Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստում քննարկվեց ներքաղաքական իրավիճակը երկրում ներկա ժամանակահատվածում: Օրակարգի հարցի կապակցությամբ ելույթ ունեցան ընկերներ Ռուբեն Միրզախանյանը, Հարություն Առաքելյանը, Գառնիկ Հովակիմյանը, Ռոբերտ Մավիսակալյանը, Մեսրոպ Հարությունյանը, Մեխակ Գեւորգյանը, Մհեր Մելիք-Բախշյանը, Գագիկ Վարդանյանը, Աիդա Անդրեասյանը, Հրաչյա Տաթեւյանը: Վարչության անդամների ելույթում վերլուծվեցին ներքաղաքական զարգացման միտումները, առանձին ուշադրության հրավիրվեց ՀՌԱԿ հնարավոր համագործակցությունն ազգային ազատական գաղափարախոսություն դավանող այլ կազմակերպությունների հետ: Քննարկման ընթացքում ՀՌԱԿ վարչությունն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության դատական ընթացքի ազդեցությանը երկրի ներքաղաքական զարգացմանը: Որոշում կայացվեց մոտ օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղել Հանրապետական վարչության ներկայացուցիչներին:
Վարչությունն ամփոփեց հուլիսի 14-ին տեղի ունեցած ՀՌԱԿ վարչականների եւ ակումբների ներկայացուցիչների ժողովի աշխատանքները: Դրական գնահատելով տեղի ունեցած ձեռնարկումը, որոշում կայացվեց նման հանդիպումները դարձնել պարբերական: Վարչությունն անդրադառնալով հավաքի ընթացքում Վանաձոր քաղաքի ներկայացուցչի ելույթին, նշեց, որ նրա կողմից արված քննադատությունը վարչության անդամի Վանաձորում ելույթի կապակցությամբ անհիմն էր:
Նիստի ընթացքում ընդունվեց թիվ 11 շրջաբերականը, ըստ որի ակումբների վարչություններին առաջարկվում է մինչեւ 2001 թվականի օգոստոսի 10-ը ներկայացնել տեղերում քաղաքական եւ կազմակերպական գործունեության եռամսյա ծրագրեր:
Վարչությունը քննարկեց նաեւ մի շարք այլ հարցեր: