Երեկ «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ Ռավեննայի «Բարեկամության կամուրջներ» փառատոնի շրջանակներում կազմակերպված երեւանյան համերգըՙ հանրահայտ «Լա Սկալա» օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի, մենակատարների մասնակցությամբ եւ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Համերգն ավարտվեց ուշ երեկոյան. շուրջ 2 ժամ մարզահամերգային համալիրի պատերին, հազարավոր ունկնդիրներով լեփ-լեցուն դահլիճի համար հնչում էր Վերդիի երաժշտությունը: Կատարողական առումով չափազանց ծանրաբեռնված ու դժվարին այդ ծրագիրն իտալացի երաժիշտները փայլուն հաղթահարեցինՙ մատուցելով այնպիսի բարձրաճաշակ, ամեն առումով անթերի մեկնաբանում, որպիսին վաղուց չէր լսել հայ ունկնդիրը:
Անմոռանալի մի երեկո պարգեւելով Հայաստանի երաժշտասեր հասարակությանըՙ իտալացի երաժիշտները նույն գիշեր շարունակեցին փառատոնի շրջանակներում նախատեսված իրենց ուղեւորությունըՙ եզրափակիչ համերգը Ստամբուլում անցկացնելու: Նրանց կարճատեւ այցելությունը Հայաստան ավելի քան հագեցած էր. թեպետ այդ հատուկ չվերթը սպասարկող ինքնաթիռը Երեւան էր ժամանել մեկուկես ժամ ուշացումով, այդուհանդերձ դիրիժոր Ռիկարդո Մուտին հասցրել էր արձագանքել ՀՀ նախագահի հրավերին եւ այցելել նրան: Ռոբերտ Քոչարյանն աշխարհահռչակ դիրիժորին պարգեւատրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Իտալացի երաժիշտն իր հերթին հիշատակեց պատմամշակութային այն վաղեմի կապերի մասին, որ գոյություն ունեն հայ եւ իտալացի ժողովուրդների միջեւ: Հիշեցնենք, որ Ռավեննայի փառատոնի շրջանակներում տեղի ունեցած երեւանյան համերգը նվիրված էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությանը. ի դեպ, լավագույն նվերը, որ կարող էր մատուցվել մեր արվեստասեր հասարակությանը:
ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ