Ժողովրդի ռանչպարի ու տիրոջ մասին..
Մեր պատմության մեջ կան անհատներ, որոնք առասպելականության, խորհրդավորության լուսապսակով պարուրված պահապան հրեշտակներ են, որոնց անգո գոյությունը շարունակ զգացնել է տալիս, բայց չես կարողանում քիչ թե շատ տրամաբանված հետեւությունների հանգել: Նրանց կենսագրությունները բաց են, հայտնի են, թվում էՙ ամեն ինչ մատչելի է, սակայն այստեղ է ծուղակը. էջից-էջ տեղափոխված, հղկված-ասֆալտված կենսագրական տվյալների մեջ կորչում է մարդըՙ Աստծո շունչը մեջն առած մարդը, որը ժամանակների խորքից կարծես հեգնում էՙ արածս իմաստավորելը ձեզ է պետք, ինձ համար միեւնույն է:
Նման մարդկանց լավագույն դեպքում հիշում ենք դեպքից-դեպք, հոբելյանից-հոբելյան, այն էլՙ ոչ միշտ: Չգիտեմՙ սփյուռքում Պողոս Նուբարը հիշվում է, թե ոչ, բայց Հայաստանում մոռացված է: Անարժանիորեն, անարդարացիորեն:
Օգոստոսի 2-ին կլրանա նրա 150-ամյակը: Դարուկես հետո ինչպե՞ս գնահատես մարդու գործը, ինչպե՞ս ըմբռնես նրա էությունը:
Նուբարյանների համար անչափ կարեւոր նշանակություն ուներ ընտանիքը. ընտանեկան, ազգակցական կապերն էին, որ փոքրուց ներարկում էին հայասիրություն, հայրենասիրություն: Պապը ղարաբաղցի Մկրտիչ Մելիքյանն էր, որ Զմյուռնիայում սեղանավորությամբ էր զբաղվում (ֆինանսավարկային, բանկային, վաշխառուական գործարքներ): Հայրըՙ Նուբար Նուբարյանը, Շվեյցարիայում Նապոլեոն 3-րդ կայսեր հետ դպրոց էր հաճախել եւ ի վերջո երեք անգամ նշանակվել Եգիպտոսի վարչապետ: Սա այն մարդն է, որն անգնահատելի դեր է կատարել Եգիպտոսի կայացման գործում, որի արձանը կանգնեցված է Կահիրեում, եւ որը գրել է. «Կյանքս նվիրեցի Եգիպտոսին, որովհետեւ բախտն իմ առջիս այդ գործը հանեց. հրապուրվեցա անկից եւ կապվեցա: Բայց օտար երկրի մեջ այդ գործունեությունս երբեք ինծի չմոռցուց, որ հայ մըն եմ: Երկու-երեք բան ըրած եմ ցեղիս համար, բայց կկարծեմ, թե ասոնք ամենեն կարեւոր բաներն են, որ կրնայի ընել»:
Պողոս Նուբարն էլ է հոր հետքերով շարժվել. ծնվել է Կ. Պոլսում, պատանեկան հասակում կրթություն ստացել Շվեյցարիայում, ապա ավարտել է Փարիզի Կենտրոնական դպրոցը (Էքոլ սանթրալ), ստանալով երկրաչափ-ճարտարագետի մասնագիտություն: Որոշ ժամանակ աշխատել է որպես Ֆրանսիայի հանքերի ու երկաթուղիների մասնագետ: 1878-1879 թթ. եւ 1891-1898 թթ. եղել է Եգիպտոսի երկաթուղիների ընդհանուր տնօրենը: Երկար տարիներ Ալեքսանդրիայում ու Բեհերայում Անգլիական երկրագործական ընկերության տնօրենն էր: Հիմնադրել է Ալեքսանդրիայի հանրակառքերի եւ Մենզելեի հողերի շահագործման ընկերությունները, Կահիրեի ջրամատակարարման ընկերությունը, կառուցապատել Հելիոպոլիս քաղաքը: Նրա հեղինակությունն այնքան բարձր էր (եւ դաՙ Եգիպտոսում, ուր ազգանվեր մեծությունների մի ամբողջ աստղաբույլ կար), որ հայ համայնքի անառարկելի առաջնորդն էր:
Մի անգամ, արդեն Փարիզում բնակություն հաստատած ժամանակ, ասում է. «Ես միայն քաղաքագետ չեմ, ես նաեւ բենջպեր (ռանչպար) եմ»: Նկատի ուներ իր մասնագիտությունը, որ շատ էր սիրում: Դեռեւս 1900 թ. իր հորինած տրակտորի համար Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել էր Ոսկե մեդալի եւ պարգեւատրվել Պատվո լեգեոնի ասպետի խաչով: 1906-ին Միլանի ցուցահանդեսում ստացել էր Ոսկե մեդալ եւ պարգեւատրվել Պատվո լեգեոնի սպայի աստիճանով, Ֆրանսիայի երկրագործական ընկերությունիցՙ «Օլիվեր դը Սերվ» շքանշանով, Եգիպտոսի կառավարությունիցՙ Նեղոսի Ա կարգի, Մեջիդիե եւ Օսմանիե Ա աստիճանի շքանշաններով, Բելգիայի թագավորի կողմիցՙ Լեոպոլդի շքանշանով:
Բայց նա միայն ռանչպար չէր, նաեւ իր ժողովրդի, իր ցաքուցրիվ դաժան ճակատագրի դատապարտված հայության տերն էր, եւ միշտ արժանապատվորեն կատարեց իր պարտականությունները: Դեռեւս 1904 թ. Տարոնի տառապյալներին նպաստելու համար տրամադրել է 300 ոսկի: Ամեն տարի Ալեքսանդրիայի Աղքատախնամ հանձնախմբին տրամադրում էր 100 ոսկի, նույնքան էլՙ «Արեւ» օրաթերթին: 1905-ին Սբ. Էջմիածնին է հատկացրել 1000 ռուբլի: 1906-ին Կահիրեի Գալուստյան վարժարանի կառուցման համար 20 հազար ֆունտ ստեռլինգից 16 հազարը ինքն է տրամադրել: 1909-ի Ադանայի ջարդերից հետո Կիլիկիայի կարոտյալներին է հատկացրել 20 հազար եգիպտական ոսկի, 1915-ինՙ ազգային շահերի հիմնադրամինՙ 100 ոսկի, 1924-ին 4000 ոսկով կառուցել է Հելիոպոլսի Նուբարյան ազգային վարժարանը, նույն տարում 26 հազար ոսկով Բրյուսելում հիմնել է «Հայ ուսանողական Նուբարյան հիմնադրամը»: 4000 ֆունտ ստեռլինգ դրամագլխով Օքսֆորդի համալսարանում հիմնել է հայ գրականության եւ պատմության ամբիոնը: 1929-ին 2000 ֆունտ ստեռլինգով մասնակցել է Կահիրեի առաջնորդարանի շենքի կառուցմանը:
Պողոս Նուբարի ազգանպաստության գագաթնակետերից մեկն, անշուշտ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնումն էր: Գաղափարն իրենը չէր, գաղափարը պատկանում էր մեկ այլ անարդարացիորեն մոռացված մարդուՙ Երվանդ Աղաթոնին, որի հայրըՙ Գրիգորը, դեռեւս 1860 թ. Կ. Պոլսում բարեգործական միություն ստեղծելու փորձ էր արել: Երբ 1904 թ. Կովկասում տեղի են ունենում հայկական ջարդեր, Ե. Աղաթոնը մտածում է, որ հրեաների հետ նման բաներ կատարվելիս հեշտությամբ են օգնություն հասցնում, որովհետեւ ունեին «Ալյանս Իզրայելիթ» կազմակերպությունը: Բայց հայկական մի այդպիսի մարմին ստեղծելու համար անհրաժեշտ էր մի մարդ, որը հեղինակություն վայելեր անխտիր համայն հայության կողմից: Այդ մարդը Պողոս Նուբար փաշան էր: Սկսվում է նախապատրաստական մի դժվարին փուլ, եւ ՀԲԸՄ-ն պաշտոնապես հիմնադրվում է 1906 թ. ապրիլի 15-ին: Մեր խորին համոզմամբ, Բարեգործականը մինչեւ օրս երբեւէ ստեղծված կազմակերպաիրավական եւ հայի հոգեբանությանը հարազատ լավագույն, անթերի հայկական կառույցն է: Դժվար է գտնել հայկական մի կազմակերպություն ու անհատ, որն այնքան նպաստ բերած լիներ մեր ազգին, որքան ՀԲԸՄ-ն: Եվ դրանում, անշուշտ, վիթխարի է նրա հիմնադիր եւ 22 տարվա ղեկավար Պողոս Նուբարի ներդրումը:
Ազգի առաջատարի, տիրոջ դերը նա պահպանեց ու շարունակեց հետագայում էլ, երբ Ա համաշխարհային պատերազմի տարիներից Գեւորգ Ե կաթողիկոսի կողմից նշանակվեց Ազգային պատվիրակության նախագահ: Ի՞նչ մարմին էր դա. ըստ էության համազգային մի կազմակերպություն, որին անդամակցում էին ռուսահայաստանի, թրքահայաստանի (թող մայրենին ինձ ների գիտակցված ուղղագրական սխալների համար) եւ առհասարակ սփյուռքահայ բոլոր համայնքների ամենաականավոր ներկայացուցիչներըՙ մեծահարուստ ձեռնարկատերեր, մտավորականներ, պաշտոնյաներ, կուսակցական գործիչներ, որոնք պարբերաբար հավաքվում էին Փարիզում եւ ազգի փրկության ուղիներ որոնում: (Ի դեպ, բոլոր այդ արժանավոր մարդկանց շրջանում եւս Պողոս Նուբարն այնպիսի հեղինակություն էր վայելում, որ նրան անվանում էին փաշա կամ պարզապես... մեծ մարդ): Ինչպիսի՜ ապրումների, հիասթափությունների մեջ էր ընկնում Պողոս Նուբարը, երբ տեսնում էր, թե ինչպես են Անգլիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը հրաժարվում Հայաստանի արդար շահերի պաշտպանությունից: Քչերին է թերեւս հայտնի, բայց փաստ է, փաշան շատ լավ հասկանում էր, որ մեր փրկությունը, մեր լինելիությունը միայն մենք կարող ենք ապահովել: Պատահական չէ, որ Վ. Թեքեյանին, Ն. Տեր-Ստեփանյանին եւ Ա. Թերզիբաշյանին Փարիզից ուղարկում էր Երեւան եւ գաղտնի պատվիրում բերանացի հաղորդել Ալ. Խատիսյանին. «Կրնա՞ն կանոնաւոր բանակ մը մէջտեղ բերելՙ փրկուած ենք, այլապէս...»: Այդ բանակին զինել, հանդերձավորել, կերակրել էր պետք, եւ օժանդակությունը չէր ուշանում:
Տեսավ նաեւ բոլշեւիկյան Հայաստանը: Բայց զարմանալի ձեւով թշնամություն չուներ: Ինչո՞ւ, որովհետեւ համարում էր, որ գոնե Սովետական Հայաստանը հայության մի հատվածի համար կարող է ապահով հանգրվան հանդիսանալ, որ ներգաղթը փրկություն է, եւ այդ պատճառով 100 հազար դոլար տրամադրեց Նուբարաշենի կառուցման համար:
Իսկ ինչպիսի՞ մարդ էր: Խիստ զարգացած էր, կիրթ: Շատ նուրբ ու կծու հումոր ուներ: Բայց բնավորության ամենաապշեցուցիչ գիծն այն էր, որ անսահմանորեն սիրում էր կնոջըՙ պոլսահայ Տատյան նշանավոր գերդաստանի Մարիին: Այդ սերը հովվերգական էր, անհավատալի, եթե կուզեքՙ գրական-գեղարվեստական:
Մի պատմության հանդիպեցի, որին XXI դարի հայաստանյան հոգեբանությամբ չհավատացի: Ե. Աղաթոնը գրում է, որ Մարի Նուբարը շատ զգույշ էր վարվում ու խնամում-փայփայում էր շրջազգեստը: Տեղի է ունենում այսպիսի երկխոսություն.
«- Հանըմ, ինչո՞ւ ես շրջազգեստդ այդպես խնամում:
- Միակ նոր շրջազգեստն է:
- Ինչպե՞ս, դու փաշայի կին եւ միայն մեկ նոր շրջազգե՞ստ ունես:
- Այո: Երբ Պոլիս այդքան հայ գաղթականներ կան, քաղցածներ կանՙ ինչպիսի՞ քար սիրտ պիտի ունենամ, որ նոր շրջազգեստ կարել տամ: Նախընտրում եմ շրջազգեստիս գումարն այդ խեղճերին տալ:
Կրկնում եմ, չհավատացի, որովհետեւ ժամանակակից հայաստանցի եմ եւ «քարսիրտ» էրիկների «քարսիրտ» տիկնանց շատ եմ տեսել, բայց երբ հանդիպեցի մեկ այլ պատմությանՙ հավատացի:
Մի օր Մարի Նուբարը Փարիզի Տրոկադերո զբոսայգու նստարանի վրա նկատում է լաց լինող ֆրանսուհու, որը գրկին ծծկեր երեխա ուներ: Հարցուփորձից տեղեկանալով, որ ֆրանսուհին մշտապես քաղցում է, կրծքի կաթը չի բավարարում, երեխան օրեցօր հալվում է, կնոջ ձեռքը բռնում-տանում է կաթնավաճառի մոտ եւ պատվիրում, որ այդուհետեւ տանՙ ինչ կուզի, իսկ շաբաթվա վերջին հաշիվն իրեն ուղարկեն: Առաջին շաբաթվա 60 ֆրանկից ժամանակի ընթացքում գումարը հասնում է 300 ֆրանկի, բայց փաշան շարունակում է վճարել մինչեւ Մարիի մահը:
Պողոս Նուբարը կնոջը հայերենով դիմում էրՙ սիրելի հոգիս: Իր մահվան տարումՙ 1930-ին, կնոջն ի հիշատակ, 3 մլն ֆրանկով Փարիզում կառուցեց Մարի-Նուբար հայ ուսանողական տունը, իսկ Երեւանումՙ 14.250 ոսկի գումարովՙ Մարի-Նուբար ակնաբուժարանը:
Կնոջից հետո ապրեց 5 տարի եւ 1 օր: Առանց հուզմունքի դժվար է կարդալ այն էջերը, որոնք պատմում են Պողոս Նուբարի մահվան նախապատրաստվելը: Կնոջ մահվան օրըՙ հուլիսի 25-ին, կարդում է Մարիիՙ իրեն ուղղած բոլոր սիրային նամակները եւ իրեն ձոնած սիրային բանաստեղծությունները, որ փաշան 8 օրինակ տպաքանակով տպագրել էր տվել: Ապա լաց է լինում, այդ ամենը պատառոտում եւ կանչելով Բրյուլե ազգանունով շվեյցարուհի սպասուհուն... վերջին դառը հումորն անում, ասելով.
- Մադամ Բրյուլե, այրեք այս ամենը:
(Բառախաղ է. բրյուլեՙ ֆրանսերենի հրամայական եղանակով նշանակում է այրեք):
Վերջին բառը լինում է.
- Լա՜վ...
Գո՞հ էր: Ինչի՞ց: Միգուցե այն բանից, որ իր երկրային կյանքը մարդավայե՞լ էր ապրել:
Հուլիսի 26-ին փակեց աչքերը, հետը տանելով մի ամբողջ դարաշրջան եւ իր ժողովրդի սրտում թողնելով պայծառ հիշատակ:
... Դառնացած սրտով
Գոյան մի նկար ունի, որն անվանել է «Երբ բանականությունը քնում էՙ հրեշ է ծնվում»: Մենք քնած ենք, մեր բանականությունը քնած է: Նայեք ձեր շուրջը եւ ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի հանդիսավոր նիստեր են գումարվում, ում հոբելյանները եւ ոչ-հոբելյաններն են նշվում: Ամենեւին դեմ չեմ. եթե որեւէ մեկը մեծարվում էՙ կնշանակի ինչ-որ մեկին պետք է: Սակայն հարց է ծագումՙ Պողոս Նուբարի 150-ամյակը ոչ ոքի պետք չէ՞:
Պետությունից, իշխանությունից ոչ մի պահանջ չունենք. Պերճ Զեյթունցյանն արդեն դիպուկ նկատել է, որ իշխանությունը փայլուն կերպով իրականացրել է ժողովրդից անջրպետվելու գործընթացը: Դիպուկ է ասել, բայց, ըստ իս, ոչ ճշգրիտ, ոչ լրիվ. ավելի՚ն է արել, դրա համար այսՙ հոբելյան նշելու հարցում էլ սպասելիք չունենք:
Սակայն սպասելիք ունենք (եւ միանգամայն օրինականորեն) ՀԲԸՄ-ից: Բարեգործականը պարզապես պարտավոր էր հոբելյանական ձեռնարկումների մի ամբողջ ընդարձակ ծրագիր մշակել եւ իրականացնել:
Սակայն այստեղ պետք է կանգ առնենք եւ մեկ այլ բանի մասին խոսենք: Հարցն այն է, որ այս տարի լրանում է մեր ժողովրդի մեկ այլ արժանավոր զավակիՙ ՀԲԸՄ-ի մեկ այլ երկարամյա նախագահ, տիկին Լուիզի երջանկահիշատակ հորՙ Ալեք Մանուկյանի ծննդյան 100-ամյակը: Որեւէ մեկը հիշո՞ւմ է այս մասին: Քանի՞ հոգու է Հայաստանում բարություն արել տիկին Լուիզը: Ի՞նչ է, ինքը պիտի գար եւ ասե՞րՙ նշեք հորս 100-ամյակը:
Ճակատագրի հեգնանք չէ՞. Բարեգործականի հովանավորյալ ֆիլհարմոնիկ նվագախումբը լայնորեն գովազդվող համերգ է տալիսՙ նվիրված... Վերդիի մահվան 100-ամյակին: Լավ է անում (չնայած, չգիտեմՙ Վերդիի մահվան տարեդարձը նվագախմբի երաժիշտներից բացի քանի՞ հոգի է մտաբերում), բայց չէ՞ր կարելի մի համերգ էլ տալ Փաշայի 150-ամյակի եւ Ալեք Մանուկյանի 100-ամյակի առթիվ:
Կենտրոն թաղապետարանի համար շա՞տ ծախսատար էր լինելու, եթե գոնե սպիտակեցվեին Մարի Նուբար ակնաբուժարանի կեղտոտ պատերը:
Էրեբունու թաղապետարանի համար շա՞տ բարդ էր Նուբարաշենում գոնե մի փոքրիկ միջոցառում կազմակերպելը:
Ի վերջո, չկա՞ մի ղարաբաղցի, որ տեր կանգնի Պողոս Նուբարի հոբելյանին, ախր, ինքն էլ է ծագումով ղարաբաղցի: Գոնե հայրենակցականությունը մեջները խոսեր:
Չէի ուզում, բայց ստիպված եմ հիշել XIX դարում պոլսահայերի գործածած մի ասացվածքը. «Հայը ձի հեծնիՙ Աստծուն կմոռանա, ձիուց իջավՙ ձիուն կմոռանա»: «Մոռացկոտության» հայոց համազգային հրե՞շ...
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ