«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԲԱՑ ԽՈՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼՈՒԾՎԵՆ

1700-ամյակի տոնակատարությունների նախաշեմին, դեռեւս անցյալ տարի, երբ ընդամենը ծրագրեր էին մշակվում հոբելյանական տարեդարձի կապակցությամբ, Մայր աթոռ Սբ. Էջմիածնում միտք հղացան վերոհիշյալ տարածքի հարեւանությամբ բաց խորան կառուցելու: Եկեղեցիների մատույցներում բաց խորան ունենալու գաղափարը նոր չէ եւ անցյալում այդօրինակ խորանների մի շարք նախադեպեր կան: Այս խորանները կառուցում էին տարբեր նպատակներով, օրինակՙ զորքին հերթական ռազմարշավից առաջ օծելու եւ օրհնելու, հրապարակային ու մեծ բազմության առկայությունն ակնկալող արարողություններ անցկացնելու, նույնիսկ անհրաժեշտության դեպքում նորընտիր կաթողիկոսի օծումն ի տես հանրության իրականացնելու համար: Այցելելով Մայր աթոռՙ համոզվեցինք, որ խորանի կառուցման շինարարական աշխատանքների հիմնական մասն արդեն կատարված է: Հիշեցնենք, որ Սբ. Էջմիածնի բաց խորանի հիմնօրհնեքի արարողությունը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, կատարվել է 2000-ի դեկտեմբերին: Խորանի օծված հիմնաքարերի վրա, ըստ ճարտարապետական մտահղացման, բարձրանալու են 4 ավետարանիչների անունը կրող սյուները, իսկ խորանի հարեւանությամբ կառուցվում է նաեւ Մայր աթոռի նոր, գլխավոր մուտքըՙ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի ու Ռոմեն Ջուլհակյանի նախագծմամբ: Շինության հովանավորությունը ստանձնել են բարերար Լուիզ Սիմոն -Մանուկյանը եւ մոսկվաբնակ գործարար Սենիկ Գեւորգյանը:

Բաց խորանին առնչվող այլ տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք Մայր-աթոռի վարչատնտեսական հարցերի պատասխանատու Փառեն եպս. Ավետիքյանին եւ Մայր աթոռի գլխավոր ճարտարապետ Ռուբեն Ազատյանին: Նրանք հաստատեցին, որ խորանը բացվելու է առաջիկա սեպտեմբերինՙ մյուռոնօրհնեքի արարողությամբ: Բաց խորան ունենալու անհրաժեշտությունը բացատրեցին այն հանգամանքով, որ Մայր տաճարի ներսի տարածքը բավականին նեղ է, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում եկեղեցական բազմամարդ արարողությունների ժամանակ: Բաց խորանը հնարավորություն կընձեռի բոլոր հավատացյալներին անմիջականորեն մասնակցելու եկեղեցական կարեւորագույն արարողություններին:

ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4