրջելուց, քաղաքի ճարտարապետությունն ու մարդկանց ուսումնասիրելուց հետո հյուրս հանկարծ բացականչեց. «Որքան «երկնագույննե՜ր» կան այս քաղաքում...»: «Ինչից ենթադրեցիք» հարցիս պատասխանեց. «Բոլոր տղաները համբուրվում են»: «Ընդամենը ողջունելու ձեւ է: Հանդիպելիս ու հրաժեշտ տալիս համբուրվում են», որոշ չափով անակնկալի եկած պարզաբանեցի ես: Նա կարծես թե չհավատաց, որովհետեւ այդօրինակ համբույրների «իմաստը» չհասկացավ: Երեւի մտածեց. «Եթե համբուրվում են, ուրեմն մի պատճառ կա...»:
Ինչեւէ, մեր խոսակցությունն այդքանով ավարտվեց, սակայն տհաճ նստվածքը մնաց, եւ փողոցով քայլելիս սկսեցի ավելի ուշադիր նայել շուրջս: Իրոք, այն, ինչը մեզ համար արդեն սովորական է դարձել, ինչին այլեւս չենք արձագանքում, ամենեւին էլ բնականոնի սահմաններում չէ: Եվ այդ բնականոնի սահմանները տվյալ դեպքում բոլորովին էլ չեն որոշվում տղաներիՙ «երկնագույն» լինել-չլինելու հանգամանքով. պարզապես առիթ-անառիթ համբուրվելու սովորույթը, որ վերջին տարիներին դարձել է մեր տղաների «անբուժելի» հիվանդությունը, նախ եւ առաջ կողքի դիտողի համար է տհաճ: Էլ չխոսենք այն մասին, որ համբուրվելու «մոլուցքն» առհասարակ չի ճանաչում սահման ու տրամաբանություն. եթե նույն տղաներն օրվա ընթացքում տասն անգամ հանդիպում են, տասն անգամ էլ պարտադիր միմյանց այտ են համբուրումՙ հանդիպման սկզբում եւ ավարտին: Երեւի պարապությունից է: Կամ պարզապես ոճ է, «ախպերության» ոճը, որ իշխում է մեր հարաբերություններումՙ աշխատանքային կամ ընկերական, քաղաքական կամ անձնական: Փոխհարաբերությունների ոճը, տեսակն ու չափը չտարբերակելու հետեւանքով, ըստ էության, հայտնվել ենք այս վիճակում. պաշտոնները բաժանվում են «ախպերության» եւ ոչ թե մասնագիտական որակի չափանիշներից ելնելով, գործերն արվում են «ախպերականության» սկզբունքներին հիմնվելով: Սաՙ որպես ընդհանրացում:
Սակայն արմատներն, անշուշտ, խորն են. վերոհիշյալ կարգի բոլոր երեւույթների «անմեղ» սկիզբը հենց փողոցային համբույրներն են: Կարող են մատնանշել, թե աղջիկներն էլ են հանդիպելիս համբուրվում, բայց համեմատությունը տեղին չի լինի, քանի որ տղաների պարագայում «չլմփոցով» ողջույնի ու հրաժեշտի տեսարանը բոլորովին այլ կերպ է ընկալվում: Իսկ ընդհանրապես, արժեր խորությամբ վերլուծել. ինչպե՞ս է, որ բոլորս իրար դիմում ենք «ախպեր ջան» ու «քուր ջան»-ով, «մորքուր» ու «հորողբեր»-ով, իսկ գործնականում միմյանց թե՚ խաբում ենք, թե՚ դավաճանում, թե՚ հոգեպես (ոմանք նաեւՙ ֆիզիկապես) ոչնչացնում:
Հ. Գ.- Ի դեպ, երբ գործընկերոջս հարցին ի պատասխան տեղեկացրի, թե ինչի մասին եմ գրում, ձեռքը թափ տվեց. «Անիմաստ է: Այն տղերքը, որոնց մասին գրում ես, թերթ չեն կարդում...»: Իրավացի դիտողությունՙ մեր տղաների մի ստվար զանգվածը թերթ չի կարդում: Համբուրվում է...
Ա. ԴՈՎԼԱԹՅԱՆ