«Երեւանի պատգամավորների քաղաքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կառավարման նիստերի դահլիճում երեկ կազմակերպել էր կլոր սեղան «Երեւանի կարգավիճակի մասին» թեմայով: Ելույթ ունեցողները հանգամանորեն եւ կոնստրուկտիվ առաջարկներով իրենց կարծիքները հայտնեցին այս խնդրի առնչությամբ: Ընդ որում միակարծություն կար Երեւանի կարգավիճակի հարցում. Երեւանը պետք է ունենա մայրաքաղաքի կարգավիճակՙ օրենսդրորեն ամրագրված:
Քաղաքային բյուջեի անհրաժեշտության մասին խոսելովՙ ելույթ ունեցողները բյուջեի սնման հիմնական միջոցը համարեցին հարկերըՙ գտնելով, որ քաղաքը հարկեր սահմանելու եւ գանձելու լիազորություն պետք է ունենա: Արդեն իսկ բյուջեի առկայությամբ պարտադիր է ներկայացուցչական մարմնիՙ քաղաքային խորհրդի ընտրովիությունը: Միանշանակորեն հաստատուն կարծիք չկար քաղաքապետի նշանակովի կամ ընտրովի լինելու հարցում:
Իբրեւ քաղաքային համայնքՙ բացառիկ առանձնահատկություններով Երեւանը խիստ ծանրաբեռ եւ անտրոհելի մի ամբողջություն է, իր կոմունիկացիաներով, ջեռուցման ու ջրամատակարարման համակարգերով, տրանսպորտային ցանցով: Մեխանիկորեն ձեւավորված Երեւան քաղաքի արհեստական մեծացումը կատարվել է ի հաշիվ հանրապետության. մայրաքաղաքում է կուտակված բնակչության 1/3-ը, գիտատեխնիկական, առեւտրաարդյունաբերական պոտենցիալի 80 տոկոսը, մշակութային պոտենցիալի 100 տոկոսը: Ելույթ ունեցողները համոզված էին, որ քաղաքի այսօրվա դժվարին կացությունը շտկելու համար պետք է ապակենտրոնացնել մեխանիկական այս բեռը: Երեւանն արագորեն կորցնում է իր ուրույն դեմքըՙ վերածվելով խառնիճաղանջ բնակավայրի: Ուստի եւ արվարձանային որոշ հատվածներ, որոնք Երեւանի հետ ունեն զուտ մեխանիկական կապ, համարվեցին անհարիր մայրաքաղաքային կյանքին, կենսակերպին ու մշակույթին:
Կլոր սեղանի մասնակիցների ելույթներում հնչած առաջարկներից կազմված փաստաթուղթը միջոցառման կազմակերպիչները կներկայացնեն Ազգային ժողով:
Մ. Բ.