«Ազատ Արցախ», «Ապառաժ», «Մարտիկ», «Հայրենիք»
Արցախյան մամուլը պայմանականորեն կարող ենք բաժանել երեք շրջանիՙ մինչխորհրդային, խորհրդային եւ հետխորհրդային: Անդրկովկասի հայ մշակութային կենտրոններից Շուշին իրավամբ համարվում է հայկական պարբերական մամուլի «դարբնոցը». մինչեւ 1923 թ., երբ ձեւավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), ըստ էության հայկական Արցախիՙ Ադրբեջանին բռնակցմանը տրվեց իրավական հիմք, Շուշիում հրատարակվել են 21 անուն թերթ եւ հանդես, որից 19-ըՙ հայերեն, 2-ըՙ ռուսերեն: 1828 թ. Շուշիում հիմնադրվեց տպարան, ինչը պարարտ հող ստեղծեց պարբերական մամուլի հրատարակման համար: Արցախյան առաջին պարբերականը 1874 թ. լույս տեսած «Հայկական աշխարհն» էր: Ապագայում հրատարակվեցին «Քնար խոսնակը», «Գործ» հանդեսը, «Ազգագրական հանդեսը», «Ղարաբաղ» եռօրյան, ռուսատառ «Շուշինսկի լիստոկ» շաբաթաթերթը, «Շուշինսկի ժիզն»-ը, այլ թերթեր, հանդեսներ:
Եթե մինչխորհրդային շրջանում Արցախում չկար թուրքալեզու եւ ոչ մի պարբերական, ապա խորհրդային շրջանում լույս տեսած առաջին երկու պարբերականներըՙ «Ջավան աքինչին» (Երիտասարդ հողագործ) եւ «Ղարաբաղ էքինչիսին» (Ղարաբաղի հողագործ) ադրբեջաներենով էին: ԼՂԻՄ-ում լույս տեսնող հիմնական թերթերը երկուսն էինՙ «Խորհրդային Ղարաբաղը» եւ «Սովետսկի Կարաբախը» (ռուսերեն): «Խորհրդային Ղարաբաղը» լույս է տեսել 1923 թ., սկզբումՙ «Ղարաբաղի գեղջուկ», ապա «Խորհրդային Ղարաբաղ», «Սովետական Ղարաբաղ», կրկին «Խորհրդային Ղարաբաղ» անուններով:
Արցախի 1991 թ. անկախության հռչակումով եւ ԼՂՀ-ի հաստատումով անկախություն ձեռք բերեց նաեւ արցախյան մամուլը: Այսօր ԼՂՀ-ում լույս տեսնող առաջատար պարբերականները չորսն ենՙ «Ազատ Արցախ», «Ապառաժ», «Մարտիկ», «Հայրենիք»:
ԼՂՀ Ազգային ժողովի եւ կառավարության պաշտոնաթերթ «Ազատ Արցախը» լույս է տեսնում շաբաթը երեք անգամ, ունի շաբաթական հավելվածՙ ռուսերեն տարբերակով: Պաշտոնական լրատվությունից զատ, որը տեղ է գտնում թերթի առաջին եւ երկրորդ էջերում, «Ազատ Արցախում» կարելի է կարդալ չափազանց հետաքրքիր եւ ուշագրավ հրապարակումներ, վերլուծական հոդվածներ: Թերթն ունի մի քանի կայուն խորագրերՙ զինուժ, միջավայր, իրավական, մայրաքաղաք, մշակույթ, Եվա (կանանց հիմնահարցեր) եւ այլն: «Ազատ Արցախի» համարներում հանդիպեցի հայաստանյան մամուլում ոչ անհայտ հեղինակների վերլուծականներիՙ Ալեքսանդր Գրիգորյան, Ալեքսանդր Մանասյան, Զորի Բալայան: Խմբագիրը Հայկազն Ղահրիյանն է:
«Հայրենիք» շաբաթաթերթը «Ժողովրդավարական Արցախ» միության (ԺԱՄ) պաշտոնաթերթն է: Սկսել է հրատարակվել վերջերս, լույս է տեսել հասարակական-քաղաքական շաբաթաթերթի երկու համար: Առաջին համարում «Ոչ թե խոստումներ տալու, այլ գործելու ժամանակն է» վերնագրով հարցազրույցում ԺԱՄ կենտրոնական խորհրդի համակարգող Աշոտ Ղուլյանը ներկայացնում է ԼՂՀ պետականության կայացման գործում իրենց առջեւ ծառացած խնդիրներն ու ծրագրերը, ներքաղաքական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրները, որոնք, ըստ Ղուլյանի, հրատապ լուծում են պահանջում: «Հայրենիքի» լույս ընծայման նպատակները պարզ են. ընթերցողին ներկայացնել ԺԱՄ-ի որդեգրած քաղաքականությունը, նախապատրաստել սեպտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
«Ապառաժ» երկշաբաթաթերթը ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթն է, արտահայտում է դաշնակցության տեսակետները երկրի արտաքին քաղաքականության, ներքին կացության, ներքաղաքական զարգացումների, տնտեսության, այլ հրատապ հարցերի առնչությամբ: Յուրաքանչյուր համարում ունի մեկ երիտասարդական էջ, խմբագրական, գաղափարական առանձին էջ, որտեղ «Մեկ դեմք, մեկ դեպք» խորագրի տակ կարելի է ծանոթանալ դաշնակցական երեւելի գործիչների կյանքին եւ կուսակցական գործունեությանը: Ուշագրավ են առաջին եւ վերջին էջերում պարբերաբար մեջբերումները նշանավոր մարդկանց մտքերից, ինչպեսՙ «Վատ պետական գործիչներն ընտրվում են քվեարկությանը չմասնակցող լավ քաղաքացիների կողմից», «Երբ խելոքը քեզ կշտամբում է, վնաս է, բայց երբ գովում է հիմարը, ավելի վատ է»: Անկեղծորեն պիտի խոստովանենք, որ «Ապառաժը» նյութերի բազմազանությամբ, հոդվածների եւ վերլուծականների լրջությամբ չի զիջում Երեւանում լույս տեսնող «Երկիր» եւ «Հայոց աշխարհ» օրաթերթերին:
«Մարտիկ» շաբաթաթերթը ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտոնաթերթն է, Արցախում լույս տեսնող պարբերականների շարքում ունի ամենամեծ տպաքանակը (2.000 օրինակ), ամենաէժանն է (40 դրամ), խմբագիրը Մարսել Պետրոսյանն է: Ուշագրավ են «Ազատամարտիկի օրագրից», «Էսքիզներ արցախյան պատերազմից» խորագրերի տակ տպագրվող հուշերը: ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայրենիքի համար նահատակվածների եւ անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ ասում է. «Մենք անուն առ անուն հիշում ենք բոլոր նրանց, ովքեր հանուն Արցախի ազատության, սահմանների պաշտպանության, պետականության կայացման եւ ամրապնդման չխնայեցին մարդուն շնորհված ամենաթանկ պարգեւըՙ իրենց երիտասարդ կյանքը: Հավատով սպասում ենք մեր անհետ կորած հայրենակիցների վերադարձին, մեկ առ մեկ հիշում նրանց պայծառ անունն ու գործը»:
Թ. Հ.