«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆ ԲԱՔՐԻ ՌՈՒՇԴԻ ԱԼ ԱՄԱՐԻԻ ՀԵՏ

- Պարոն դեսպան, որո՞նք էին հուլիսի 23-ի հեղափոխության նվաճումները Եգիպտոսում եւ տարածաշրջանում:

- Հեղափոխությունը տեղի ունեցավ 49 տարի առաջՙ ղեկավարությամբ Կամալ Աբդ ալ Նասերի եւ «Ազատ սպաների», երբ ապակայունությունը տարածվել էր երկրում: Այդ հեղափոխությանը նեցուկ կանգնեց ժողովուրդը:

Հեղափոխության առաջին նվաճումն էր երկրի ազատագրումը գաղութատիրական իշխանությունից, ապաՙ սոցիալական արդարության հաստատումը, հզոր բանակը: Միաժամանակ վերջ տրվեց ոչ հայրենասիրական կապիտալիզմին, «դեմոկրատիային», ֆեոդալիզմին: Հողը վերադարձվեց իսկական տերերին:

Հեղափոխությունն ուսումը ձրի դարձրեց: Գլխավոր նվաճումներից էր նաեւ հեղափոխության առաջնորդ Նասերի որոշումըՙ ազգայնացնել Սուեզի ջրանցքը 1956-ին եւ Ասուանի ջրամբարտակի կառուցումը, որը երկիրը փրկեց ողողումներից ու երաշտիցՙ խմելու եւ ոռոգման ջրի, էլեկտրականության մատակարարմամբ Հարավային Եգիպտոսի ազգաբնակչությանը: Միաժամանակ, Սուեզի ջրանցքի եկամուտները սկսեցին պատկանել երկրին եւ ոչ թե լցնել գաղութատիրական շրջանակների գրպանները:

Եգիպտական հեղափոխությունը պատճառ դարձավ աֆրիկյան եւ արաբական երկրների ազատագրմանը, անկախությանը: Եգիպտոսը նրանց երեց եղբայրն էր իրենց ազգային-ազատագրական պայքարում: Հեղափոխության առաջնորդ Նասերը ոչ հանձնառու երկրների շարժման հիմնադիրներից էրՙ Հնդկաստանի ղեկավար Ներուի եւ Հարավսլավիայի ղեկավար Տիտոյի հետ:

Արդեն իսկ կես դար է անցել հուլիսի 23-ի հեղափոխության հաղթանակից, արդյունքներն ու նվաճումները հայտնի են այսօր բոլոր բնագավառներում:

- Ինչպիսի՞ն են հայ-եգիպտական հարաբերություններն այսօր եւ որո՞նք են ծրագրերն ու գալիք իրադարձություններն այդ հարաբերությունների զարգացման ճանապարհին:

- Մեր երկրների եւ ժողովուրդների պատմական, բարեկամական ջերմ հարաբերություններն առավել ամրապնդվեցին Հայաստանի անկախությունից հետո, երբ Եգիպտոսն առաջին երկրներից մեկը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունըՙ այստեղ հիմնելով դեսպանություն, առաքելով դեսպանության մակարդակով աշխատակազմ: Ստորագրվեցին մի շարք առեւտրական, տնտեսական, մշակութային համաձայնագրեր: Մշակութային պատվիրակությունների փոխադարձ այցելություններ եղան: Գործադրվեց մշակութային համագործակցության ծրագիրը երկու բարեկամ երկրների միջեւ 2001-2002 թթ.-ի համար եւ ոչ միայն մշակութային բնագավառում:

Քաղաքական բնագավառում հիանալի հարաբերություններ են երկու երկրների միջեւ, որոնք համագործակցում են միջազգային ատյաններում: Եգիպտական ԱՊՀ երկրների զարգացման հիմնադրամը համագործակցության կարեւոր բնագավառ է եւ բազմաթիվ կրթաթոշակներ է տրամադրում հայ թեկնածուներինՙ մասնագիտանալու գյուղատնտեսության, քաղաքագիտության, դիվանագիտության, ժուռնալիստիկայի եւ այլ բնագավառներում: Այս հիմնադրամն օգնում է ԱՊՀ բոլոր երկրներին եւ մասնավորապես հատուկ դասընթացներ շնորհում հայկական կողմինՙ որպես բարեկամության ամրապնդման երաշխիք: Այդ կրթաթոշակների թիվը 350-ի է հասել արդեն, որը ցույց է տալիս եգիպտական կողմի հետաքրքրությունը հայկական կողմի նկատմամբ:

Դժբախտաբար, անհատական եւ տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ նույն մակարդակի վրա չեն, ինչ որ մնացյալ բնագավառներում: Գլխավոր պատճառը օդային, ցամաքային, ծովային ուղիղ փոխադրակապերի բացակայությունն է: Առեւտրական փոխանակման ծավալը չի անցել 1 մլն եգիպտական ոսկուց (քառորդ մլն դոլար), որը չափանիշ չէ երկու կողմերի ցանկությունների եւ ծրագրերի համար: Հայաստանում իմ պաշտոնավարության գլխավոր նպատակներից եմ համարել օդային ուղիղ կապի հաստատումը Կահիրեի ու Երեւանի միջեւ: Այս միակ հնարավոր կապը ոչ միայն ապրանքափոխանակությանը եւ ուղեւորների փոխադրությանն է օգնելու, այլեւՙ զբոսաշրջության զարգացմանը:

Կարեւոր հանգրվան է հայ-եգիպտական 3-րդ նստաշրջանըՙ գիտության, տնտեսության եւ մասնագիտական համագործակցության հանձնաժողովի, որի երկու նստաշրջանները տեղի ունեցան 1996-97թթ., եւ 3 տարուց ի վեր հետաձգվել էր Եգիպտոսի եւ Հայաստանի նախարարական փոփոխությունների պատճառով: Այդ նստաշրջանի համար որոշվել է մայիսի 29-30-ըՙ նախարարական մակարդակով: Եգիպտական կողմը ղեկավարում է դոկտոր Մահմեդ ալ Դարշը (ծրագրավորման եւ միջազգային համագործակցության նախարար), հայկական կողմը ղեկավարում է ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը: Բազմաթիվ գործարարներ երկու երկրներից մասնակցելու են նստաշրջանին: Պատկառելի հայկական գաղթօջախ գոյություն ունի Եգիպտոսումՙ 10-12 հազար հայերից բաղկացած, եւ մի շարք գործարարներ ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում: Պետք է հայտնեմ նաեւ, որ Կահիրեի ու Երեւանի միջեւ ուղիղ օդային չվերթի պաշտոնական բացումը տեղի է ունենալու հուլիսի վերջին տասն օրերին: Մի խոսքով, ցանկանում եմ ասել, որ Հայաստանը միշտ Եգիպտոսի սրտում է, եւ մեծ պատիվ եմ համարում այստեղ գտնվելս: Հարգանք ու սեր ենք փոխանցում Եգիպտոսի մեր հայ եղբայրներինՙ իրենց ջանքերի եւ օժանդակության համար: Հայերը Եգիպտոսում փոքրամասնություն չեն համարվում, այլՙ Եգիպտոսի ժողովրդի անբաժան մասը. Պետք է նաեւ ասեմ, որ աշխարհատարած հայերը վայելում են արաբ ժողովրդի հարգանքն ու վստահությունըՙ որտեղ էլ գտնվեն նրանք:

Գրի առավ ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4