ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2000 թ. հունիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում 1992-1999 թթ. ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, էներգետիկ համակարգին ուղղված վարկերի օգտագործման բնագավառում թույլ տրված չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել: ՀՀ արդյունաբերության նախկին նախարար Աշոտ Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրվել 4 մլն դոլարի գազ վատնելու համար:
Նախաքննական մարմինը, սակայն, հետագայում հանցակազմի բացակայության հիմքով կարճել է քրեական գործը Ա. Սաֆարյանի նկատմամբ, դադարեցրել քրեական հետապնդումը, վերացրել ընտրված խափանման միջոցը եւ գույքի վրա դրված կալանքը:
Հիշեցնենք, որ ըստ նախաքննության տվյալների, 1995 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ա. Սաֆարյանը վատնել էր անմիջականորեն իր ենթակայության տակ գտնվող առանձնապես խոշոր չափերի պետական գույքըՙ նախարարության կազմի մեջ գտնվող «Դվին կոնցեռն» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված 49.799.500 խմ 4.083.554 ԱՄՆ դոլար արժողությամբ գազըՙ այն կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով անհատույց բաց թողնելով Վրաստանի Ռուսթավի քաղաքի «Ազոտ» քիմ. կոմինատին: «Ազոտ» քիմ. կոմբինատի պարտքը «Դվին կոնցեռնին» 2.105.046 դոլարից հետագայում հասել էր 6.188.600 դոլարի, այսինքնՙ վատնվել էր 4.083.554 դոլար արժողությամբ գազ:
Քննչական մարմնի կողմիցՙ ՀՀ կառավարության եւ «Դվին կոնցեռն» ՓԲԸ պաշտոնատար անձանց հետ համաձայնեցված կարգով ձեռնարկվել են լրացուցիչ միջոցներՙ «Ազոտ» քիմ. կոմբինատի ունեցած պարտքը մարելու ուղղությամբ: Այս տարվա մայիսի վերջին արդեն «Ազոտ» քիմ. կոմբինատը կանխիկ վերականգնել է 29.080 ԱՄՆ դոլար, իսկ ավելի ուշՙ եւս 30.920 դոլար: Ի պատասխան ՀՀ վարչապետի 23.04.2001 թ. նամակի, Վրաստանի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Ի. Չխարտիշվիլին նամակով հայտնել է, որ նախարարությունն ընդունում է հիշյալ պարտքը լրիվ չափով եւ կձեռնարկի լրացուցիչ միջոցներՙ այն հնարավոր սեղմ ժամկետում ապրանքային առաքումների միջոցով մարելու համար: Պարտքի մարման գործընթացի վերսկսման մասին ՀՀ գլխավոր դատախազությանը միաժամանակ տեղեկացրել է նաեւ «Դվին կոնցեռնը»:
Նշանակված դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ արդեն իսկ մարվել է 60.000 ԱՄՆ դոլարի չափով պարտքը եւ երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել 2001-2002 թթ. ընթացքում այն «Ազոտ» քիմ. կոմբինատի արտադրության ապրանքային առաքումների միջոցով լիովին մարելու վերաբերյալ: Ուստի նման պայմաններում «Դվին կոնցեռն» ՓԲ ընկերությունը ունի չմարված գումարի չափով դեբիտորական պարտք, որը վնաս չի կարող դիտվել: Փորձագետի այդ եզրակացությունն էլ հիմք ընդունելով, նախաքննական մարմինը դադարեցրել է Ա. Սաֆարյանի նկատմամբ քրեական հետապնդումը: