«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2001-07-28 | #142, 2001-07-31 | #143, 2001-08-01


«ԱԺՄ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻ ԽՈՒՄԲ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄՙ ՓՈՐՁԵԼՈՎ ՈՒԶՈՒՐՊԱՑՆԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

ՄԱԱ-ում հայտարարեց Վազգեն Մանուկյանը

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հուլիսի 31-ին լրագրողները հանդիպեցին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Հրատապ թեման ԱԺՄ-ի խորացող ճգնաժամն էր, ուստի հենց սկզբից Վ. Մանուկյանին խնդրեցինք ներկայացնել այդ ճգնաժամի ակունքները, թե երբ եւ ինչից ծայր առավ պառակտումը: ԱԺՄ նախագահը նախ ափսոսանք հայտնեց, որ չնայած հնարավորինս աշխատել է խուսափել «ներքաշվել այսպիսի փոքր վեճերի, կռիվների մեջ, բայց վերջը ինձ էլ ներքաշեցին»: Ապա շարունակեց. «Մինչեւ 1998 թ. մեր կուսակցությունը կուռ եւ կազմակերպված կառույց էր, ուներ գաղափարախոսություն, վառ արտահայտված լիդերներ: 1998 թ. ընտրություններից հետո ԱԺՄ-ն սկսեց քանդվել: 98-ի ընտրությունները շատ դառնություն առաջացրին բոլորի մոտ, քանի որ արդյունքն անսպասելի էր: Զարմանալին այն էր, որ իմ շրջապատի մեջ դառնությունն ավելի մեծ էր, քան իմ, քանի որ ես բնական էի համարում կատարվածը»: Ըստ Մանուկյանիՙ ընտրություններից հետո կուսակցությունում ծայր առան վեճեր, որոնց առանցքն այն էր, որ այս ժողովրդով ոչինչ անել հնարավոր չէ, ուստի պետք է, ըստ մի մասի, պետական լծակների տիրել: Նման հակասություններով լի մթնոլորտում էլ, ըստ ՄԱԱ-ի հյուրի, ԱԺՄ-ն գնաց 1999-ի ընտրություններինՙ հազիվ հավաքելով «իրեն ոչ սազական 5 տոկոս արդյունքը»:

«Հետագայում վեճերն ավելի թեժացան, եւ այն մարդիկ, որոնք ավելի պրագմատիկ էին, նրանց պրագմատիզմն աստիճանաբար վերածվեց ցինիզմի»: «Նրանց բացարձակապես չի հետաքրքրում ժողովրդի կարծիքը, վերջերս ավելի ու ավելի էի զգում, որ նրանց հետաքրքրում է միայն իշխանությունների կարծիքը»: Դրա արդյունքում աստիճանաբար «նվազեց ձգտում ունենալու եւ իրականացնելու քաղաքական եւ պետական մեծ նպատակներ»: ՄԱԱ-ի հյուրը խոստովանեց, որ երեւի թե ինքը ճիշտ չի գնահատել իրավիճակը ԱԺՄ վերջին համագումարում, երբ փորձում էր թույլ չտալ պառակտումը, որն ըստ էության այդ ժամանակ արդեն իսկ փաստ էր: Ըստ Մանուկյանի, ինքը փորձեց թույլ չտալ ջարդել Դ. Վարդանյան-Ս. Ավագյան խմբին, սակայն նրանք օգտվեցին իրավիճակից եւ կարողացան «վարչությունը վերցնել իրենց ձեռքը, ինչի արդյունում հեռացան Շ. Քոչարյանը, Ա. Սադոյանը»: Նա ավալացրեց, որ այդ վարչության հետ ինքն անձամբ չկարողացավ աշխատել. «այդ մարդկանց հետ ես անձամբ ընդհանուր ճանապարհ չունեմ եւ նրանց միջոցով Հայաստանում որեւէ լավ բանի հասնել չենք կարող»:

Մանուկյանին ներկայացված մեղադրանքներից մեկն էլ այն է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ԱԺՄ նախագահը: Այդ առումով վերջինս նկատեց, թե ինքը որպես կազմակերության նախագահ որոշակի պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, բայց նույնչափ պատասխանատվություն է կրում նաեւ վարչությունը: Ըստ նրաՙ այդ խմբում չկան մարդիկ, որոնք «կարող են հանրապետությունը կամ կուսակցությունն առաջ տանել, դա մի խումբ է, որը իր անձնական շահերն է առաջ տանում, ըստ այդմ կրկնելով այն մեթոդները, որոնց դեմ ժամանակին պայքարում էր ԱԺՄ-ն»:

Պատասխանելով իր հասցեին հնչած մյուս մեղադրանքին, ըստ որի Մանուկյանը ԱԺՄ կանոնադրությամբ ուզում էր ստեղծել մեկ անձի կուսակցությունՙ «ռազմաֆեոդալական» կառույց, վերջինս նկատեց, թե ԱԺՄ-ի կանոնադրությունը ապահովում էր ներկուսակցական ժողովրդավարությունը, եւ ԱԺՄ-ում երբեք բռնապետական վիճակ չի եղել: Իհրակե, կուսակցությունում պետք է իրականացնել բարեփոխումներ, բայց մյուս կողմից «պարզ դարձավ, որ ԱԺՄ-ում թե վարչության ձեւավորման, թե այլ կարեւոր հարցերի ժամանակ մեծ դեր են խաղում ինտրիգները, որոնց արդյունքում կարող է ձեւավորվել կուսակցական թայֆա»:

Մանուկյանը մի քանի մեկնաբանություն տվեց նաեւ ԱԺՄ խմբակցության նախագահի պաշտոնից իրեն ազատելու որոշմանըՙ այն որակելով «ծայրահեղ անպարկեշտ, քանի որ անբնական է, որ երկու հոգի հավաքվում են եւ կայացնում կուսակցության համար ֆունդամենտալ մի որոշում»: Ինչ վերաբերում է խորհրդի նիստին, ապա նա տեղեկացրեց, որ խորհրդի 45 անդամների 2/3-ի ներկայությունն է միայն ապահովում անհրաժեշտ քվորումը, եւ մյուս խմբին անվստահություն կարող է հայտնել միայն 2/3-ը: Հաշվի առնելով այս հանգամանքըՙ մյուս կողմն ամեն ինչ արեց, որ քվորում չլինի, թեպետ 27 կառույցների ներկայացուցիչներ ստորագրել են նրանց անվստություն հայտնելու որոշումը:

Համանման երեւույթներ լինում են նաեւ այլ կուսակցություններում, արդյոք Մանուկյանը համաձա՞յն է այն տեսակետին, որ այդ երեւույթները հրահրված են իշխանությունների կողմից: ՄԱԱ-ի հյուրը նկատեց, որ, իհարկե, օրինաչափություններ կան, բայց կա նաեւ օբյեկտիվ իրավիճակ, ուր քաղաքական դաշտը հայտնվել է 1998, 99 թթ. ընտրություններից հետո: Միաժամանակ նա նկատեց, որ եթե կառույցը նորմալ է եւ առողջ, դրսի ազդեցության ենթարկվել չի կարող: Շարունակելով զուգահեռը ԱԺՄ-ի ՀԺԿ-ի տրոհումների միջեւՙ Մանուկյանը նկատեց, որ «ԱԺՄ-ի տրոհումն ավելի ողբերգական է, քան ՀԺԿ-ինը, քանի որ ՀԺԿ-ն որպես կուսակցություն ձեւավորված չէ, մի քանի տարի է պետք, որ կուսակցությունը դուրս գա անձերից եւ դրվի անկախ մեխանիզմների վրա, Դեմիրճյանի մահից հետո այդ կուսակցությունը խումբ մնաց»: ԱԺՄ-ն կայացել էր որպես կուսակցություն, որն ուներ հստակ գաղափարախոսություն, ավելացրեց Մանուկյանը:

ԱԺՄ նախագահին հարց տրվեց, ըստ որի կարծիք կա, որ ողջ այս կամպանիան կազմակերպված է Դավիթ Վարդանյանի կողմից: Ակումբի հյուրը պատասխանեց, որ վերջին հաշվով կարեւորն այն չէ, թե ով է կազմակերպում, այլ այն, որ «կուսակցության ներսում մարդկանց խումբՙ թայֆա, հեղաշրջում է իրականացնում իշխանությունը վերցնելով ոչ թե ինձնից, այլՙ կուսակցությունից, ԱԺՄ-ում թողնելով միայն իրենց նման մարդկանց, որոնք փորձում են ուզուրպացնել կուսակցությունը»:

Մանուկյանը նկատեց, որ թե Ս. Ավագյանը, թե Ֆ. Բերիկյանը ԱԺ մեծամասնական ընտրություններում իրենց ընտրատարածքներում շատ ավելի քիչ ձայն են հավաքել, քան ԱԺՄ-ի այլ անդամներ, որոնք պատգամավոր չեն դարձել կուսակցական ցուցակներով, ինչպես ցուցակի սկզբնամասում հայտնվածները: Նրանք քվե ստանալ առաջիկայում եւս չեն կարող, «ոչ ոք նրանց հետեւից չի գնա, ուստի նրանց մնում է իշխանության վրա հենվելով ինչ-որ բանի հասնել»: Այդ իսկ պատճառով նրանք ուզում են ԱԺՄ կուսակցությունը պահել իրենց ձեռքում:

«Երկու տարվա ընթացքում նվաստացնող այս ներքին կռիվները, վեճերը, ոչ պարկեշտ պահվածքը հանգեցրին նրան, որ ԱԺՄ-ն կորցրեց իր նախանշված տեղը քաղաքական դաշտում, ուր պակասում են հենց ազգային-ժողովրդավարական գաղափարներըՙ վառ արտահայտված լիդերներով: ԱԺՄ-ն այդ տեղը զիջել է, բայց Ֆիլարետն ու Սեյրանը այդ տեղը զբաղեցնել չեն կարող»: «Ով կկարողանա այդ տեղը զբաղեցնել, կամ կզբաղեցվի թե ոչ, չգիտեմ, բայց ես ազգային-ժողովրդավարական գաղափարախոսությանը մեծ տեղ եմ տալիս, բայց թե ինչ դերակատարներովՙ հիմա դժվարանում եմ ասել», նկատեց ՄԱԱ-ի հյուրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4