«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ՄԱՀ-Ի ՊԱՀԱՆՋՈՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Խոսքը Էնիս Օքսյուզի մասին է: Նրա հրաժարականը վերջին ամիսներին Թուրքիայում կատարված համանման հինգերորդ դեպքն է: Մինչ այդ հրաժարական էին տվել էներգետիկայի եւ բնական պաշարների, ներքին գործերի նախարարներն ու երկու պետնախարար: Նրանցից միայն մեկն էր պետնախարար վարչապետ Բյուլենթ Էջեւիթի կոալիցիոն կառավարության «Ձախ ժողովրդավարական» թեւի ներկայացուցիչը, մյուս երեքը ներկայացնում էին Մեսութ Յըլմազի «Մայր հայրենիք» կուսակցությունը:

Օքսյուզի հրաժարականով կորուստ կրեց նաեւ կոալիցիայի երրորդ անդամըՙ «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Սա «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունն է: Նրա ղեկավար, փոխվարչապետ Դեւլեթ Բահչելին եթե ոչ միակուսակցական կառավարության, ապա գոնե Էջեւիթից հետո կառավարող հաջորդ կոալիցիան գլխավորելու հաշվարկներ էր անում, եւ դրանց իրականացման համար ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս ազգայնամոլության ջղաձգումներով:

Թերեւս այդ ջղաձգումներից էր նրա պետնախարար Քեմալ Դերվիշին հակադրվելը: Վերջինս այդ պաշտոնին էր նշանակվել թուրքական արժեթղթային եւ ապրանքահումքային բորսաների փետրվարյան ցնցումից հետո: Քանի որ նա մինչ այդ զբաղեցնում էր ՄԱՀ-ի փոխնախագահի պաշտոնը, ուստի «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերը կառավարությանը քննադատելիս իր պարտքն է համարում ընդգծել, որ երկիրը դրսից նշանակված նախարարի միջոցով են կառավարում: Իսկ ինչպես այդ մասին երեկ հաղորդեց թուրքական պետհեռուստատեսությունը, Անկարայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիրսը թուրքական կառավարությանը նախազգուշացնում է. «Առանց Դերվիշի վարկ չկա»:

Նախազգուշացումը հիմք է տալիս ենթադրելու, որ Բահչելին, բացի ազգայնամոլության ջղաձգումներից, Էջեւիթից պահանջում էր Դերվիշի հրաժարականը: Ինչ վերաբերում է հաղորդակցության ու կապի նախարար Օքսյուզին, ապա նա ոչ միայն անձնական վիրավորանք էր հասցնում Դերվիշին, այլեւ հերոսի կեցվածքով հակադրվում էր Թուրքիայի համար նախատեսված վարկաբաժնի հատկացման ՄԱՀ-ի պահանջներին: Դեռ ավելինՙ նրա շատախոսելու մոլուցքն հանգեցնում էր անհավասարակշիռ հայտարարությունների:

Դրանցից կարելի է առանձնացնել «Թուրքիայի դրությունը թերեւս պատերազմը կփրկի» հայտարարությունը: Օքսյուզը հայտարարություններով չսահմանափակվեց եւ հուլիսի 17-ին ՄԱՀ-ի պահանջներին անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց: Դա ազդակ հանդիսացավ, որպեսզի թուրքական բորսաները նոր ցնցում ապրեն: Այդ ընթացքում թուրքական լիրայի նկատմամբ ամերիկյան դոլարի արժեքը կտրուկ աճեցՙ 1 մլն 380 հազարից բարձրանալով 1 մլն 600 հազարի:

Տնտեսական այս նոր ցնցումը ստիպեց վարչապետ Էջեւիթին կարգի հրավիրելու պահանջով դիմել փոխվարչապետ Բահչելիին, որն էլ իր հերթին իր մոտ հրավիրեց Օքսյուզին եւ հանդիմանեց «Այդ ի՞նչ ես անում: Քեզ ասում եմ չխոսել: Ի վերջո ինձ խոսք ես տվել, բայց շարունակաբար խոսում ես: Գիտե՞ս, քո պատճառով դոլարի գինը ինչպես թռավ»: Այս ամենի մասին հուլիսի 18-ի համարներում տեղեկացրին թուրքական թերթերը: Ինչ վերաբերում է պետհեռուստատեսությանը, ապա դրա տվյալներով Բահչելի-Օքսյուզ հանդիպումը տեւեց 45 րոպե, եւ հանդիպման ընթացքում վերջինը ստորագրեց իր հրաժարականը:

Հատկանշական է, որ հանդիպման ավարտին Բահչելին հայտարարեց. «Նրա հրաժարականը ես եմ պահանջել»: Մինչդեռ, ըստ «Փոսթայի»ՙ Դերվիշը հրաժարականի առնչությամբ Էջեւիթին է դիմել, թե այդ հարցում ԱՄՆ-ն ու ՄԱՀ-ը համակարծիք են: «Սաբահը» Օքսյուզին համարեց Թուրքիայի մղձավանջը եւ գոհունակությամբ արձանագրեց նրա հրաժարականըՙ տնտեսական ճգնաժամի գլխավոր դերակատարի պիտակով: «Հյուրիեթն» իր հերթին ընդգծեց, որ Օքսյուզը միլիարդների վնաս է պատճառել թուրքական տնտեսությանը:

Առհասարակ թուրքական մամուլը երկրում առկա ճգնաժամն աննախադեպ է համարում: Իրականում աննախադեպը ՄԱՀ-ի պահանջով նախարարի պաշտոնազրկումն է, ինչը հստակ պատկերացում է տալիս ֆինանսական այդ կառույցից Թուրքիայի կախվածության աստիճանի մասին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4