ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ անվտանգության խորհրդի երեկ կայացած հերթական նիստում հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ ԱԽ-ն որդեգրելու է նորՙ ավելի աշխույժ աշխատաոճ, գտնելով, որ խորհրդակցական այս մարմինը պետք է ոչ միայն արձանագրի, այլեւ պատասխանատվության իր բաժինը ստանձնի երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման համար:
Ըստ նախագահի մամլո գրասենյակի լրատվության, նիստի օրակարգում ընդգրկված է եղել հարցերի լայն շրջանակ: Խորհուրդը քննարկել է հանրապետության գյուղատնտեսության ոլորտում արմատական բարեփոխումներ նախատեսող ծրագրերի փաթեթը, որոնք նպատակաուղղված են հանրապետության հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, անհատական տնտեսությունների հզորացմանը, գյուղատնտեսության վրա տարերային աղետների ներգործության նվազեցմանը: ԼՂՀ պետական անկախության հռչակման 10-ամյակի կապակցությամբ Ղուկասյանը կառավարությանը հանձնարարել է մշակել եւ ԱԽ առաջիկա նիստին ներկայացնել միջոցառումների ծրագիր:
Ի թիվս այլ խնդիրների, ԼՂՀ նախագահը ԱԽ անդամների ուշադրությունը հրավիրել է վերջերս տեղ գտած ճանապարհատրանսպորտային պատահարների աճի վրա: Իրավապահ մարմիններին հանձնարարվել է խստացնել հսկողությունը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներինՙ անկախ հասարակական դիրքից եւ զբաղեցրած պաշտոնից: