«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2001-07-21 | #137, 2001-07-24 | #138, 2001-07-25


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՂԱՐԱԲԱՂ

ԲԱՔՈՒ, 24 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի «Գյանջլիք» միջազգային տուրիստական կենտրոնում հուլիսի 20-22 անցկացվեց հակամարտող կողմերի միջեւ հեռուստաերկխոսության տեխնոլոգիաներին նվիրված միջազգային սեմինար, որին մասնակցում էին լրագրողներ Հայաստանից ու Վրաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից:

Մասնակիցների ուշադրության կենտրոնում էր Բաքու-Երեւան հեռուստակամուրջը, որի 24 հաղորդումների ժամանակ երկու երկրների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել միմյանց հայտնել իրենց տեսակետները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ի դեպ, սեմինարի ընթացքում արձանագրվեց, որ առաջին 12 հաղորդումների ժամանակ հաղորդավարները երկխոսությանը մասնակցել են իրենց սեփական մեկնաբանություններով, ինչը երբեմն լարված մթնոլորտի պատճառ է դարձել, իսկ վերջին 12 հեռուստակամուրջների ժամանակ նրանք գտնվել են պասսիվ դերումՙ երկխոսությանը տալով մեղմ բնույթ:

Սեմինարում այդ հեռուստակամուրջները, ինչպես նաեւ անդրկովկասյան այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ կազմակերպված տարբեր երկխոսությունների տեսագրությունները դարձան քննարկման լայն առարկա: Մասնակիցները խոսեցին հեռուստադիտողների վրա դրանց թողած ազդեցության մասին, վեր հանեցին առկա մասնագիտական թերացումները, փորձեցին գտնել հեռուստակամուրջների կազմակերպման նոր ուղիներ:

Քննարկեցին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդության միջեւ երկխոսության կազմակերպման հարցերՙ համատեղ ռադիոհաղորդումների միջոցով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել Անդրկովկասում առկա հակամարտությունները լուսաբանող ընդհանուր ղեկավար կենտրոն, որը կկոորդինացնի տարածաշրջանում որոշ հեռուստահաղորդումների, տեսանյութերի եւ հարցազրույցների նկարահանման եւ ցուցադրման աշխատանքները:

Ասենք, որ հայկական պատվիրակությանը հնարավորություն տրվեց մի քանի ժամով շրջագայել Բաքվում, լինել քաղաքի տեսարժան վայրերում եւ ներկա լինել Ադրբեջանի ժուռնալիստների օրվան նվիրված միջոցառմանը:

Հուլիսի 26-ին սպասվում է ադրբեջանցի լրագրողների պատվիրակության այցը Երեւան, որտեղից հաջորդ օրըՙ Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցիչների հետ նրանք կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4