Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ
Վերջերս հայտարարվել է Թուրք-հայկական հանձնաժողովի ստեղծման եւ վերջինիս գործունեության սկզբունքների մասին:
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը հայտարարում էՙ
- հայ-թուրքական հասարակական երկխոսությունն արդի քաղաքական զարգացման փուլում անհրաժեշտություն է.
- երկխոսությունն արդյունավետ է, եթե
ա) արտահայտում է երկու երկրների հասարակության առավել ընդհանրական տեսակետը.
բ) հանձնաժողովի ձեւավորման փուլում նրա հետագա աշխատանքի օրակարգը եւ կազմը ձեւավորվում է երկու ժողովուրդների հասարակության լայն շրջանակների գիտությամբ.
գ) բացակայում է անընդունելի գաղտնիության մթնոլորտը ոչ պետական, հասարակական հանձնաժողովի ձեւավորման ընթացքում:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը գտնում է.
- Որեւէ երրորդ պետության կողմից ֆինանսավորման եւ ուղղորդման պարագայում նման մարմնի գործունեությունը դառնում է ապազգային, չի կրում հասարակական բնույթ.
- ընդունելի չէ, որ հայաստանյան կողմը ներկայացված է ռեւանշիստական քաղաքական շրջանակի ներկայացուցիչների կողմից, որոնք չեն արտահայտում Հայաստանի հասարակության տեսակետը խնդրո առարկայի կապակցությամբ:
Անհրաժեշտ է իրականացնել հայ-թուրքական երկխոսության այնպիսի ձեւեր, որոնք իրենց բովանդակային իմաստով ընդունելի լինեն Հայաստանի հասարակական, կրոնական, գիտական, քաղաքական շրջանակների, սփյուռքի կարեւորագույն ազգային կառույցների համար: