«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԳՈՐԻՍ. ՄԱՐԶԱԴՊՐՈՑ, ՈՐԻՆ ՁԵՌՔ ՊԻՏԻ ՄԵԿՆԵԼ

Գոյության 6 տարին բոլորած կարատեի ֆեդերացիան, որը կենտրոն Գորիսից բացի, մասնաճյուղեր ունի Սիսիանում, Կապանում, Մեղրիում (կար եւ Քաջարանում), որի մարզական բովով անցել են հազարավոր երեխաներ, միայն վերջին երեք տարում սաներից 28-ը դարձել են հանրապետական մրցաշարերի հաղթողներ (6-ըՙ չեմպիոն), այսօր լուրջ հիմնախնդիրներ ունի: «Ֆեդերացիան, որ կազմավորման առաջին իսկ տարում 600 սան ուներ, այսօր սաների թվի նվազման շեշտակի միտում ունի: Գորիսի մարզադպրոցում պարապմունքներին մասնակցում է ընդամենը 50 երեխա, իսկ շնորհալիներն ու ցանկացողները բազմապատիկ շատ են: «Ի՞նչ անենք, ծնողները հիմնականում սոցիալապես անվճարունակ են, մենք էլ մեր ծախսերը, սկսած վերանորոգումից մինչեւ կենսաթոշակային, պիտի հոգանք, «Ազգի» հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մարզիչ Սարգիս Սիմոնյանը: Առկա է եւ երկրորդ, առավել մտահոգիչ հարցը. ֆեդերացիայի մարզիչներից շատերը, կրկին սոցիալական պատճառներով, բացակայում են հանրապետությունից. այս պատճառով արդեն փակվել են մի քանի մասնաճյուղեր: Նրանց արտահոսքն էլ, բացի սոցիալական արմատից, ուրիշ պատճառաբանություն ունի. նրանք հնարավորություն չունեն մասնակցելու հանրապետական, միջազգային մրցաշարերի, բարձրացնելու մասնագիտական պատրաստվածությունը, կարգը: Ես լրջորեն տագնապում եմ ե՚ւ նրանց մարզից բացակայելու, ե՚ւ ֆեդերացիայի սաների 600-ից 50-ի իջած հաճախումների համար»:

Հավելենք նաեւ մեր մտահոգությունը. եթե ռուսաստանների անորոշ գայթակղությանը չդիմանան մյուս մարզիչնե՞րը, եթե բացարձակ անվճարունակ դառնան մյուս ծնողնե՞րը: Գուցե կգտնվեն մարդիկ, կազմակերպություններ, որ կկամենան օգնության ձեռք մեկնել լավագույն ավանդույթներ ունեցող, մարզի մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը մեծապես նպաստող այս մարզօջախին:

ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4