«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


ԱՅՍ ԿԻՐԱԿԻ ՎԱՐԴԱՎԱՌ Էՙ ԱՄԵՆԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Այդ օրը ջրվելուց չվախենաք, հաջողություն կբերի

Եկեղեցական պաշտոնական տոնացույցում Այլակերպություն կամ Պայծառակերպություն կոչվող տոնը, որը ժողովրդի մեջ հայտնի է Վարդավառ (Վրթիվեր, Վարթեւոր) անունով, շարժական տոն է, նշվում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից օգոստոսի 1-ը: Այս տարի նշվում է հուլիսի 22-ին: Սակայն Հայաստանի հյուսիս-արեւելյան շրջաններում ժողովուրդը Վարդավառը նշում է հուլիսի 22-ին հաջորդող կիրակի:

Ըստ տոնի քրիստոնեական բացատրության, այդ օրը Քրիստոսի պայծառացած կերպարանքը Թաբոր լեռան վրա երեւում է Մովսես եւ Եղիա մարգարեներին, Պետրոս, Հակոբ եւ Հովհաննես առաքյալներին: Քրիստոնեական արվեստում Պայծառակերպության հնագույն պատկերները հայտնի են 6-րդ դարից: Հայկական արվեստում Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու որմնանկարն է (921 թ.), իսկ մանրանկարչության մեջ Պայծառակերպության տեսարանի մեզ հասած առաջին պատկերները 11-րդ դ. նկարազարդ ավետարաններում են:

Հայոց մեջ Վարդավառը հնագույն արմատներ ունեցող տոներից է: Համբարձումից հետո, քանի դեռ «սրբերը համբարձված էին», ուխտագնացություններ չէին լինում եւ սկսվում էին Վարդավառով:

Ամենասիրված ուխտատեղը Մշո Սբ. Կարապետի վանքն էր: Շատերը յոթ տարի յոթական շաբաթՙ Համբարձումից մինչեւ Վարդավառ «Ս. Կարապետի» կամ «Օխտն անվան» պաս էին պահում: Յոթ տարին լրանալուց հետո, Վարդավառին գնում էին Մշո Սբ. Կարապետՙ Հովհաննես Մկրտչի գերեզմանին ուխտի, որպեսզի իրականանա իրենց իղձը: Անզավակ ծնողները, գոտիները գերեզմանաքարին դնելով, աղոթում էին եւ մի անծանոթի խնդրում, որ գոտին իրենց մեջքին կապի: Կապողն էլ երեխայի քավորը պիտի լիներ: Զավակ ունենալու դեպքում ծնողները երեխայի մազերը չէին կտրում, մինչեւ Ս. Կարապետ ուխտի չգնային: Այստեղ սափրում էին երեխայի գլուխը, մազերից պարան պատրաստում եւ կապում այն ավելի ծայրին, որով ավլում էին գերեզմանն ու վանքը:

Այժմ էլ, մեր հանրապետության շատ շրջաններում Վարդավառից մի քանի օր առաջ տոնական եռուզեռ է սկսվում: Հավաքվում են քաղաքներում ապրող համագյուղացիները, ուխտատեղիներ կամ սար գնալու պատրաստություն տեսնում: Տոնի ծեսերը հիմնականում ընդհանրական են բոլոր շրջանների համար. միմյանց վրա ջուր են լցնում, աղավնիներ թռցնում, ծաղիկներ նվիրում, եկեղեցի հասկեր տանումՙ օրհնելու նպատակով, ինչպես նաեւ ուխտագնացություններ, մատաղներ, գիշերային հանդեսներ եւ այլն:

Շատախում երիտասարդները Վարդավառի նախորդ օրըՙ շաբաթ երեկոյան դեզեր էին շինում, որոնցից մեկը պետք է մյուսներից մեծ լիներ: Մութն ընկնելուն պես հերթով, մինչեւ լուսաբաց սկսում էին վառել մանր դեզերը: Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էր տղաների եւ աղջիկների խմբապարը, որը կարծես տոնը սկսելու ազդարարը լիներ: Խմբապարերը ուղեկցվում էին երգային բանավեճերովՙ երիտասարդներին բնորոշ թեմաներով: Երբեմն աղջիկները գաղտնի, օգտվելով մթությունից, իրենց խմբի մեջ էին ընդգրկում լավ երգող եւ հորինող կնոջ:

Նախիջեւանում վաղ առավոտյան կանայք թելերի վրա ծաղիկներ, խնձոր, մանր վարունգ եւ վարդեր էին ամրացնում, խաչաձեւ կապում երեխաների կրծքին եւ տանում եկեղեցի:

Տավուշում տոնի նախորդ օրն աղջիկներն ամբողջ ցերեկը շրջում էին դաշտերում, բազմերանգ եւ հատկապես «վրթիվերի» դեղնագույն ծաղիկը հավաքում, խաչաձեւ փնջեր անում եւ գիշերը գաղտնի նետում հարազատների բակը:

Հատուկ պատրաստություն էին տեսնում նաեւ նշանված աղջիկները: Մի քանի «խաչ փնջերից» նրանք ծաղկե «կսկարանք» էին պատրաստում, զարդարում անուշեղենով եւ ուղարկում նշանածի ընտանիքին: Թե «խաչ-փնջերը» եւ թե «կսկարանքը» ստացող տանտիկինները, որպես օրվա գլխավոր զարդ, դրանք դնում էին տան ամենապատվավոր տեղում, ցորենի կամ ալյուրի ամբարի վրա:

Սարերում Վարդավառի ամենաուրախ հանդեսներին հավաքվում էին երաժիշտներ, լարախաղացներ, կազմակերպվում էին տոնավաճառներ, զբոսախնջույքներ, ճոճախաղեր, գոտեմարտեր, ձիարշավներ: Սարվորներն էլ ծաղիկներով զարդարում էի անասունների ճակատը, վիզը եւ պտտեցնում մարդկանց մեջ: Բացօթյա զվարճավայրերը «աղջկատեսի», հարս ընտրելու հնարավորություն էին տալիս:

Վարդավառի առանձնահատուկ խաղը ջրախաղն էր, որը մինչ օրս պահպանվել է: Միմյանց վրա ջուր լցնելն ուղղակի անհրաժեշտություն էր: Ջուր էին լցնում ծանոթի եւ անծանոթի վրաՙ առանց հաշվի առնելու դիմացինի տարիքն ու հասարակական դիրքը: «Ջուր էր շպրտում չխոսկան հարսը սկեսրայրի վրա, իր կյանքում քավորի ներկայությունից փախչող սանամերը, եթե հաջողացներ քավորի վրա իր թաքստոցից ջուր շպրտել»: Հատկապես երիտասարդները, ջրերի մոտ հավաքվելով, ժամերով, ճիչ ու աղմուկով ջուր էին ցողում միմյանց վրա: Որոշ տեղերում տոնական հագուստները փոխարինում էին առտնի հագուստովՙ ավելի լավ զվարճանալու համար:

Հավաքվելով ջրերի ակունքներում, աղբյուրների մոտ, կատարում էին Վարդավառի զոհաբերությունը: Յուրաքանչյուր ընտանիք պարտադիր այդ օրը մատաղ էր անում: Այսօր էլ շատ շրջաններում Վարդավառին մատաղ են անում:

Մարաշում տարածված էր համոզմունքը, որ Վարդավառի շաբաթ լույս կիրակի գիշերը ջրերը շատանում են: Դրան ականատես լինելու համար գնում էին աղբյուրները:

Արցախում հավատում էին, որ Վարդավառին բոլոր սրբերի վրա լույս է իջնում, եւ ով որ տեսնի այդ լույսը, ինչ խնդրիՙ կկատարվի: Պատմում են նաեւ, թե Հոգեգալստին բոլոր սրբերը բարձրանում են երկինք, իսկ Վարդավառին կրկին իջնում իրենց տեղըՙ ընդունելով լուսավոր աստղերի կերպարանք: Աստղերի իջնելը տեսնողի ցանկությունը կատարվում էր:

Ա.Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4