Նորին Սրբությունը Հայ եկեղեցու բարձրագույն պարգեւը հանձնեց բարերար Իշխան Բիտեճիին
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, 24 ՀՈՒԼԻՍ: Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Երեւանի Քանաքեռ թաղամասում, Սբ. Հակոբ եկեղեցու հարեւանությամբ գտնվող Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության մանրանկարչության արվեստի դպրոցի նորոգված շենքի բացման արարողությունը:
Շենքի նորոգման աշխատանքների հովանավորությունը Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանի հորդորով մեկ տարի առաջ ստանձնել էր կանադահայ բարերար Իշխան Բիտեճին, որին եւ Ամենայն հայոց հայրապետը շնորհեց Հայ եկեղեցու բարձրագույն պարգեւըՙ Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանը:
19-րդ դարի միահարկ այս կառույցըՙ Սբ. Հակոբ եկեղեցու նախկին դպրանոցը, վերադարձվել էր եկեղեցուն Հայաստանի անկախացումից հետո միայն: Այստեղ 1992 թվականին Նորին Սրբությանՙ այն ժամանակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի նախաձեռնությամբ եւ ջանքերով հիմնվեց մանրանկարչության արվեստի դպրոցը: Հայորդյաց տների համակարգում գործող դպրոցում արդեն 9 տարի հայ մանրանկարչական արվեստի հմտություններին են ծանոթանում 5-17 տարեկան երեխաներ ու պատանիներ: Դպրոցի ավելի քան 70 սաները 5-ամյա ուսումնառության տարիների ընթացքում ուսանում են մարանկարչություն, գունանկար, գծանկար, ծանոթանում արվեստի պատմությանըՙ ստանալով նաեւ կրոնական գիտելիքներ: