Ասում է Եվրաբանկի հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսանդր Վիտտեն
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD-ի) հայաստանյան ներկայացուցչությունը բացվել է 1998 թ.-ի հուլիսին: Մինչ այժմ բանկը Հայաստանում իրականացրել է 141, 5 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Դրանց մի մասը համարվել է հաջող եւ այժմ էլ շարունակվում է, իսկ մի քանիսըՙ անհաջող: Կան նույնիսկ կասեցված ծրագրեր: Ի տարբերություն այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես Համաշխարհային բանկի ու Միջազգային արժութային հիմնադրամի, Եվրաբանկը զուտ կոմերցիոն բանկ է: Նրա ներկայությունն ու այս կամ այն ծրագրի համաֆինանսավորումը որեւէ երկրում նշանակում է, որ այդ երկիրը ունի որոշակի հաջողություններ, վճարունակ է եւ ունի ներդրումների համար նպաստավոր պայմաններ, մթնոլորտ: ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի մյուս անցումային երկրների հետ համեմատած Հայաստանում Եվրաբանկի ներդրումները շատ փոքր տեսակարար կշիռ ունեն: Ընդհանրապես, գնահատելով բանկի ծրագրերի արդյունավետությունը Հայաստանում, արժեր նշել, որ այս բանկի ներկայությունը Հայաստանում իր ներուժին համարժեք չէ: Այս կարծիքին «Ազգին» տված հարցազրույցում համամիտ էր նաեւ EBRD-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Վիտտեն: Ինչո՞ւ է այդպես եւ ինչպիսի՞ն է լինելու բանկի հետագա գործունեությունը Հայաստանում:
- Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան ներկայացուցչությունը գտնվում է Բաղրամյան պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ: Ես ամեն առավոտ հանդիպում եմ մոտ 50 մետրանոց մարդկային հերթին, այն պոտենցիալ արտագաղթողներին, որոնց մասին լսել էի մինչեւ Հայաստան գալս: Բանկի ամենամեծ նպատակը պետք է լինի օգնել Հայաստանին անցումային շրջանումՙ բարելավելու ժողովրդի վիճակը: Այնպես անել, որ դեսպանատների առջեւ հերթեր չլինեն, եւ մարդիկ չգնան այստեղից: Իսկ որպեսզի Հայաստանում հայաստանցին հեռանկարներ տեսնի, պետք է առաջին հերթին զարգացնել տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր: Ես համոզվել եմ, որ այստեղ մարդիկ կրթված են ու աշխատասեր, եւ կան շատ ոլորտներ, որոնք ունեն զարգացման մեծ հեռանկարներ: Բանկի գործունեությունը ուղղորդվելու է այդ ոլորտներում աշխատանքը ակտիվացնելուն:
- Պրն Վիտտե, այն ժամանակ, երբ բանկը հիմնում էր իր ներկայացուցչությունը Հայաստանում, հայտարարվում էր, որ 1998-99 թ.-ին կրկնապատկելու է իր գործունեությունը, ընդգրկվելու է ոչ միայն վարկային, այլեւ ներդրումային ծրագրերում: Սակայն 2-3 տարին ցույց տվեց, որ բանկը պասսիվ դիրքեր է գրավել այստեղ: Կարո՞ղ ենք ասել, որ այսուհետեւ ակտվությունն ավելի էական կլինի:
-Այո: Այս երեք շաբաթվա ընթացքում, որը շատ ծանրաբեռնված էր ինձ համար, հասցրել եմ բազմաթիվ հանդիպումներ ունենալ ինչպես մասնավոր սեկտորի հետ, այնպես էլ տարբեր ենթակառույցներում: Մենք ուզում ենք մեր ուժերը ուղղորդել մի քանի ուղղություններով: Բանկի նպատակն է առաջին հերթին օժանդակել մասնավոր տնտեսությանը, ներառյալ փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: Հատկապես այն ձեռնարկությունների հետ պետք է աշխատել, որոնք սկսել են զրոյից: Արդեն իսկ հանդիպումներ եմ ունեցել մոտ 40 տարբեր ոլորտների ձեռնարկությունների ղեկավարների հետ, քննարկվել են հնարավոր վարկավորման ու ներդրումային ծրագրերը: Կան շատ հետաքրքիր ճյուղեր ու ձեռնարկություններ, որոնց հետ մենք պատրաստվում ենք աշխատել: Բանկն ունի համեմատաբար լավ պայմաններով երկարաժամկետ (ասենք 5 տարի ժամկետով, ինչը Հայաստանի համար շատ լավ է) վարկային միջոցներ, եւ պետք է մտածել դրանք առավելագույնս արդյունավետ բաշխելու մասին: Երկրորդՙ պետք է շարունակենք համագործակցությունը հայաստանյան բանկերի հետ: Բանկը մինչ այժմ օգնել է հայաստանյան բանկերից մեկինՙ «Հայներարտբանկին», դուրս գալու արտաքին շուկաներՙ երաշխավորելով նրա ակրեդիտիվներն ու վճարունակությունը, շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքը: Մեկ այլ բանկիՙ «Հայէկոնոմբանկի» միջոցով Եվրաբանկը սկսել է փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագիրը, ինչը պետք է շարունակվիՙ ներառելով նաեւ այլ հայաստանյան բանկեր: Արդեն իսկ այդ նպատակով հանդիպել եմ այստեղի գրեթե բոլոր բանկերի ներկայացուցիչների հետ:
- Ի՞նչ կասեք այստեղի բանկային տոկոսադրույքների մասին, որոնցից, ի դեպ, տեղական ձեռնարկությունները շատ դժգոհ են:
- Եթե նկատի ունենանք այն իրավիճակը, որ կար մոտ մեկ տարի առաջ եւ հիմա, հույս կա, որ վիճակը կնորմալանա: Ինչ վերաբերում է մեր բանկի տոկոսադրույքներինՙ LIBOR կամ LIBOR, դրանք լիովին նորմալ են: Բանկի տոկոսները կախված են երկրից ու նրա ռիսկային նկարագրից: EBRD-ի տոկոսները շուկայական են, սակայն բանկը հաճախ գնում է այնպիսի քայլերի, որոնց չէր գնա որեւէ արեւմտյան առեւտրային բանկ: Սովորաբար ասում ենՙ այնտեղ, որտեղ սկսվում է EBRD-ի գործունեությունը, վերջանում է որեւէ արեւմտյան կոմերցիոն բանկի գործունեությունը:
- Ի՞նչ ընթացքում է EBRD-ի կողմից Արմենտելի բաժնետոմսերի 20 տոկոսի ձեռքբերման հարցը, որի դիմաց, ինչպես հայտնի է, բանկը ընկերության մենաշնորհի հետ կապված հարց էր առաջադրել: Հայտնի է նաեւ, որ 2000 թ.-ի դեկտեմբերին բանկը ստորագրեց ուղղակի վաճառքի պայմանագիրՙ ՀՀ կառավարությունից գնելու էներգաբաշխիչ ցանցերից յուրաքանչյուրի բաժնետոմսերի մինչեւ 19,9 տոկոսը, առավելագույնը 21,5 մլն եվրո ներդնելու պայմանով: Ըստ այդմ կկարողանա բաժնետոմսեր գնել անմիջապես մասնավորեցման ժամանակ:
- ԲԷՑ-երի մասնավորեցման մասնակցության հարցը ուժի մեջ է: Բանկի կողմից բաժնետոմսերի գնման նախապայմաններ են մրցույթի թափանցիկ գործընթացը եւ բանկի համար ընդունելի ռազմավարական ներդնողների ընտրությունը: Հուսով ենք, մինչեւ տարեվերջ այդ հարցը կլուծվի: Ինչ վերաբերում է Արմենտելին, այնտեղ փոխվել է ղեկավարությունը, նոր գլխավոր տնօրեն է նշանակվել, որի հետ շուտով պետք է հանդիպենք ու վերսկսենք երկխոսությունը:
- Բանկի մինչ այժմ իրականացրած երեք խոշոր ծրագրերՙ գյուղատնտեսական մեծածախ շուկայի, «Զվարթնոցի» բեռնահամալիրի եւ Հրազդանի ՊՇԷԿ-ի ֆինանսավորումը, ամբողջությամբ կամ մասամբ ձախողված ծրագրեր են համարվում: Հաճախ, ելնելով դրանից, կատակում են, թե EBRD-ի ծրագրերը Հայաստանում անիծված են: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ ծրագրերը:
-Մենք նույնպես դժգոհ ենք անցյալի աշխատանքից եւ համարում ենք, որ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է եւ հակառակը: Այո, եղել են եւ չհաջողված ծրագրեր, բայց եղել են նաեւ հաջողվածներ: Օրինակ, Երեւանի կոնյակի գործարանի վարկավորման 20 մլն դոլարի ծրագիրը, որը տվեց իր հաջող արդյունքները: Ինչ վերաբերում է «անհաջող ծրագրերին», անդրադառնամ առանձին. երբ գյուղատնտեսական մեծածախ շուկայի կառուցման ծրագիրը հաստատվեց, այն ժամանակ դա արդարացված էր եւ իմաստ ուներ: Բայց երբ ծրագիրն արդեն պատրաստ էր, շուկայի ստեղծման անհրաժեշտությունն արդեն չկար: Հայաստանում շուկայական մեխանիզմներն աշխատում են առանց դրա, եւ յուրաքանչյուր ոք կարող է մատչելի գներով ձեռք բերել բանջարեղեն, մրգեր:
Հրազդանի ՊՇԷԿ-ը ծայրահեղ վատ վիճակում է: Այստեղ եւս առաջին քայլը տեսնում ենք սեփականաշնորհման մեջ: Մենք ակտիվացնելու ենք աշխատանքը ներդնողների հետ որպես շահագրգիռ կողմ, որը ոչ միայն միջոցներ է տրամադրում: Եթե ներդրումները հիմնավորված լինեն, բանկը կնայի նաեւ դրանում մասնակցության հնարավորությանը: Նույնըՙ բեռնահամալիրը: Ե՜վ բանկը, ե՜ւ ՀՀ կառավարությունը այժմ կենտրոնացած են այդ խնդրի վրա: Կան խնդրի լուծման մի քանի տարբերակներ: Մենք կարծում ենք, որ համալիրի մասնավորեցումը կլինի ամենաարդյունավետ քայլը: Կան մի քանի տարբերակներ եւ հիմա աշխատանքներ են տարվում: Երբ բեռնահամալիրը նախագծվում էր, բեռնաշրջանառությունը Հայաստանում հասնում էր տարեկան 120-140 հազ. տոննայի, մենք մեր հաշվարկներն արել էինք 40 հազ. տոննայի շրջանակներում, ինչը նշանակում էր2/3-ով պակասեցնել ռիսկը: Դա որեւէ առեւտրային բանկի համար ծայրահեղ կոնսերվատիվ է: Այսօր բեռնաշրջանառությունը 12 հազ. տոննա է: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ բեռնաշրջանառությունը մի քանի տարում 200 տոկոսով կընկնի, բայց ընկավ... Այնուամենայնիվ, բեռնահամալիրը կառուցվել է, կա եւ միշտ չի լինի այսպիսի իրավիճակ եւ միշտ չի լինի տարեկան 12 հազ. տոննայի բեռնաշրջանառություն: Ես չեմ կարծում, որ Հայաստանի տնտեսական իրավիճակը միշտ այսպիսին կլինի: Մի քանի տարի հետո մենք կտեսնենք բոլորովին ուրիշ բեռնաշրջանառության ծավալներ:
- Ի՞նչն է Ձեզ հիմք տալիս նման լավատեսության:
- Որովհետեւ ՀՀ տնտեսությունն աճում է: ՀՆԱ-ն աճում է: Ես հանդիպել եմ բազմաթիվ ձեռնարկությունների ղեկավարների հետ, որոնք խոսում են միայն արտահանման մասին եւ օդով արտահանման մասին: Եվ ընդհանրապես, այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, ես այդ ամբողջը տեսել եմ Արեւելյան Եվրոպայումՙ 12 տարի աշխատելով այդ շուկաներում: Շատերն են հաղթահարել անցումային դժվարությունները, համոզված եմ, Հայաստանը եւս կհաղթահարի:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ