«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2001-07-21 | #137, 2001-07-24 | #138, 2001-07-25


«ԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՄ ՈՉ ԹԵ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ, ԱՅԼ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ

Հայտարարում է Վանյա Մխիթարյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի նախկին տեղակալ, կոմունիստ Վանյա Մխիթարյանն իր պաշտոնանկությունը գնահատում է որպես պետական ծառայողների նկատմամբ ճնշման փորձՙ «որպեսզի նրանք ասեն միայն այն, ինչ ցանկանում են լսել իշխանությունները»: Մխիթարյանին պաշտոնից ազատելու որոշման պաշտոնական հիմնավորումը վերջինիս անհամաձայնությունն է սեփականաշնորհման քաղաքականությանը:

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում Վանյա Մխիթարյանը հայտարարեց, որ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը տվյալ հիմնավորմամբ խաբել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ըստ որումՙ վերջինիս գիտությամբ: Իրականում, ըստ Մխիթարյանի, լավ հայտնի է, որ իր գործունեության բնագավառը նախարարությունում ընդհանուր ոչինչ չուներ սեփականաշնորհման գործընթացի հետ. նա զբաղվում էր պետական գույքի հաշվառմամբ ու ցուցակագրմամբ եւ ընդերքի կառավարմամբ: Իսկ իրական պատճառը, նրա կարծիքով, իր հրապարակային ելույթներն են ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ նախարարության կոլեգիաների ընթացքում, որտեղ ինքը մերկացնում էր մեքենայությունների փաստերը:

Լայն արձագանք են ստացել ելույթներն ընդդեմ բնական հարստություններիՙ անտառի, ընդերքի, ձկան թալանի, որոնց տարեկան շրջանառությունը, Մխիթարյանի գնահատմամբ, տարեկան կազմում է մոտ 50 մլն դոլար: «Իմ ճշմարտացիության ապացույցն է բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանի պաշտոնանկությունը»,- նշեց Մխիթարյանը:

Մխիթարյանը նաեւ նշեց, որ նախարարությունում իր աշխատանքի հենց սկզբից կոլեգիաներից մեկի ժամանակՙ 2000 թ. սեպտեմբերի 1-ին ինքը հարց առաջադրեց նախարար Դավիթ Վարդանյանին, որպեսզի նա դատի տա «Առավոտ» թերթին այն հրապարակման համար, որ իբր Սանկտ Պետերբուրգի կոնյակի գործարանի սեփականաշնորհման համար նոր տերը վճարել է նախարարի թղթախաղի պարտքերը: Մխիթարյանի կարծիքով, այդ թղթակցությունը պահանջում էր այդպիսի վերաբերմունք, քանի որ վարկաբեկում էր ոչ միայն նախարարին, այլեւ նախարարությանն ամբողջությամբ: Մինչ օրս, նշեց Մխիթարյանը, կոլեգիան բացատրություններ չի ստացել, թե ինչու այդպես էլ հայց չներկայացվեց: Մեկ այլ օրինակՙ Տավուշի մարզում Խորանաշատի ՀԷԿ-ի սեփականաշնորհման հարցով հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին Մխիթարյանի պահանջը գարնանային կոլեգիայում: Հարցն առաջացավ, ըստ Մխիթարյանի, էներգետիկայի նախարարության սեփականաշնորհման փաթեթի տվյալներում (ըստ տվյալների, չկար որեւէ սարքավորում) եւ տեղից ստացված այն տեղեկությունների միջեւ առկա հակասությունների պատճառով, որ իրականում սարքավորում կա: «Ես խանգարում եմ ոչ թե սեփականաշնորհմանը, այլ անօրինական սեփականաշնորհմանը»,-հայտարարեց Մխիթարյանը:

Նա հատկապես անդրադարձավ բարձրագույն գործադիր իշխանության դիրքորոշմանը, որը, ըստ նրա, փոխանակ ականջ դնելու օրենքի խախտումների մասին ահազանգերին եւ իրավապահ մարմիններին ներգրավելու հետաքննության մեջ, փոխում է իրեն անհաճո պաշտոնյաներին:

Կոմկուսը, ըստ Մխիթարյանի, քանիցս անդրադարձել է պետական բարձրագույն պաշտոններից կոմունիստներին ետ կանչելու հարցին, մասնավորապես ՀԿԿ ԿԿ վերջին պլենումում: Ըստ նրա, հարցը փակված չէ եւ վերստին քննարկվելու է հերթական պլենումում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4