«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2001-07-18 | #134, 2001-07-19 | #135, 2001-07-20


«ԼԱ ՍԿԱԼԱՆ» ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ եւ Կոմիտասյան «Հայր մեր»-ով սկսվող համերգումՙ միայն Վերդի

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում ամսի 23-ին «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում ելույթ կունենա Իտալիայի եւ համաշխարհային օպերային արվեստի մեծագույն խմբերից մեկըՙ «Լա Սկալան»ՙ ղեկավարությամբ Ռիկարդո Մուտիի: Այս երեւույթը, անշուշտ, մշակութային (եւ ո՚չ միայն մշակութային) մեծ իրադարձություն է Հայաստանում: «Ռավեննայի» հռչակավոր երաժշտական փառատոնին մաս կազմող այս համերգին «Լա Սկալայի» կողքին կմասնակցի Երեւանի կամերային երգչախումբըՙ ղեկավարությամբ Հարություն Թոփիկյանի, որին էլ ուղղեցինք մեր հարցերըՙ է՚լ ավելի մանրամասնություններ իմանալու համար «Լա Սկալայի», Ռիկարդո Մուտիի եւ Ռավեննայի ամենամյա երաժշտական փառատոնի մասին:

- Ռավեննան աշխարհի լավագույն միջազգային երաժշտական փառատոներից է, որի կազմակերպիչն ու հովանավորն են հենց ինքըՙ Ռիկարդո Մուտին եւ իր կինը: 1997 թ. Երեւանի կամերային երգչախումբը, երբ դեռ 1 տարեկան էր, հրավիրվեց Ռավեննա: Դա մեծ պատիվ էր մեզ համար: Մենք շատ լավ հանդես եկանք այն ժամանակ, ինչը բերեց այսօրվա միացյալ երգելու իրավունքը: 1997 թ. Ռավեննա մեր մեկնելու առիթներից էր նաեւ Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյակին եւ Մեծ եղեռնին նվիրված մեծ պատարագըՙ իտալացիների հետ համատեղ: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Վենետիկի մեր հոգեւորականներին, որոնց դերը մեծ եղավ այդ գործում... Այդ տարվա Ռավեննայի փառատոնը նվիրված էր Կովկասին: Նման փառատոներն ունեն շեշտվածություն, իսկ այդ տարի շեշտը դրվել էր Հայաստանի ու Վրաստանի վրա:

- Իսկ այս տարվա փառատոնը գիտենք, որ նվիրված է նաեւ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին:

- Պետք է ասել, որ նորից շնորհակալ ենք Մխիթարյաններին, սակայն գիտեմ, որ Ռիկարդո Մուտիի անմիջական գաղափարն է եղել գալ Հայաստան: Սա իմ կարծիքն է, որը ասում եմՙ հենվելով որոշ հիմքերի վրա... Մեր վերջերս կայացած համերգներից մեկում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Ոսկանյանը պատմում է, թե Գերմանիայի ու Իտալիայի մտավորականները բացառիկ կեցվածք ունեն ցեղասպանության հարցումՙ Թուրքիայի դեմ, ինչի ապացույցն է նաեւ, կարծում եմ, Ռիկարդո Մուտիի այս քայլը: Իսկ Մուտիի կինը պատմում է, թե տարիներ շարունակ Թուրքիան հայտ է ներկայացրել, որպեսզի Ռավեննայի փառատոնն արվի նաեւ Թուրքիայում: Որքան հիշում եմՙ 7 անգամ մերժվել է: Իսկ այս անգամ եղել է պայման, թե Հայաստանից հետո կգնան...

- Մի քիչ էլ «Լա Սկալայի» մասին կարո՞ղ եք տեղեկություններ տալ...

- «Լա Սկալան», այսպես ասած, Վերդիի ու օպերային ժանրի հայրենիք-մայրենիքն է: Իր երգիչները լավագույններն են, իսկ Ռիկարդո Մուտին էլ այսօրվա օպերային ու սիմֆոնիկ դիրիժորների չորս անուններից մեկն է: Մի խոսքովՙ մեծ երաժիշտ է Մուտին: Պետք է ասել, որ նրանց յուրաքանչյուր տեղաշարժը համաշխարհային քաղաքականության մեջ անգամ իր շեշտը ունենում է: Մեծ շանս է բացվել Հայաստանի առաջ եւ շատ կարեւոր է, թե հաջորդը ո՞վ կգա: Թե՞ կմարի այս հզոր ալիքը, որ տեղաշարժվում է դեպի Հայաստան...

- Մեր հանրությանը համալիրում ի՞նչ է սպասում ամսի 23-ին...

- Մեծ պատիվ է ինձ համար եւ ընդհանրապես մի երգչախմբի համար, որ Ռիկարդո Մուտին հայերի հետ պիտի լինի... Այստեղ քաղաքականություն էլ կա, վստահություն էլ կա... Փաստորեն փորձ էլ պիտի չկարողանանք անել: Նրանք իմանալով մեր երգչախմբի կատարողական ձգտումներն ու որակը, ունեցան այն վստահությունը, թե այս հանպատրաստի միացումը կլինի երաժշտական բարձր որակով: Մենք Հայաստանում առաջին անգամ կատարելու ենք «Տեդեումը», որ գրվել է կրկնակի երգչախմբի համար, եւ Վերդիի լավագույն գործերից է: Պիտի կատարենք «Ստաբատ մատերը», որ Հայաստանում նախապես կատարվել է ակադեմիական կապելլայի կողմիցՙ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Եվ պիտի կատարենք «Նաբուգոյից» հանրահայտ խմբերգը: Համերգը բացվելու է կոմիտասյան «Հայր մերով»ՙ ղեկավարությամբ Մուտիի: Դա իր ցանկությունն էր: Կհնչեն երկու պետությունների հիմները: Իսկ համերգի ընթացքում կհնչի Վերդի...

ՍԵՎԱՆ ԴԵՅԻՐՄԵՆՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4