«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2001-07-21 | #137, 2001-07-24 | #138, 2001-07-25


ՎԱՆԱՁՈՐ. ՆԵՐԿԱՆ ԵՎ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Հավատարիմ մնալով «Ազգի» միտումինՙ պարբերաբար եւ հնարավորինս հիմնավորապես անդրադառնալ Հայաստանի մարզերի մշակույթի բնագավառին, օրերս թերթի աշխատակից

Թամար Հովհաննիսյանը Վանաձոր այցելեց եւ այժմ ընթերցողներին է ներկայացնում իր տպավորությունները

Երկրագիտական թանգարանը ոչ միայն մշակութային-լուսավորչական, այլեւ գիտահետազոտական օջախ է

Այսպես է նշանավորում Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը տնօրեն Անահիտ Խալաթյանը:

30-ական թթ.-ից Ղարաքիլիսան վերածվել էր շինարարական մեծ հրապարակի: Այստեղ, հնագիտական հուշարձաններով հարուստ տարածքներում, մասնավորապես Մաշտոցի բլուրում, Թագավորանիստում, Դիմացում պեղումների ժամանակ երեւան եկան բազում յուրատիպ բնակատեղիներ եւ դամբարաններ: Պեղումների եւ հետագայում գիտական աշխատանքներում մեծ եւ անուրանալի դեր ունեցավ հուշարձանների պահպանության կոմիտեի աշխատակից, փորձառու հնագետ Եղիա Մոմջյանը, որի ջանադիր գործունեության արդյունքում հայտնաբերված հնագիտական հարուստ հավաքածոն կենտրոնացվեց Ս. Աստվածածին եկեղեցում: Այդպես հիմքը դրվեց Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի: Այսօր թանգարանի ֆոնդային ցուցանմուշների թիվը հասնում է 32000-ի, որոնք զետեղված են հիմնականում հնագիտության, ազգագրության եւ նորագույն պատմության բաժիններում:

Տասնյակ տարիների ընթացքում գիտամշակութային այս օջախն ապրել է հնարավորինս եռանդուն կյանքովՙ հանդիսանալով թե՚ համաքաղաքացիների, թե՚ քաղաքի հյուրերի համար ուշագրավ այցելատեղի: Թանգարանի գործունեության հիմնական ոլորտներից առավել հիշարժան են ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությունը եւ պատեհ առիթներով վերջինիս ֆոնդային նյութեր տրամադրելը, ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անունների պետական կատալոգի համար անհրաժեշտ տեղեկատվության (մարզի ծիրով) ձեռք բերելը, թանգարանի արխիվային նյութերի դասակարգումն ու մշակումը, նորագույն պատմության բաժինը նոր նյութերով ապահովելը, մարզային ռադիոյով, հանրապետության հեռուստատեսությամբ պարբերաբար թեմատիկ հաղորդումներով, ինչպես եւ մամուլում հոդվածներով հանդես գալը, միջին եւ բարձր դասարանցիների նաեւ ուսանողության համար դաս-էքսկուրսիաներ անցկացնելը, քաղաքի այլազան տոնակատարություններին մասնակցելը (ազգագրական-ցուցադրական նպաստով):

Արժեքավոր իրագործումներից է նաեւ «Լոռին որպես նախնադարյան հասարակության բնօրրան» գիտացուցադրական թեմատիկ պլանի մշակումը:

Այսպես է գործել եւ այժմ գործում է հիշյալ օջախը, ինչը դժվար է ներդաշնակվում թանգարանի ներկայիս արտաքին վիճակին եւ դրա աշխատանքային պայմաններին: Երկրաշարժից հետո Երկրագիտական թանգարանը ծվարել է քաղաքի Երկաթուղայինների այգում, ռուսական եկեղեցու պատերի տակ, փոքրիկ-նեղլիկ տնակներում: Փաստորեն թանգարանը զրկված է պատմական ազգային արժեքների պահպանման եւ ապահովման հիմնական երաշխիքիցՙ շենքային համապատասխան տարածքից իր անհրաժեշտ եւ բազում պայմանների համալիրով: Բացակայում են նաեւ ֆոնդային եւ ցուցադրական նմուշների համար պիտանի կահույքը, կանոնավոր չի մատակարարվում էլեկտրաէներգիան, չկան թանգարանի գիտահետազոտական, գործավարական առօրյա աշխատանքները վարելու ամենատարրական, առաջին գործածության իրեր, պիտույքներ:

Բացի այդ, Երկրագիտական թանգարանի աշխարհագրական «կենսագրությունն» իրավամբ զարմանք է պատճառում. տարիների ընթացքում այս երեւելի գիտամշակութային օջախը դեգերել է այս եւ այլուրՙ Ս. Աստվածածին եկեղեցի, շուկայի տարածք, մշակույթի տուն, «Հայաստան» առողջարանի մասնաշենք, Բաթումի փող. թիվ 9 շենք, «Մանուշակ» ռեստորանի սրահ (անգամ), ռուսական եկեղեցու տարածք. Բնական է, որ նման անգութ ոդիսականի ընթացքում թանգարանային շատ նմուշներ վնասվել-հասել են խիստ անմխիթար վիճակի եւ անհետաձգելիորեն կարոտ են վերականգնողական աշխատանքների:

Հարց է առաջանում. ինչպե՞ս, ի՞նչ եղանակով են կարողանում նման պայմաններում կանոնավոր, կարգապահորեն (սեփական աչքով համոզվեցի) աշխատել եւ «պահել» թանգարանը նրա նվիրյալներըՙ տնօրենը, փոքրիկ աշխատակազմը: Պատասխանը միանշանակ է. էնտուզիազմով, մարդկանցՙ սեփական քաղաքի համար կարեւոր գործ անելու արդար գիտակցությամբ: Իսկ որտեղի՞ց են հայթայթում նյութական միջոցները: «Հովանավորչական եւ սեփական աղբյուրներից, ասում է տնօրեն Անահիտ Խալաթյանը, մեր հիմնախնդիրների լուծման համար դիմել ենք ՀՀ մշակույթի վերջին նախարարներին, նաեւՙ ԱԺ պատգամավոր Մարտուն Մաթեւոսյանին, նաեւՙ Վանաձորի կողմից ընտրված ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին, նաեւՙ տեղի իշխանությանը: Վերջիններս թանգարանի պատմության մեջ առաջին անգամ սրտացավորեն արձագանքեցին: Ներկայիս մարզպետ Հենրիկ Քոչինյանը հատուկ խորհրդակցություն հրավիրեց, իսկ քաղաքապետ Սամվել Դարբինյանի մակարդակով որոշում կայացվեց հատկացնել շենքային տարածք»:

Մենք ուրախությամբ ենք արձանագրում այս լուրը, եւ թանգարանի ու բոլոր վանաձորցիների հետ հույս ենք տածում, որ այդ որոշումները թղթի վրա չեն մնա: Առավել եւս, որ համոզվեցինք, թե թանգարանն իր գործունեությամբ նպատակ է հետապնդում ոչ միայն ունենալ իր դեմքը, այլեւ կրթել ու դաստիարակել սերունդներին ազգային ինքնագիտակցության ոգով:

Խոսելով Լոռի-Փամբակի Երկրագիտական թանգարանի ձեռքբերումների եւ համախնդիրների մասին, անհրաժեշտ ենք համարում «Ազգ» օրաթերթի էջում բարձրացնել եւս մի կարեւոր հարց: Այն վերաբերում է թանգարանի հիմնադիր, հնագետ գիտնական, 1905-ին Թուրքիայի Էվերեկ քաղաքում ծնված, պանդուխտ հայի տարագիր ճակատագիրը «ճաշակած», բայց բախտի կամոք Եվրոպայում փայլուն ուսում ստացած, ժամանակին Արշակ Չոպանյանի եւ հայտնի շումերագետ Հիլեր դը Բարանտոյի խրախուսանքին արժանացած, ապա հայրենանվեր ոգորումներով Հայաստանում բնակություն հաստատած եւ ամբողջ կյանքը հայրենիքի պատմամշակութային բնագավառին ծառայեցրած երախտավոր Եղիա Մոմջյանի գիտական ժառանգությանը եւ նրա շիրիմին. Նրա անտիպ արժեքավոր ձեռագրերը այսօր չունեն հասցեատեր եւ մատնված են բախտի քմահաճույքին: Իսկ գերեզմանը զուրկ է շիրմաքարից, պատված է անհիշատակ ու կորած շիրմաթմբով.

Համոզված ենք, որ տարիների նման անհանդուրժելի եղելությունը վերջ ի վերջո պետք է ունենա իր շուտափույթ վախճանը: Զի ինչպե՞ս առաջ քայլել, եթե չես ճանաչում եւ հարգում սեփական անցյալը: Իսկ պատվարժանորեն հիշելը հարգանքի տուրք է նաեւ մարդուն եւ նրաՙ ամենքիս համար կարեւոր գործին:

Վահե Շահվերդյանը «սնուցելու է» Վանաձորի թատրոնը պրոֆեսիոնալ կադրերով

Սա առերեւույթ եւ այլեւս անհետաձգելի անհրաժեշտություն է, համոզված է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի տնօրեն, դրամատուրգ Սամվել Խալաթյանը:

Ծանոթանալով թատրոնի ներկայիս գեղարվեստական նկարագրինՙ համոզվում ես ասածի ճշմարտության մեջ: Նկարագիր, որ շատ ավելի պրոֆեսիոնալ եւ կարող պետք է լիներ, եթե. Եթե Վ. Շահվերդյանի Սունդուկյանի անվան մայր թատրոնում գլխավոր ռեժիսոր նշանակվելուն պես Աբելյանի թատրոնը նրա հետքերով չլքեին չորս առաջատար դերասաններ: Եթե չլիներ արտագաղթը: Իսկ այն իր ճիրաններում շնչահեղձ է անում մարզերի նաեւ մշակութային կյանքը: Սամվել Խալաթյանը դիտարկում է. «Ոչ միայն արտագաղթի, այլեւ այսպիսի ներգաղթի պատճառով հնարավոր չէ լրացնել հանդիսատեսի քանակը»: Նա նկատի ունի, որ ներգաղթողները (Բաքվից, Կիրովաբադից եւ այլ) անճանաչ են գրական մայրենիին, խոսում, հաղորդակցվում են բարբառային իրենց տարբերակներով եւ գերազանցապեսՙ ռուսերեն: «Մեր թատրոնի լեզուն նրանց համար հիմնականում անհասկանալի է եւ այդ իսկ պատճառով պակաս հետաքրքրաշարժ»: Բացի այդ, մտորում է դրամատիկականի տնօրենը, համոզված եմ, որ ժամանակն է ի վերջո բարեփոխելու թատրոնի խաղացանկային քաղաքականությունը հօգուտ ժամանակակից, առավել այժմեական գործերի»: Այդպես է, մանավանդ եթե նկատի ունենանք հենց խնդրո առարկա թատրոնը: Անդերսենի «Խոզապահը», Լեսլի Ռիչարդսոնի «Անտառի զավակները» (մանկական ներկայացումներ), Շտոկի «Եվ արարվեց թամաշան», Անահիտ Աղասարյանի «Անառակ հոր վերադարձը», Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ»-ը, Ժիրայր Անանյանի «Կարուսել»-ը, հենց վերջերս բեմադրված (մարզպետի հովանավորությամբ) Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը». Արդյոք (որոշ բացառությամբ) ներկայանալի եւ պրոֆեսիոնալ առումով ճի՞շտ ընտրված խաղացանկ է սա.

Ընդամենը 2 տարվա տնօրենն ուշադրությունս հրավիրում է այն աղետալի փաստին, որ ժամանակին լավ ավանդույթներ ունեցող այս թատրոնն այժմ ռեժիսոր չունի (ամեն անգամ հրավիրում են տարբեր բեմադրիչների):

Բացի այդՙ թատրոնում մնացե՞լ է 27 դերասան: Եվ լուրջ խաղացանկ, լուրջ սպասելիքնե՞ր ունենանք: Սակայն, թվում է, գտնվել է ելքը: Ինչպես հայտնեց Սամվել Խալաթյանը, Վահե Շահվերդյանը դերասանական կուրս է հավաքագրում թատերական ինստիտուտում, որի կազմում 90 տոկոսը պետք է լինեն վանաձորցիներ, պայմանով, որ ավարտելով բուհը անմիջապես վերադառնան Վանաձորՙ լծվելու Աբելյանի անվան թատրոնի աշխատանքներին:

«Իսկ այժմ թատրոնը կիսամեռ վիճակում է եւ գտնվում է «վերակենդանացման բաժնում», հաստատում է Ս. Խալաթյանը: Զննելով շենքը, պարզ է դառնում, որ վատթար վիճակը ոչ միայն գեղարվեստական ոլորտին է վերաբերում: Շենքը 30 տարի չի վերանորոգվել, գոյացել է ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց մուծման կես միլիոն դրամի պարտք, չափազանց խղճուկ ու հնաոճ են թատրոնի հանդերձարանը, ռեքվիզիրը, դեկորները. «Մեզ հնարավորինս օգնում է մեր մարզպետըՙ իր հովանավորությամբ», երախտագիտությամբ նշում է Սամվել Խալաթյանը, բայց ընդհանուր առմամբ այն տպավորությունն է, որ մեր երկրում մշակույթը դարձել է կցորդ»:

Այս տարի լրանում են Վանաձորի Աբելյանի ավան թատրոնի 70-ամյակը եւ ՀՀ ժողովրդական արտիստուհի, հիշյալ օջախի հիմնասյուն դերասանուհի Լենա Փաշինյանի ծննդյան 70-ամյակը: Եվ տնօրենը մտահոգվում է. «Ինչպե՞ս ենք նշելու այդՙ մեզ համար կարեւոր, իրադարձային միջոցառումները»: Աբելյանի թատրոնի մասին ցայսօր չի ստեղծվել եւ ոչ մի գիրքՙ վավերագրող նրա ներկայանալի ստեղծագործական ուղին եւ ժամանակի դեմքը: Գուցե հոբելյանի առիթո՞վ կմտահոգվեն համապատասխան օղակները. Եվ միգուցե կիրականանա՞ Սամվել Խալաթյանի արդար մտահղացումըՙ թատրոնի շքամուտքի աջակողմյան հատվածում հուշատախտակին սեպագրել նրա երախտավորների անունները. Մեզ համար եւ գալիք սերնդի:

Հեքիաթը բեմում եւ ճեմասրահում

Այս տպավորությունների բեռով անցնում էի փողոցով, երբ հանկարծ շենքերից մեկի լայնանիստ ցուցափեղկից ինձ ժպտաց ծանոթ ու կորուսյալ մի աշխարհ: Մանկությանս աշխարհը: Ծիտ ու ծաղիկ, ծիլ ու առվակ, ծիծաղկոտ արեւ. Լսեցի անգամ, թե ինչպես են թրթռում թեւիկները թիթեռնիկի. Տիկնիկային թատրոնն էր:

Հաջողությամբ բեմադրություններ է ներկայացնում իր մշտական, խստապահանջ հանդիսատեսին: Իսկ տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Մելիքյանը, որին երեխաները լավ ճանաչում են եւ սիրալիր ու միաբերան Սերգեյ պապիկ են կոչում, մտահղացել է իր թատրոնում թագադրել նորին մեծություն հեքիաթը ոչ միայն բեմում, այլեւ ճեմասրահում: Եվ սեփական շնորհաշատ ձեռքերով զարդարել է ամբողջ ճեմասրահը զանազան նյութերից պատրաստված հեքիաթային բնաշխարհով:

Ուրախ են երեխաները, որ հեքիաթն իրենց համար շարունակվում է նաեւ այստեղ: Եվ ժպտում ենք մեծերսՙ մեր կյանքի հազվադեպ ժպիտովՙ անցնելով թատրոնի կողքով եւ հասցնելով այդ պահին «քաղել» ու տանել մեզ հետ մեր հարազատ ու կորուսյալ մանկության աշխարհից մի լուսավոր ծվեն.

Ստեփան Զորյանի գրադարանի աղջիկն իր նախատիպն ունի

Դա Վիկտորյան էՙ «Գրադարանի աղջիկը» հանրահայտ պատմվածքի հերոսուհին: Իսկ նախատիպը դեռեւս 1917 թ. Ղարաքիլիսայում սկիզբ առած գրադարանի անխոնջ աշխատակից Վերգինե Մխիթարյանն է: Ինչպես համոզվեցի Լոռու մարզի հանրապետական գրադարան այցելությունիցսՙ չէ՚ր սխալվել գրողն իր հերոսուհու իրական նախատիպը փնտրել-գտնելով այս օջախում, ուր ճիշտ սերնդափոխություն է կատարվում:

Գրադարանը ցայսօր պահպանել է տարիների իր ավանդույթները, 1975-ից հարմարավետորեն տեղավորված է ներկայիս շենքում: Նրաՙ մատենագիտության, տեղեկատվական, մեթոդական, մամուլի, մանկական գրքերի, կոմպլեկտավորման ու մշակման, արվեստի, տեսալսողական, վերջերս բացված անգլիական գրականության բաժիններում, մայր գրապահոցում եւ ընթերցասրահներում աշխատում են բանիմաց մասնագետներ: Տնօրեն Լաերտ Մկրտչյանի եւ փոխտնօրեն Ֆ. Ջանջուղազյանի ջանքերով ստեղծված են ուշահարույց թեմատիկ ստենդներՙ մշտական եւ ժամանակավոր: Գրադարանը, որ պարունակում է շուրջ 368.400 ֆոնդային նմուշ գիրք (1999 թ.-ի տվյալներով) բազում այցելուներ ուներ, որոնց հիմնական զանգվածը Վանաձորի պետական եւ ոչ պետական կարգավիճակի բուհերի ուսանողությունն է: Գրադարանի աշխատակազմն ըստ էության ոչ միայն սոսկ այցելուներին սպասարկող օղակ է, այլեւ որոշակի գիտական ներդրում ունի հանրապետության մասշտաբով գրադարանավարական ոլորտում: Այսպես, փոխտնօրեն Ֆ. Ջանջուղազյանը եւ աշխատակից Լ. Այվազյանը հաղթող են ճանաչվել 1999-ին Սորոսի հիմնադրամի հովանավորությամբ անցկացրած «Գրադարանների հավաքածուների նպատակային համալրում տեղեկատու մասնագիտական գրականությամբ» ծրագրերի հանրապետական մրցույթում:

Մրցանակը յուրովի էր. 5000 դոլարի ընդհանուր արժողությամբ մասնագիտական գրականություն գրադարանի համար: Գրադարանը մասնակցում է նաեւ «Եվրասիա» հիմնադրամի կազմակերպածՙ «Գրադարանները որպես հաղորդակցության կապ» խորագրով մրցույթին:

Այս մշակութային օջախի կենսագրության մեջ հիշարժան են նաեւ երկու այլ փաստեր. 2000 թ. Լոռու մարզի գրադարան այցելեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը, որը 100 անուն գեղարվեստական գիրք նվիրեցՙ համաշխարհային դասականներից անգլերեն լեզվով: Ես տեսա նաեւ անգլիալեզու հրատարակությամբ հիանալի մեկ այլ հավաքածուՙ դասական եւ արդի ռուս, արեւմտաեվրոպական եւ ամերիկյան գրականության լավագույն նմուշներ շուրջ 4000 դոլար արժողությամբ, որոնք գրադարանին է ընծայել ամերիկացի գիտնական, պրոֆեսոր Դենի Բաթրֆիլդը:

Եվ այսքանից հետո լսեցի փոխտնօրենի ափսոսանքով լի խոսքը. «Իսկ հայրենյաց մամուլի համար փող չունենք, թերթերից, ամսագրերից խեղճ ենք: Մշակույթի նախարարությունն այդ նպատակի համար գումար չի տրամադրում, նախկինում քաղաքապետարանի օժանդակությամբ բաժանորդագրվել էինք, իսկ այս տարիՙ ոչ»:

Չնայած անմիջապես տեղում հայտնեցի գրադարանի տնօրինությանն «Ազգ» օրաթերթի խմբագրությանՙ մարզային գրադարաններին թերթի մեկական օրինակ անվճար տրամադրելու պատրաստակամությունը («Հայմամուլին» համապատասխան գրություն հղելուց հետո), արդ կրկին ուզում եմ հիշեցնել նման հնարավորության մասին:

Կարծում եմ, սխալված չեմ լինի ասելու, որ Ստեփան Զորյանի գրադարանի աղջկա նախատիպը կար եւ այսօր էլ կա ոչ միայն հիշյալ, այլեւ մարզերում գործող 146 գրադարաններից շատերում: Եվ ցանկալի է, որ բոլոր գրադարանները (110-ը գյուղերում են) հավուր պատշաճի արժանացած լինեն պետական հոգատարությանը:

Աշխատանքներ, որ պատիվ կբերեն ամեն մի քաղաքակիրթ ազգի

Որքա՜ն ուրախ եմ, որ այցելեցի ձեր հիասքանչ օջախը, սիրելի ու լուսեղեն մանչուկներ, վարակիչ, կենսատու ավյունով տոգորված պատանիներ ու աղջնակներ. Եվ ճշմարտացի են ձեր հյուրերի մատյանում գրառված վերոնշյալ տողերը: Նմանապես եւ բոլոր այլ հիացական խոսքերը, որ աշխարհի տարբեր երկրներից ամենատարբեր տարիքի եւ զբաղմունքի տեր այցելուները սրտագորով զգացմունքներով հղել են ձեզ, ականատես լինելով ձեր հրաշք ստեղծագործությանը.

Բոլոր ականատեսների սրտի այս զեղումներն արդարացիորեն ունեն նաեւ մեկ այլ հասցեատեր: Նա Գեղագիտության ազգային կենտրոնի, Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, արվեստաբան Հենրիկ Իգիթյանն է: Զի նրա ջանքերով 1984-ին հիմնադրվեց Գեղագիտության դաստիարակության հանրապետական կենտրոնի Կիրովականի մասնաճյուղը, որն այժմ վերանվանվել է Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղ:

Ստեղծված օրից ցայսօր ո՚չ ահեղ երկրաշարժը, ո՚չ երկրի տնտեսական ճգնաժամը, ո՚չ մշակութաքանդ բարք ու հարաբերությունները, ո՚չ բազմազան այլանուն դժվարություններն ի վիճակի չեղան սասանելու, ընդհատելու հիշյալ կենտրոնի ստեղծագործական աշխատանքը: «Մեզ մոտ գործում են կերպարվեստի, խեցեգործության, կարպետի, գոբելենի, գորգի, ասեղնագործության, փայտի փորագրության, տիկնիկագործության, թատերական, ասմունքի, ժամանակակից եւ պարահանդեսային պարերի, անգլերեն լեզվի խմբեր, որտեղ տարեկան գեղագիտական դաստիարակություն են ստանում շուրջ 250 սաներ: Դասավանդում են հմուտ մանկավարժներ, կազմակերպվում են բազում ուշագրավ միջոցառումներ, երեխաների աշխատանքները հավաքվում են, պահպանվում, ցուցադրվում եւ արժեքավորվում: Նրանց ցուցահանդեսների աշխարհագրական քարտեզն ընդգրկում է Վանաձոր, Երեւան, Ժնեւ, Օսլո, Փարիզ, Լիոն, Բորդո, Մինդեն եւ այլ ու այլ անուններ», այս ամենը պատմում է ինձ կենտրոնի տնօրեն Կարինե Գլոյանը:

Ես լսում եմ նրանՙ աչք չթարթելով երեխաների թանգարանային ցուցանմուշներից: Թվում էՙ այլ աշխարհ եմ ընկել, որ ոչ մի կապ ու զուգահեռ չունի մեր իրականության հետ. այնքա՜ն խանդավառ եւ նրբին են գեղանկարների երփներանգ ծածանումները, ասեղնագործության մանրապատկերները, գոբելենների ազգային կոլորիտով հագեցած զարդանախշերը. Թվում է, աշխարհի ամբողջ լույսն ու բարությունը, մաքրությունը եւ մեղմաբարությունը մակարդակվել-իջեւանել են այս գողտրիկ, գեղատեսիլ, մեր տեսած-վայելած եվրոպական մակարդակի սրահներում:

Հյուրերի մատյանում արված բոլոր խոսքերն էլ ճշմարտացի են: Եվ եթե մեջբերեմ առանց զատման, ապա կստացվի մի գեղեցիկ բալլադ հայ երեխաների մասին: Նրանց, ովքեր մեր վաղվա օրն են եւ մեր երկրի տերը: Հասկանալի է, սակայն բոլորն այստեղ զետեղել չեմ կարող (հոդվածի ծավալն է խանգարում): Ուստի ավարտում եմ «բալլադի» վերջին տողով. «Մարդկային հավատի հրաշք, մարդկային հույսի հրաշք, մարդկային անբասիրության հրաշք, ահա թե ինչ է Գեղագիտության ազգային կենտրոնը»:

Մենք միշտ ձեզ հետ ենք, իսկ դուքՙ այցի եկեք մեկ-մեկ

Հակոբ Գյուրջյան, Մինաս, Քոչար, Ռուբեն Ադալյան, Արմինե Կալենց, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Էլիբեկյաններ.

Հայ քանդակի ու գեղանկարչության անվանի վարպետների աշխատանքներն ապրում են այստեղ լռակյաց կյանքովՙ մատնված սեփական ինքնասույզ մտորումներին: Դրանք խախտվում են անշուշտ, սակայն ոչ այնքան հաճախ եւ տեւականորեն, որքան որ ցանկալի եւ անընկալելի կլիներ: Որովհետեւ. Արժե՞ արդյոք կրկին ու կրկին թվարկել «ընդհանուր հասարակական-սոցիալական-տնտեսական» պատճառները.

Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն, ՀՀ վաստակավոր նկարիչ Վիլեն Գաբազյանի պահի բացակայությամբ զրուցում եմ էքսկուրսավար Արեգնազ Սահակյանի հետ: «Մեզ մոտ միջոցառումներ են լինում, երբեմն «ըմբռնումով»ՙ սրահներն անվճար տրամադրում ենք տարբեր կազմակերպություններին, կազմակերպում ենք նաեւ տեղի եւ Երեւանի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ, համագործակցում ենք Երիտասարդ նկարիչների միության հետ: Շուրջ 2000 ֆոնդային նմուշներից ցուցադրված են 150-ը: Բնականաբար ցուցանմուշները պարբերաբար փոփոխվում են, բայց պահեստավորված աշխատանքների մի մասը նորոգման է կարոտ, ինչի համար չկան ո՚չ գումար եւ ո՚չ մասնագետներ (իսկ եթե այդպիսիք գտնվեն, գործին խոչընդոտելու է նրանց վճարման նյութական հարցը): Հավաքածուն ամբողջությամբՙ նոր ստեղծագործություններով համալրման է կարոտ: Կան բազում չլուծված ֆինանսական խնդիրներ: Մի խոսքով, մեր այսօրվա իրականության պատկերն է», ամփոփում է նա իր խոսքը:

Տեսնում եմ, որ պատկերասրահի 3 հարկերի լայնարձակ սրահներում զետեղված են նաեւ վանաձորցի ճանաչված արվեստագետների գործերը. Գեորգի Թովմասյանի, Արամ Նազարյանի, Կարլոս Աբովյանի, Փափագ Ալոյանի, Մարիամ Ամիրխանյանի, Սուսաննա Մկրտչյանի.

Կանգնած եմ միայնակ, անսովորությունից փոքր-ինչ շփոթված. որսում եմ Քոչարի ինքնանկարից (վաղ շրջան) նայող հարցական հայացքը, որն ասես խոսում է ամենքի անունից. մենք միշտ այստեղ, ձեզ հետ ենք, միայն դուք այցի եկեք մեզ.

Պետությո՚ւնը պիտի հոգա մարդու հոգեւոր դաստիարակությունը, այլ ոչ գյուղի համայնքը

Մարզպետարանի մշակույթի, երիտասարդության եւ սպորտի բաժնի վարիչի պաշտոնակատար Մհեր Մելիքյանը ներկայացրեց Լոռու մարզի մշակութային առկա նկարագիրը. 29 գեղարվեստի եւ երաժշտական դպրոցներից 9-ը գործում է տնակներում, 20-ը խիստ վերանորոգման կարիք ունի, 116-ըՙ մշակութային տներից, ակումբներից, կենտրոններից, քարաշեն պայմաններում գտնվող 45-ից 42-ը, նույնպես վերաշինության է ենթակա, 147 գրադարաններից շենքային պայմաններում է 52-ը, ծանր վիճակում է Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանը. փակվել է փողային նվագարանների դասարանը, ուսման վարձը վճարողների թիվն արագորեն նվազում է, պետպատվերները քիչ են, չնչին աշխատավարձը չի՚ տրվում ժամանակին, շենքային եւ ֆինանսական վատ պայմաններում է «Հորովել» հայտնի համույթը: Սակայն եւ. սկսվել են Վանաձորի մշակույթի պալատի շենքի վերականգնման աշխատանքները, գործում են Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը, Ալավերդու երաժշտական դպրոցը, ժող. թատրոնը, «Լազուր» ժողգործիքների անսամբլը, երկրաշարժից հետո վերականգնվել են Վանաձորի թիվ 3 մշակույթի տունը, գեղարվեստական դպրոցը, Սպիտակի մշակույթի ակումբը, երաժշտական դպրոցը, կազմակերպվում են մշակութային եւ քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տարբեր միջոցառումներ:

Կանոնավոր գործում է Ստեփան Զորյանի տուն-թանգարանը (տնօրենՙ Վազգեն Վանատուր): Ինչպես նշեց Մհեր Մելիքյանը, միջոցառումներն իրագործվում են մարզի նյութական կարողություններով եւ հիմնականում մարզպետի հովանավորությամբ, որն ընդհանրապես մեծ տեղ է տալիս մշակույթին:

Ընդհանրապես հարկ է նշել, որ այցելածս բոլոր հիմնարկներում գնահատանքով էին արտահայտվում թե Լոռու մարզպետի, թե՚ մարզպետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի բաժնի վարիչ Ռոբերտ Ֆարմանյանի գործունեության մասինՙ ամենուրեք շեշտելով, որ վերջիններս ծանր «ժառանգություն» ստանալովՙ ճգնում են հնարավորինն անել մարզի նաեւ մշակույթի բնագավառում:

Զրույցի ընթացքում Մհեր Մելիքյանը տեղին եւ իրավացի դիտարկում արեց. «1996-ից երաժշտական դպրոցները տրվեցին տեղական համայնքների ենթակայությանը: Սխալ քայլ էր. տեղական բյուջեն չի կարող պահել այդ դպրոցները: Նրանք պետք է գտնվեն նախարարության, պետության հովանու տակ: Պետությո՚ւնը պիտի հոգա մարդու հոգեւոր, մշակութային դաստիարակությունը, այլ ոչ թե գյուղի համայնքը»:

«Տնտեսության զարգացումը արտագաղթը կասեցնելու ամենից արդյունավետ միջոցն է»

Վանաձոր այցելությանս օրերին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը գործուղման մեջ էր: Հետաքրքրող շատ հարցերի սպառիչ պատասխան տվեց փոխմարզպետ Արամ Քոչարյանը: Մեծապես կարեւորելով դպրոցաշինության խնդիրները, նա նշեց, որ մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը շահագործման կհանձնվի 17 դպրոց: Այսպիսով, մարզում կվերանան տնակային պայմաններում գործող դպրոցները: Ինչ վերաբերում է մշակույթին, ապա պատկերը հետեւյալն է. ինչպես նշեց Ա. Քոչարյանը, Լոռու մարզի մշակույթի բնագավառին բնորոշ են ընդհանրապես աղետի գոտու, ինչպես եւ հանրապետության ներկայիս իրավիճակի բոլոր առանձնահատկությունները: Երկրաշարժի հետեւանքով մշակութային շինությունների շուրջ 80 տոկոսն ավերված կամ կիսաքանդ վիճակում է: Վերջին 13 տարում մշակութային ոչ մի հիմնարկ գույքի համալրում չի ստացել: Գրադարանների մեծ մասը զրկված է թերթեր բաժանորդագրվելու նյութական հնարավորությունից: Ձմռանը ոչ մի հիմնարկություն չի ջեռուցվում: Ոլորտի աշխատողների աշխատավարձը չնչին է եւ հաճախ տրվում է ամիսների ուշացումով: Վիճակից գոնե որոշ չափով դուրս գալու նպատակով մարզպետի գլխավորությամբ մշակվել է մարզի բոլոր բնագավառներն ընդգրկող «Լոռու մարզի 2001-2005 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր», որը կետ առ կետ ներկայացնում է հաղթահարման հնարավոր հեռանկարային քայլերը: Ծրագիրն այդ ստվար հատոր է: Մանրակրկիտ ծանոթանալով բովանդակությանը, որն աներկբայորեն մեծապես արժանի է խրախուսանքի, ուզում եմ թույլ տալ ինձ անելու հետեւյալ դիտարկումը. խիստ մասնագիտականորեն եւ սրտացավորեն կատարված այս աշխատանքի իրագործման համար (որ բնագավառին էլ պատկանի) նախ եւ առաջ անհրաժեշտ է հիմնավոր բազաՙ պատշաճ ֆինանսական միջոցներ: Զորեղ գործոն, առանց որի ցանկացած մտահղացում, ծրագիր կմնան լոկ գրառում: Պարզ է, որ նման միջոցների ձեռքբերումը պետության առաջնահերթ եւ բարդագույն հիմնախնդիրներից մեկն է:

Մտահոգությամբ անդրադարձավ Արամ Քոչարյանը նաեւ մարզում օրըստօրե աճող արտագաղթին:

Սույն թվականի մայիսի 29-ին Լոռու մարզ ժամանած հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Տնտեսության զարգացումը արտագաղթը կասեցնելու ամենից արդյունավետ միջոցն է»:

Ամենայն համոզվածությամբ ավելացնենք. տնտեսության զարգացման հիմքի վրա նաեւ մշակույթի զարգացումն է արտագաղթը կասեցնելու միջոցներից մեկը: Երկրի ներկայիս վիճակի կենսականորեն հրատապ լուծում պահանջող համախնդիրներ, որոնք նախ եւ առաջ ակնկալում են պետական մոտեցում: Սա՚ է ներկայիս Վանաձորի (եւ ամբողջ Լոռու մարզի) մոտալուտ հիմնական սպասելիքը:

Վերոհիշյալ համալիր ծրագրի նախաբանում կարդում եմ. «Արտագաղթը, հիասթափությունն ու վստահության աստիճանական կորուստն ապագայի նկատմամբ լրջորեն սպառնում են մարզի սոցիալ-տնտեսական (ավելացնենք նաեւՙ հասարակական, բարոյական) իրավիճակին»:

Թող հավերժի լույսը հավատի

Աչքիս առջեւ կենդանացան-շունչ առան երեխաների հրաշք աշխատանքները, որոնց ամեն մի գույն ու գիծ, ամեն մի նախշ ու պատկեր բուրվառում են մանկական իմաստնությամբ: Մեզՙ մեծերիս հոգու խորքից ուղղված հայացք է դա, որ լեցուն է հավատով եւ վստահությամբ իրենց վաղվա օրվա նկատմամբ: Եվ թող լինի այնպես, որ մեր իսկ ձեռքերով հանկարծ չխամրի նրանց հավատի լույսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4