«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


«ՍՈՑԱՐՇԱՎԻՑ» ՄԻՆՉԵՎ «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ»

1921 թ. մայիսի 18-ին լույս տեսավ ՀՀ(բ)Կ Լոռու գավառային կոմիտեի եւ խորհուրդների գործադիր կոմիտեի օրգան «Կարմիր Լոռի» թերթը, որը գոյատեւել է մի քանի տարի (վերջերս Գյումրիի «Կումայրի» թերթը նշեց քաղաքային թերթի 80-ամյակըՙ հիմք ընդունելով «Կարմիր Շիրակ» համանման թերթի հիմնադրման օրըՙ 1921 թ. հունիսի 4-ը): Մեր տարածաշրջանում անընդհատ պարբերականությամբ լույս տեսած առաջին թերթը եղավ «Սոցարշավը», որի առաջին համարը լույս տեսավ 1931 թ. հունիսի 15-ին (ՀԿ(բ)Կ Կիրովականի շրջկոմի եւ աշխատավորների շրջսովետի օրգան): Առաջին խմբագիրը եղել է Օգսեն Սեմիրջյանը: Հետագայում թերթը խմբագրել են շուրջ 1,5 տասնյակ լրագրողներ: Տեւական ժամանակ թերթը խմբագրել են Հովսեփ Վանունին, Բորիս Բաղդասարյանը, Արծրուն Սարգսյանը եւ Սամվել Խալաթյանը: Արծր. Սարգսյանը, որն այժմ 79 տարեկան է, թերթը խմբագրել է շուրջ 30 տարի եւ «ամենաերկարակյաց» խմբագիրն է:

1952 թ.-ից թերթը լույս տեսավ «Կայծ» անվանմամբ, որպես Կիրովականի օկրուգային թերթ, իսկ 1990 թ.-իցՙ «Վերածնունդ»:

1996 թ.-ից, երբ հանրապետությունում կազմավորվել էին մարզերը, թերթը լույս տեսավ «Լոռու մարզ» անվամբ:

1998 թ.-ից թերթը խմբագրում է Մանվել Միկոյանը: Խմբագրությունում պահպանվում են թերթի անցած 70 տարվա բոլոր հավաքածուները: «Լոռու մարզն» այսօր տպագրվում է շաբաթը 2 անգամՙ տարածվելով ողջ տարածաշրջանում:

Թերթի 70-ամյակը նշելու համար կազմվել է հոբելյանական հանձնաժողովՙ մարզպետ Հենրիկ Քոչինյանի գլխավորությամբ: Հանդիսությունը տեղի կունենա օգոստոսին:

Մ. ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4