Հայերի աննախադեպ մեծ արտագաղթը Ռուսաստան
ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ
Վերջերս գրել էինք դեպի Մ. Նահանգներ արտագաղթի, ավելի շուտՙ ամերիկյան դեսպանատան առաջ երկարող հերթերի մասին: Թվում է, թե Հայաստանից արտագաղթը հիմնականում այդՙ ամերիկյան ուղղությամբ է ընթանում: Այդ է տեսանելին: Այնինչ արտագաղթողների իսկական թվաքանակներն այլ ուղղություն են ցույց տալիս: Անշուշտ, դեպի Ռուսաստան արտագաղթը նոր երեւույթ չէ: Խորհրդային տարիներին մեծագույն «առավելություն» էր համարվում Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում տեղավորվելը: Սակայն այն ժամանակ հենց ա՚յդՙ տեղավորվելու հարցերն էին դժվար: Իսկ հիմա.
«Ռոստով, Մինվոդի, Վլադիկավկազ...»: Ավտոբուսները շարժվում են Հայաստանի բոլոր քաղաքներից, բոլոր ուղղություններով: «Ստավրոպոլ, Սարատով, Պյատիգորսկ...»: Ցամաքային ուղիով հայրենիքը լքելն ավելի էժան արժե, քան օդային ուղիով: «Արմավիր, Վորոնեժ, Կրասնոդար...»: Սակայն տոմսերը հարկավոր է վաղօրոք գնել, որովհետեւ Ռուսաստան մեկնող ավտոբուսներում տեղերը սովորաբար զբաղված են լինում: «Մոսկվա...»: Ռուսաստանը հսկայական մի տերություն է, որի տարածքում տասնյակ հայաստաններ կտեղավորվեն, ուրեմն եւՙ բոլոր հայերն էլ կարող են աշխատանք ու քիչ թե շատ հարմարավետ կենսապայմաններ գտնել այնտեղ:
Ռսաստան ուղեւորվող ավտոբուսներն, իրոք, մշտապես լեփլեցուն են: Հայաստանի ցանկացած քաղաք ոտք դնելուն պես անհնար է չնկատել աչքի ընկնող ցուցատախտակները, որոնց վրա թվարկված են հայերիս հյուրընկալելու պատրաստ ռուսական քաղաքները: Միայն Կրասնոդարի երկրամասում, օրինակ, 140 հազար հայ է բնակվում: Այնտեղ հայկական եկեղեցիներ ու դպրոցներ են գործում, նույնիսկ անհրաժեշտություն է զգացվում, որ հայերս հյուպատոսարան ունենանք այդ կողմերում: Բնականաբար, կենսապայմանները, Հայաստանի համեմատ, ավելի բարվոք են, մարդիկՙ պակաս նյարդային, երկիրն էլ դանդաղ, բայց հաստատ քայլերով առաջադիմում ու զարգանում է, իսկ ամենակարեւորըՙ այստեղ կարելի է չվախենալ վաղվա օրվանից, կարելի է գոնե մասամբ թոթափել անորոշ ապագայի մտավախությունները: Աշխատուժի, հատկապես որակյալ մասնագետների կարիք այստեղ կա եւ կլինի. մեծ երկրները միշտ էլ ունենում են կառուցող ձեռքերի պակաս եւ երբեք դեմ չեն այդ բացն օտարերկրյա աշխատուժի հաշվին լրացնելու: Այսպիսի կամ մոտավորապես այսպիսի մտքերով են հազարավոր հայեր ավտոբուս նստումՙ իրենց արտագաղթն ապահովող տոմսի դիմաց վճարելով, ասենք, 22 կամ 24 հազար դրամ եւ ուղեւորվում ռուսական անհայտություն:
Այս արտագաղթն անհնար է կանգնեցնել: Նախ եւ առաջՙ որովհետեւ անհնար է վերահսկել: Անցագրային արգելքի բացակայության պայմաններում չեն կարող պարզելՙ որքա՞ն մարդ մեկնեց, ե՞րբ եւ որտեղի՞ց: Մենք կարող ենք միայն ենթադրել, որ Ռուսաստանՙ ժամանակավոր աշխատանք գտնելու կամ մշտական բնակություն հաստատելու նպատակով, Հայաստանի քաղաքացիները մեկնում են մտահոգիչ մեծ թվաքանակով: Այս են վկայում երեւանյան տոմսարկղներում արված մեր հարցուփորձերը, թեՙ ինչպե՞ս են սպառվում ռուսական քաղաքներ ուղեւորվող ավտոբուսների տոմսերը: Պատասխանն ամենուր միանշանակ էրՙ պահանջարկը մեծ է: Ավտոկայան զանգահարելովՙ տեղեկացանք, որ Ռուսաստան մեկնող ավտոբուսները ճանապարհ են ընկնում յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի, երեկոյան ժամը 6-ին, սակայն վերջին պահին կամ վերջին օրը չես կարող տոմս գտնել, որովհետեւ դրանք արագորեն սպառվում են, հարկավոր է վաղօրոք հոգալ: Մի պահ երեւակայենք, թե մայրաքաղաքից եւ Հայաստանի մյուս բնակավայրերից ամիսը քանի՞ ավտոբուս է ուղեւորվում եւ տեսականորեն որքա՞ն մարդ է գնում Հայաստանից... Ճշգրիտ թիվն ինչ-որ կերպ պարզելու մասին արդեն մտածելն էլ սարսափելի է:
Այդուհանդերձ, համոզվելու համար, որ Հայաստանից Ռուսաստան մարդկային արտահոսքն իրոք պաշտոնապես չի վերահսկվում, զանգահարեցինք ՌԴ դեսպանատան դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչություն: «Ռուսաստան մեկնող հայ քաղաքացիների քանակի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունենք», հաստատեց ներկայացուցչության ղեկավար Եվգենի Չեռնեցովը: Նույն պատասխանն ստացանք նաեւ ՀՀ կառավարությանը կից միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանից: Վերջինս ճշգրտեց, թե ուղեւորահոսքերի մասին տեղեկություններ քաղելով չենք կարող եզրակացություններ անել արտագաղթի ծավալների վերաբերյալ, քանզի ուղեւորների գերակշիռ մասը տնտեսական միգրանտներն են, որ հաճախ մեկնում են ժամանակավոր աշխատանք գտնելու պատճառաբանությամբ եւ հայտնի չէՙ ընդմիշտ բնակություն կհաստատե՞ն Ռուսաստանում, թե՞ կվերադառնան: Պոտենցիալ էմիգրանտների այդ դասն այսօր բավականին ստվար զանգված է, որի գերակշիռ հատվածը կազմում են տղամարդիկ, այն էլՙ աշխատունակ տարիքի: Առհասարակ, արտագաղթելու կամ ժամանակավոր աշխատանք գտնելու նպատակով Հայաստանից մեկնողների ընդհանուր թվի 80 տոկոսը հանգրվանում է ԱՊՀ երկրներում, այդ 80 տոկոսի 3/4-ն էլ նախընտրում է Ռուսաստանը: Նման նախընտրությունը քաղաքականապես ու հոգեբանորեն հասկանալի է: Ռուսաստանի (նաեւՙ ԱՊՀ երկրների) հետ մեզ միավորում են տասնամյակներ շարունակ համատեղ ապրած եւ ընդհանուր ուժերով կառուցած անցյալը, պատմամշակութային կապերը, լեզվական խոչընդոտի բացակայությունը, ինչը եւս չափազանց կարեւոր է, միավորում է նաեւ ներկայիս քաղաքական, տնտեսական ու ռազմական գործընկերությունը, երկու երկրների միջեւ անցագրային արգելք չունենալը եւ այլն: Կարճ ասածՙ Ռուսաստանը մեզանում ընկալվել եւ այժմ էլ դիտարկվում է որպես մտերիմ, բարեկամ երկիր: Բնականաբար, սեփական երկրից դուրս բարվոք կենսապայմաններ փնտրելու ճանապարհին վերոհիշյալ գործոններն անմիջապես սկսում են առաջնային դեր «խաղալ», եւ հայերի արտահոսքն ընթացք է առնում:
Վիճակագրության ազգային ծառայության իրականացրած «Միգրացիայի հետազոտության» տվյալներովՙ Հայաստանից մեկնողների գերակշիռ մասն արտագաղթը պատճառաբանում է աշխատատեղերի բացակայությամբ, մեկ այլ հատվածը գտնում է, որ արտագաղթի պատճառը բավարար կենսապայմանների համար վաստակելու անհնարինությունն է, մյուսներն իրենց մեկնումը բացատրում են Հայաստանում զարգացման հեռանկարների բացակայությամբ եւ այլն: Չես կարող ասել, թե թվարկած պատճառներից ո՞րն է առաջնային, որովհետեւ, ի վերջո, բոլորն էլ վճռորոշ դեր են խաղում երկիրը լքելու հարցում:
Վիճակագրությունն էլ իր հերթին արձանագրում է, որ Հայաստանից մարդկային արտահոսքի զգալի մասը դուրս է մնում տեսադաշտից, ինչը պատճառաբանվում է վերջին տարիներին անձնագրային ռեժիմի թուլացմամբ, սահմանային անցման կետերում միգրանտների հաշվառման համակարգի բացակայությամբ եւ այսօրինակ այլ հանգամանքներով: Ռուսաստանում հայտնվելն այժմ որեւէ բարդություն չի ներկայացնում: Բազմաթիվ «տուրիստական» գործակալությունները, որ արդեն «մասնագիտացել» են հայերի խմբերը Վրաստանի տարածքով Ռուսաստան փոխադրելու հարցում, արագ, անվտանգ ու առանց որեւէ խոչընդոտի «գլուխ են բերում» այդ գործը: Ռուսաստանն, ի դեպ, եւս հյուծվում է արտագաղթից, թեպետ պարզ է, որ 140 միլիոն բնակիչ ունեցող երկրի վիճակն արտագաղթի հետեւանքով չի կարող նույնքան օրհասական դառնալ, որքան փոքրիկ Հայաստանի պարագայում: Այդուհանդերձ, ըստ տեղի մամուլի հրապարակումներիՙ կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանն աշխատուժի կարիք ունի, ինչն էլ լրացնում է ԱՊՀ երկրներից ներգաղթողների հաշվին: Ներգաղթողներն ընդամենը 5 տարի հետո կդառնան Ռուսաստանի քաղաքացիներ, իսկ Հայաստանը...
Իսկ Հայաստանը նախապատրաստվում է առաջիկա մարդահամարին: 1989-ից ի վեր Հայաստանում մարդահամար չի անցկացվել, եւ մեզ, ամենայն հավանականությամբ, տխուր մի պատկեր է սպասում: Յուրաքանչյուր ամսվա, յուրաքանչյուր օրվա եւ յուրաքանչյուր հեռացող ավտոբուսի, ինքնաթիռի կամ այլ փոխադրամիջոցի հետ երկրի ժողովրդագրական վիճակն է՚լ ավելի անմխիթար է դառնում: Կցանկանայինք հավատալ, որ արտագաղթի հրեշավոր «մեքենան» հնարավոր է կանգնեցնել, սակայն... Ավտոբուսները հեռանում են. առջեւում են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Ռոստովը, Կրասնոդարը, Սամարան եւ տասնյակ ուրիշ քաղաքներ, որոնք շարունակ հյուրընկալում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: