«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ՎԱՐՁԱՏՐԵԼԻՍ ՀԱՇՎԻ ԵՆ ԱՌՆՈՒՄ ՈՉ ԹԵ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԱՅԼ... ԲՆԱԿԱՎԱՅՐԸ

Վերջին տարիներին իշխանության օղակներից ժողովրդին պարտադրված գավառական մտածողությունն արդեն արմատակալել է: Հանրապետությունում սկսել են ակնառու դառնալ երեւանցի, գյումրեցի, զանգեզուրցի, իջեւանցի եւ այլ տարբերակումները: Այն, ինչ ժողովրդի մեջ կա ֆոլկլորի եւ ընդամենն անմեղ անեկդոտների մակարդակով, վերին օղակներում քաղաքականություն է դարձել: Երեւույթն ակնառու է դարձել բանակում, որտեղ խմբավորումներ են ստեղծվումՙ երեւանցիներ, վանաձորցիներ, գյումրեցիներ եւ այլն: Մինչդեռ խորհրդային բանակի «դեդովշչինայի» տարիներին նույն զորամասում ծառայող բոլոր հայերը համախմբվում էին մյուսների ճնշումներից պաշտպանվելու համար: Հիմա էլ սկսել են նույն աշխատանքի դիմաց Հայաստանի բնակավայրերում տարբերակված վարձատրելՙ Վանաձորում այլ է, Երեւանումՙ այլ, Վայոց ձորումՙ այլ: Որքան էլ մեզ համար ստորացուցիչ է, Հայաստանը էժան աշխատուժի երկիր է, եւ արտասահմանցի գործատուները չնչին աշխատավարձ են տալիս, չնայած աշխատողներից պահանջում են ավելին, քան կպահանջեին իրենց երկրների քաղաքացիներից: Սակայն որքանո՞վ է բարոյական հայ գործարարի նման վերաբերմունքը, դեռ մի բան էլ ավելիՙ վարձատրությունը ըստ բնակավայրերի: Փաստորեն վճարելիս հաշվի են առնում ոչ թե աշխատանքը, այլ թե ինչ նվազագույն ծախսերով կարելի է ապրել այդ բնակավայր: Ասում ենՙ բիզնեսում ազգությունը կարեւոր չէ (սակայն իրականում դա այնքան էլ ճիշտ չէ), իսկ բարոյականությունը մի՞թե կարեւոր չէ: Վերոհիշյալ վերաբերմունքը եւս նպաստում է արտագաղթին, իսկ լավագույն դեպքումՙ բնակչության տեղաշարժին դեպի Երեւան: Վերջինս թեկուզ միայն ռազմավարական առումով, երբ հանրապետության բնակչության մեծ մասը կենտրոնանում է Երեւանում կամ Արարատյան դաշտավայրում, չափազանց վտանգավոր է: Էլ չենք խոսում այն մասին, որ սահմանամերձ շրջանները ուժեղացնելու համար որքան կարեւոր է այնտեղ բարձր վարձատրվող աշխատատեղեր բացելը: Այն հայ գործարարները, ովքեր իսկապես սրտացավ են եւ սիրում են իրենց հայրենիքը (սրանք մեծ-մեծ խոսքեր չեն), պետք է վճարեն հավասարապես, նկատի առնելով ոչ թե բնակավայրը, այլ աշխատանքը, դրանով նաեւ արտասահմանցիների սանձը քաշելով եւ ստիպելով վերանայել վարձատրությունների չափը: Մարդկանց նման ձեւով շահագործելը, միայն շահույթի մասին մտածելը եւ հպարտորեն ասելը, թե Հայաստանում աշխատատեղ են բացել, մեղմ ասած, բարոյական չէ:

Պատմությունը մեզ հուշում է, որ օտար երկրներում բիզնեսով զբաղվողներից շատերը, ի վերջո, դատապարտվել են անհաջողության կամ սնանկացման, քանզի մրցակցության արդյունքում հաղթում է ազգային կապիտալը: Այնպես որ, հենց գործարարների շահերից է բխում Հայաստանում գործարարությամբ զբաղվելը եւ հայ աշխատուժին հարգալից վերաբերվելը:

Ա. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4