Վրաց եւ ադրբեջանցի փորձագետները «Շահդենիզ» հանքավայրից Բաքու-Թբիլիսի-Էրզրում կառուցվելիք խողովակաշարով ադրբեջանական գազն առաքելու պայմանների շուրջ համաձայնության չեն եկել, որի պատճառով նախագահ Էդ. Շեւարդնաձեն հետաձգեց հուլիսի 27-ին Բաքու նախատեսված իր մեկօրյա աշխատանքային այցը: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տեղեկացրել է Բաքվի ամերիկյան դիվանագիտական մի աղբյուր:
Վերջին ամիսներին վրաց-ադրբեջանական հարաբերություններն անշեղորեն լարվում են. պատճառներից մեկը, ինչպես պնդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Վրաստանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ պաշտոնական Թբիլիսիի խտրական քաղաքականությունն է: Ադրբեջանում Վրաստանի առեւտրատնտեսական կապերով նախկին ներկայացուցիչ Քյամալ Մուրադխանովը «Զերկալո» թերթում ասել է. «Քանի դեռ իշխանության ղեկին Էդ. Շեւարդնաձեն է, Վրաստանից ադրբեջանցիների տեղահանում չի սպառնում: Բայց հայտնի չէ, թե Շեւարդնաձեից հետո ով կղեկավարի Վրաստանը»:
Նշենք, որ այս տարվա մարտին վրաց-ադրբեջանական սահմանային «Կարմիր կամուրջ» վայրում Սադախլո գյուղի 25-ամյա բնակիչ Ֆիզուլի Հուսեյնովին գնդակահարած վրաց սահմանապահը, ինչպես նաեւ Բոլնիսում երեք ադրբեջանցիների խոշտանգած վրաց «օրինապահները» մինչ օրս ազատության մեջ են: