Վարդան Այվազյանը «իր դիմումի համաձայն» նշանակվել է նախարար
Երեկ շարունակվում էր ՀԺԿ-ի շարքերի նոսրացումը: 4 պատգամավորներՙ Գագիկ Ասլանյանը, Վանյա Հովհաննիսյանը, Սամսոն Սարգսյանը եւ Գագիկ Ոսկանյանը հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու մասին: Եվս 2 նախկին ՀԺԿ-ականներՙ Վլադիմիր Բադալյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը համալրեցին «Կայունություն» պատգամավորական խումբը: Վերջինս էլ իր հերթին է ձեւափոխումների ենթարկվում: «Կարեւորելով արդյունաբերության եւ գյուղատնտեսության դերը երկրի զարգացման ճանապարհին», այս խմբի պատգամավորներն այսուհետ իրենց խումբը կանվանեն «Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում»: Տնտեսության այս ճյուղերի «կարեւորումը» թերեւս նպաստեց, որ խմբի ղեկավար Վարդան Այվազյանը դարձավ ՀՀ բնապահպանության նախարարՙ փոխարինելով «Կայունության» մեկ այլ նախկին պատգամավորիՙ Մուրադ Մուրադյանին: Վարդան Այվազյանի նշանակման մասին տեղեկացրեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը: Խորհրդարանի խոսնակը մասնավորապես հայտնեց, որ ինքը գրություն է ստացել վարչապետից, որ Վարդան Այվազյանը «իր դիմումի համաձայն» նշանակվել է նախարար: Բարեբախտաբար նախարար դառնալու ցանկության մասին այլ դիմում գրողներ չեն եղել, եւ Արմեն Խաչատրյանը կառավարության կազմի այլ փոփոխության մասին չհայտնեց: Ինչ մնում է «Ագրո-արդյունաբերական միավորմանը», ապա երկար ժամանակ առանց ղեկավարի չմնաց: Խմբի ղեկավար է դարձել նախկին ՀԺԿ-ական Հմայակ Հովհաննիսյանը: Ի դեպ, ագրո-արդյունաբերողները նաեւ կորուստ են ունեցել: Խմբից դուրս գալու դիմում է ներկայացրել թ. 35 ընտրատարածքի պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը), որը ցանկություն է հայտնել մտնելու «Ժողովրդական պատգամավոր» խմբի մեջ: Ա. Մ.