Ամենացնցող փաստերը, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանի պնդմամբ, դեռ առջեւում են
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ
«Հայաստանում մաֆիան հաղթանակեց, արդյունքում ինձ հեռացրին»: Վերջերս պաշտոնանկ արված ՀՀ բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը պաշտոնից ազատվելուց հետո այս կարծիքին է եւ շարունակում է ցնցող բացահայտումներ նետել հրապարակ: «Կայունություն» պատգամավորական խմբից բնապահպանության նախարար նշանակված պրն Մուրադյանի համար անսպասելի է եղել այդ պաշտոնում հայտնվելը, ինչը սակայն չի խանգարել, որպեսզի պաշտոնավարության մոտ 9 ամիսներին, դեռեւս անցյալ աշնանը կարողանա բացահայտել, որ իր ղեկավարած համակարգում կա հզոր մաֆիա: Մ. Մուրադյանը «Ազգի» հետ զրույցում պնդում էր, որ ինքը ձեռքի տակ ունի մաֆիայի անդամների անունները, մի շարք գործերի մասին փաստաթղթեր, դրանք կհրապարակի մոտակա մամուլի ասուլիսի ժամանակ: Մինչ այդ հայտարարում է միայն երեք գործերիՙ փայտի, ընդերքի ու «Ջերմուկի» մասին, որոնցով ժամանակին զբաղվել է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ըստ որում, իր իսկ նախաձեռնություններով կատարված ստուգումների ու բացահայտումների մասին տեղյակ է պահվել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, սակայն այդ ամենին նրա կողմից ընթացք չի տրվել, եւ վարչապետի հետ եղել են վիճաբանություններ: Մ. Մուրադյանի պնդմամբ, իր պաշտոնավարության ընթացքում ոչ մի անգամ վարչապետը իր հետ «պետական մակարդակի ոչ մի հարցով չի խոսել»: 5 անգամ հրավիրել է իր մոտ, «5-ն էլՙ կադրային հարցերով»: Իսկ երբ խոսքը հասել է անօրինականություններին, վարչապետը խորհուրդ է տվել հեռու մնալ այդ ամենից: Մ. Մուրադյանը հայտնեց, որ վարչապետի հետ վիճելուց հետո հանդիպել է նաեւ ՀՀ նախագահին եւ համակարգում ստեղծված վիճակի մասին տեղյակ է պահելՙ ստանալով նրա ցուցումը շարունակելու սկսված գործը:
Ինչ վերաբերում է փաստերին, առաջինը, ըստ էքսնախարարի, ժամանակին աղմուկ հանած (ինչը ցուցադրվել էր «02» հաղորդաշարով, սակայն հետո հերքվել Հանրային հեռուստատեսության կողմից) Տավուշի մարզի «Սեւքար» անտառտնտեսությունում մոտ 374 մլն դրամի (ինչը հետո դարձվել է 297 մլն) ապօրինի փայտահատումների գործն է, որի բացահայտման արդյունքում կալանավորվել էր ՀՀՇ ղեկավարնեից մեկի եղբայրըՙ Քոթոբելյան ազգանունով: Միջանկյալ տեղեկացվեց, որ ՀՀՇ-ն դեռ տիրապետում է որոշ ոլորտների ու լծակների, այդ թվումՙ «էկոլոգիական մաֆիային»: «Ինչո՞ւ եք կարծում, որ ամեն ինչը մաֆիայի գործն է» հարցին նախկին նախարարի պատասխանը հետեւյալն է. «Եթե երկրի միլիոններն ուտում են ու չեն պատժվում, եթե 9 ամիս տարբեր տեղերում խոսում են նախարարից ազատվելու մասին, էլ ի՞նչ ձեւով կարելի է դա ասել»: Այլ կոնկրետ փաստերի մասին մեր պնդմանը ի պատասխան (ի դեպ, պրն Մուրադյանը շատ հուզված ու նյարդային վիճակում էր, եւ մինչեւ հարցազրույցին համաձայնելը տեղեկացրեց, որ առողջական խնդիրներ ունի եւ բուժվում է) նշվեց մեկ այլ փաստ. անցյալ տարվա նոյեմբերին Անդրանիկ Մարգարյանն անձամբ հանձնարարում է իրեն զբաղվել իր փոխնախարարներից մեկովՙ Կորյուն Հակոբյանով (Հրանուշ Հակոբյանի եղբայրը): Ընդերքի գծով փոխնախարարի գործերը քննելով, Մուրադյանի պնդմամբ, ի հայտ է գալիս 191 հազ. դոլարի յուրացման փաստ: Նա ներկայացնում է փոխնախարարին ազատելու առաջարկ, սակայն, ըստ նրա, վարչապետը հանձնարարում է հետ կանգնել այդ մտքից: Սկսվում է առաջին վիճաբանությունը, որի արդյունքում էլ նախարարը ապավինում է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը: Մ. Մուրադյանը համոզված է, որ «այսօր ՀՀ նախագահին շատ մարդիկ խաբում են, ներկայացնում ոչ ճիշտ իրավիճակը»: Հուլիսի 3-ին, իր պնդմամբ, նախագահի հետ հանդիպումից հետո հարցով զբաղվում է նախագահի վերահսկողական ծառայությունը, որը, սակայն, Մուրադյանի բնորոշմամբ, «նոկաուտի» մեջ է: Երրորդ գործը վերաբերում է «Ջերմուկի» արդյունահանմանը, այսինքն դրա մոնոպոլիստ «Ադամանդ Կ» ՍՊԸ-ին: Նրա ասելով, 99 թ.-ին այս ոլորտի մուծումները պետբյուջեին հսկայական շահույթների դիմաց կազմել են ընդամենը 3 մլն դրամ, իսկ 2000-ինՙ 2 մլն:
Մնացած փաստերը, անուններն ու թվերը թողնելով առաջիկա ասուլիսին («այն ժամանակ կասեմ, թե դատախազությունում ով է գլուխգործոցը, կառավարությունումՙ ով»), Մ. Մուրադյանն անդրադարձավ մեկնաբանություններին ու եզրակացություններին: Նրա պնդմամբ, մաֆիայի բացահայտման ճանապարհին իրեն եղել են բազմաթիվ «գումարային առաջարկություններ», որոնց «եթե համաձայնեի, այսօր ե՚ւ նախարար կլինեի, ե՚ւ բոլորի աչքին լավը»: Դրա հետ մեկտեղ բերվեց մի թիվ. 99 թ. բնապահպանության նախարարությունը «ցույց է տվել» 206 միլիոնի փայտահատման մասին տվյալ, իսկ 2000 թ.-ի 6 ամիսներին (իր նախարարության օրոք) այդ թիվը եղել է 500 մլն. «Եթե ավել 300 միլիոնը ցույց չտայի, յուրացնեի, ավելի ամրապնդած կլինեի իմ տեղը»: Մ. Մուրադյանը կոռուպցիայի մասին խոսակցություններին չի հավատում, քանի որ համոզվել է, թե որտեղ է իսկական կոռուպցիան: Մ. Մուրադյանը մինչեւ նախարար դառնալը, եղել է ԱԺ էներգետիկ հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ եւ այդ մասին եւս ունի իր փաստերը: Նրա խոսքերով, եթե «այդ հանձնաժողովի բոլոր փաստաթղթերը չպահվեին, օրերից մի օր գար արդար կառավարություն, կատարվեր արդար քննություն, կտեսնեիք, թե ի՞նչ կկատարվեր»:
Վերոհիշյալ մտքերից հետո բնական էր պրն Մուրադյանին հարցնելը, թե ինչո՞ւ է հիմա նոր բարձրաձայն խոսում վերոհիշյալի մասին, արդյոք չէ՞ր վախենում ժամանակին պաշտոնը կորցնելուց: Ըստ նրա, բավարար էր միայն այն, որ իր նախաձեռնությամբ իրականացված բացահայտումները գտնվել են դատախազությունում եւ իմացել են բոլորը:
«Մաֆիայի» չափերի ու սեփական բնորոշումների մասին մեր պնդումներին ի պատասխան Մ. Մուրադյանը բավարարվեց միայն նշելով, որ «եթե այս երկիրը 20-25 մարդուց չազատվի, էս երկիրը չի «դզվի»: «Ես հավատացի արդարությանը, բայց արդարություն չկա»: Եվՙ «քանի դեռ այս վարչապետը կա, էս երկրում արդարություն լինել չի կարող»: Եթե այդքան համոզված է մաֆիայի գոյության մեջ, չի՞ վախենում արդյոք: «Ավելի լավ է մեռնեմ պատվով, քան ապրեմ անպատիվ», եղավ պատասխանը:
Հ. Գ. Երեկ ՀՀ կառավարության նիստի ընմիջմանը «Ազգի» հարցին ի պատասխան բնապահպանության նորանշանակ նախարար Վ. Այվազյանն իր նախորդին խորհուրդ տվեց «զերծ մնալ այդ ամենից»: Մ. Մուրադյանը, լսելով այդ խոսքերը, խնդրեց միացնել ձայնագրիչն ու բառացիորեն ասաց. «Վարդա՚ն Այվազյան, դու հազվագյուտ սրիկա ես»: Մուրադյանի պնդմամբ, նույն Վ. Այվազյանն է վարչապետի հետ մտածել իր հեռացման «տրյուկը», որպեսզի պաշտոն ստանա: Իր տվյալներով, Վ. Այվազյանի նշանակած մի մարդու կողմից նրա համար բնակարան են գնել: «Եթե պետք է, բնակարանի հասցեն էլ կասեմ», ասաց նախկին նախարարըՙ այդ եւ այլ կոնկրետ փաստերը թողնելով, ենթադրաբար, առաջիկա ասուլիսին: