«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2001-07-28 | #142, 2001-07-31 | #143, 2001-08-01


ՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱԼԱԾ ՅՈՒՂԻ ՏԵՂ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՍԱԾՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Հուլիսի 29-ին Անթալիայում «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերը ելույթ ունեցավ եւ նշեց, որ թուրքական կառավարությունը վերջին երկու տարվա մեջ դրսից 30 մլրդ դոլար պարտք է վերցրել: 1999 թ. Թուրքիան փակել էր 111 մլրդ դոլար արտաքին պարտքով: Եթե Չիլլերի հավաստած 30 միլիարդը գումարենք արտաքին պարտքի այդ ցուցանիշին, կստացվի 141 մլրդ դոլար, այսպիսով կստանանք Թուրքիայի արտաքին պարտքի ներկայիս ծավալը: Թուրքական իրականության համար հարցը, սակայն, սոսկ արտաքին պարտքը չէ, այլ տնտեսաֆինանսական ճգնաժամի ծավալները նաեւ: Դրանք պայթյունավտանգ են դարձրել երկրի սոցիալական դրությունը, իսկ էներգետիկ ճգնաժամը, որպես ներդրումների դադարեցման գլխավոր նախապայման, եկել է մթագնելու նրա ապագան:

Էներգետիկայի նախկին նախարար Էրսումերը մինչեւ իր հրաժարականը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Թուրքիայի արեւելյան շրջաններում քաղաքների էլեկտրաէներգիայի կարիքները գոնե մասնակիորեն հոգալու համար կառավարությունը Վրաստանից էներգիա է ներմուծում: Քանի որ Վրաստանը ինքը դրա խիստ կարիքն է զգում, ուրեմն թուրքական կառավարությանը հաջողվում է այդ քաղաքների կարիքները հոգալ հայկական էլեկտրաէներգիայով:

Հայատյացության թուրքական դրսեւորումները մի կողմ, տնտեսական, ֆինանսական եւ էներգետիկ խորը ճգնաժամ ապրող Թուրքիան եթե նույնիսկ ցանկանա, միեւնույն է, Հայաստանին օգնել չի կարող, որովհետեւ ինքն է օգնության կարոտ: Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի տնտեսական զարգացումը պայմանավորվում է Թուրքիայի հետ նրա համագործակցությամբ: Դրա համար, որ այդպես են պահանջում թուրք-ամերիկյան շահերը: Ինչո՞վ դա բացատրել: Այդ հարցին էլ պատասխանում է հայտնի թուրք քաղաքագետ, Անկարայի համալսարանի պրոֆ. Հասան Քոնը, ասելով. «Քանի դեռ Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են, անհնար է ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում սահմանափակել: Դրա համար անհրաժեշտ է Հայաստանից հեռացնել Ռուսաստանին, որպեսզի ռուսական ազդեցությունը ձեւական դառնա»:

Մենք ավելացնենք, որ եթե Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում դարձավ ձեւական, ապա Հայաստանը, զրկված լինելով Թուրքիայի սպառնալիքներին դիմակայելու հնարավորությունից, կդառնա նրա կամակատարը: Քանի որ Թուրքիան ինքը կամակատար է, ուստի Հայաստանը կդառնա նաեւ ԱՄՆ-ի կամակատարը: Պարզ ասածՙ այս կամակատարությունը միջնորդավորված կլինի Թուրքիայով: Թվում էր, թե Հայաստանի տնտեսական զարգացումը Թուրքիայի հետ նրա համագործակցությամբ պայմանավորելու առումով «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը» չափազանց «նշանակալից» քայլ է: Եթե այդ համագործակցության միտումները պրոֆ. Քոնին է բացահայտում, ապա Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանն էլ բացահայտում է հանձնաժողովի միտումները:

«Ազգի» հուլիսի 25-ի համարում հատվածաբար տպագրված հարցազրույցով Վան Գրիգորյանը «Որո՞նք են ձեր քննարկած գլխավոր խնդիրները» հարցին պատասխանում է. «Շատ հարցեր կան: Անշուշտ, դրանցից առաջինը Հայոց ցեղասպանության հարցն է: Հանձնաժողովում խոսել ենք այս մասին»: Մեկ այլ հարցի պատասխանելիս Վան Գրիգորյանը խոսքը նորից բերում է Հայոց ցեղասպանությանն ու ավելացնում. «Թուրքական կողմի ներկայացուցիչները բոլորն անխտիր ասացինՙ ազգային գիտակցությունը չի թույլատրում ընդունել, որ իրենց պետությունը այդքան վատ արարք է գործել: Իրենք այլ կերպ են դաստիարակվել, հետեւաբար ոչ մի քաղաքական կամ պետական գործիչ չի կարող ընդունել դա, որովհետեւ ազգային արժանապատվության խնդիր գոյություն ունի»:

Այլ կերպ Հայոց ցեղասպանության ճանաչումը բախվում է թուրք քաղաքական եւ պետական գործիչների ազգային արժանապատվությանը: Ինչ վերաբերում է նրանց ազգային գիտակցությանը, ապա դա ընդամենը թույլատրում է ուրանալ պատմական ճշմարտությունը: Ուրեմն «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովում» Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները միտված են լինելու համոզել հայկական կողմին, որպեսզի նա իր հերթին հայ ժողովրդին համոզի ապահովելու համար ուրացման թուրքական դրսեւորումների հետ նրա համակերպվածությունը:

Սրանք հայտնի միտումներ են, դրանց անդրադառնալու համար Վան Գրիգորյանի հարցազրույցին անդրադառնալու կարիքը թերեւս չզգացվեր, եթե վերջինս հալած յուղի տեղ ընդունելով հանձնաժողովի թուրք ներկայացուցիչների ասածներըՙ չշարունակեր. «Նրանք ինձ բերեցին մի օրինակ, ըստ որի Թուրքիան բնավ ներողություն չի խնդրել որեւէ բանի համար: Իրենք ասում ենՙ «այսպես կոչված քրդական հարց», «այսպես կոչված տնտեսական տագնապ» եւ այլն: Նմանապեսՙ «այսպես կոչված ցեղասպանություն»: Մենք ամեն ինչ «այսպես կոչված ենք» անվանում, ամեն ոք գիտի, թե ինչը նկատի ունենք»:

Հավանաբար Վան Գրիգորյանը տեղյակ չէ, որ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը» նրանք այսպես կոչված չեն անվանում: Ուրեմն ամեն ինչ չէ, որ այսպես կոչված է անվանվում: Թուրքիայում քրդական հարցը մինչեւ 90-ականների սկզբներն էին այսպես կոչված անվանում: 1992-ին հարցի գոյությունն ընդունեցին նախագահ Օզալը, վարչապետ Դեմիրելը, նրա գլխավորած թուրքական կառավարությունը, ապա քաղաքական կուսակցությունների ղեկավարները: Այսպիսով, Թուրքիայում քրդական հարցը դադարեց «այսպես կոչված» անվանվել: Տնտեսական ճգնաժամը չեն էլ կարող «այսպես կոչված» անվանել, որովհետեւ դրա հաղթահարման համար Միջազգային արժութային հիմնադրամի առջեւ կառավարության կատարած զիջումները թուրքական թերթերում բացատրվել են երկրի ղեկավարության էլ ազգային արժանապատվության բացակայությամբ: Օրինակ, հուլիսի 4-ին թերթերն ընդգծեցին. «Վատ չէր լինի, եթե Թուրքիայում վարչապետին ՄԱՀ-ը նշանակեր կամ ընտրեր երկրի նախագահին»: Հաջորդ օրը «Թաքվիմը» գրեց. «Մի՞թե թուրքերն այն ազգն են, որ ՄԱՀ-ից դրամ մուրան»:

Թուրքերը ոչ միայն ՄԱՀ-ից, նույնիսկ Լյուքսեմբուրգից են դրամ մուրացել: Ուրեմն պետք է ենթադրել, որ թուրք պետական եւ քաղաքական գործիչների ազգային արժանապատվությունը վիրավորում է միայն պատմական ճշմարտությունը, իսկ դրամ մուրալըՙ շոյում: Այդ իսկ պատճառով նրանք Հայոց ցեղասպանությունը դարձնում են արժանապատվության հարց, իսկ դրա ուրացումը պայմանավորում են իրենց ազգային գիտակցությամբ:

Ինչ վերաբերում է «Թուրքիայի որեւէ բանի համար բնավ ներողություն չխնդրելու» հանգամանքին, ապա հիշեցման կարգով նշենք, որ 1997 թ. մարտի 25-ինՙ Գերմանիայի արտգործնախարար Քլաուս Քինկելի այցի նախօրյակին, երբ վարչապետ Էրբաքանը Մեջլիսում հայտարարեց, թե Եվրոպան գլուխ է խոնարհելու Թուրքիայի առջեւ, Քինկելը դեռ կհամոզվի դրանում, վերջինս անմիջապես հրաժարվեց այցից: Թուրքիայի արտգործնախարարությունը ներողություն խնդրեց Էրբաքանի խոսքերի համար, որից հետո Անկարա ժամանելովՙ Քինկելն այդ նույն Մեջլիսում ասաց. «Ցանկանում եմ ընդգծել, որ Թուրքիայի առջեւ գլուխ խոնարհելու ոչ պատճառ ունեմ, ոչ էլ դրա կարիքն եմ զգում»:

Ուրեմն Թուրքիան ներողություն, այնուամենայնիվ, խնդրել է: Եթե «Հայ-թուրքական հանձնաժողովի» թուրք ներկայացուցիչների հիշողությունը դավաճանում է, պետք է հիշեցնել նրանց: Բայց դա ազգային արժանապատվության խնդիր է: Ինչպես երեւում է, Վան Գրիգորյանին հետաքրքրում է ոչ թե արժանապատվությունը, հատկապես եթե դա ազգային է, այլ թուրքերի ասածները հալած յուղի տեղ ընդունելը: Այլ կերպ չի կարելի համոզել հայ ժողովրդինՙ Հայոց ցեղասպանության ուրացման թուրքական միտումների հետ հաշտվելու անհրաժեշտության մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4