«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԵՐԵՎԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Անցած շաբաթ Շիրակի մարզում անցկացվեց Երեւանի մշակույթի օր, որը հաճելի նորություն էր տեղի արվեստասերների համար: Մինչ այդ, հունիսի 9-ին, Շիրակի մշակույթը ներկայացվել էր մայրաքաղաքում, եւ սա այդ ժամանակ հղացած փոխադարձ այցելություն էր: Առավոտյան մարզի հարավային սահմանադռանը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի գլխավորած շուրջ 200 հոգանոց պատվիրակությանՙ ավանդական աղ ու հացով դիմավորումից հետո, մայրաքաղաքի մշակութային կոլեկտիվներն առանձին խմբերով հանդես եկան Արթիկում, Մարալիկում, Ախուրյանում, մարզկենտրոն Գյումրու 4-րդ երաժշտական դպրոցում, Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, Արվեստների ինստիտուտի դահլիճում, այլուր: Մշակութային օրվա ծրագիրը նաեւ ներառում էր ծաղկադրում 10-րդ դպրոցի բակում երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանին, այցելություն Չարենցի անվան միջնակարգ դպրոցի նորակառույց, ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն), Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» կինոնկարի ցուցադրում, երկու քաղաքների գրողների հանդիպում գեղագիտական կենտրոնում:

Օրվա եզրափակիչ համերգ-հանդիպումը տեղի ունեցավ երեկոյան կողմՙ մարզկենտրոնի Վարդան Աճեմյանի անվան պետթատրոնի դահլիճում: «Մենք չենք եկել մշակույթի ու արվեստի մեծություններ տված Գյումրուն մեր արվեստով զարմացնելու, ասաց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, այլ ձեզ մեր հոգու լույսով ջերմացնելու եւ ձեզանով ջերմանալու կարիքն էինք զգում»: Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը բերել էր իր նոր հրատարակված «Լենինական, Կումայրի, Գյումրի» վեպի օրինակը եւ խոստացավ, որ երեւանյան առաջիկա շնորհանդեսից հետո այն կներկայացնի նաեւ գյումրեցիներին:

Մայրաքաղաքը շիրակցիներին ներկայացել էր երիտասարդ կատարողներով ու խմբերով: Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության «Երեւան» փողային նվագախմբի, Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնի» արտիստների, Տիգրան Հեքեքյանի «Հայ փոքրիկ երգիչներ» բազմակի մրցանակակիր երգչախմբի, մայրաքաղաքի երաժշտական-մասնագիտական դպրոցների դափնեկիր սաների ելույթները ճշմարիտ արվեստին հաղորդակցման անկրկնելի պահեր պարգեւեցին գյումրեցի հանդիսականներինՙ ամենաջերմ ընդունելության արժանանալով: Նույնը պետք է ասել նաեւ Երեւանի դրամատիկական թատրոնի հաջորդ օրվա «Չաո» ներկայացման մասին: Ցավոք, ոչ մեծ թվով արվեստասերներ դիտելու հնարավորություն ունեցան: Պատճառը մշակութային օրվա միջոցառումների մասին բավարար տեղեկատվության բացակայությունն էր:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4