Խորհրդարանի երեկվա նիստը սպասվածից կարճ տեւեց: Պատգամավորները մեկը մյուսի հետեւից առաջին ընթերցմամբ ընդունեցին մի շարք, այդ թվում նախօրեին երկար եւ հանգամանալից քննարկման փուլ անցած «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծերը: Այնուհետեւ, «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը սկզբունքորեն համաձայնեց պատգամավորների կողմից արված մի շարք առաջարկներին: Դրանք էինՙ «Զվարթնոց» օդանավակայանի լիազորագրային կառավարման հանձնելն առանձին օրենքով, «Հայխնայբանկի» մասնավորեցումը «Բանկերի մասին» օրենքով կատարելը, լեռնամետալուրգիական համալիր չորս ձեռնարկությունների (Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային, Ղափանի եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատները) մասնավորեցումը «Կոնցեսիաների մասին» օրենքի ընդունումից հետո, իսկ եթե դրանից առաջ է, ապա նույնպես առանձին օրենքով կատարելը: Ընդունվել է նաեւ Սեւան-Հրազդան, Որոտանի ՀԷԿ-երի կասկադները, Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երն առանձին օրենքով մասնավորեցնելու առաջարկը:
Հասարակական առանձնահատուկ ուշադրության արժանացած մեկ այլՙ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման հարցի վերաբերյալ ընդունվել են պատգամավորների ներկայացրած 30 առաջարկություններից 28-ը: Օրենքի նախագիծը ներկայացնող պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ մասնավորապես պաշտոնյաները գույքն ու եկամուտները պետք է հայտարարագրեն նաեւ պաշտոնաթողությանը հաջորդող 5 տարիների ընթացքում: Այնուհետեւՙ գույքն ու եկամուտները հայտարարագրվելու են միասին, այլ ոչ թե առանձին-առանձին: Այդ գործընթացը պետք է կատարվի մինչեւ յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը, այլ ոչ թե մինչեւ մարտի 1-ը: Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ պերճանքի առարկաները չեն հայտարարագրվելու, քանի որ դժվար է դրանք վերահսկելը: Հարկ է նշել, որ այս օրենքն ընդհանրապես դժվար կիրառելի է եւ չունի գործելու անհրաժեշտ մեխանիզմներ: Դա փաստորեն չժխտեց նաեւ պետական եկամուտների փոխնախարարը, նշելով, որ սա այս ոլորտը կարգավորող միայն առաջին օրենքն է, եւ եւս մի քանի օրենքների անհրաժեշտություն կա:
Այս հարցի քննարկումից հետո կեսօրին նախագահող Արմեն Խաչատրյանը նիստը հայտարարեց փակված: Իսկ այսօր տեղի կունենան մի շարք օրենքների երկրորդ ընթերցմամբ քվեարկություններ, որոնց թվում է նաեւ առաջին քվեարկությունն անցած «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ