«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2001-07-28 | #142, 2001-07-31 | #143, 2001-08-01


«ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն իր շաբաթական վերջին խմբագրականում, որի ամբողջական թարգմանությունը կներկայացնենք առաջիկա համարում, հիշեցնում է իր նախորդ խմբագրականում արտահայտած այն մտավախությունը, թե «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» կազմությունը կարող է պառակտել հայերին եւ մասնավորապես հակամարտություն ստեղծել Մ. Նահանգներում գործող հայկական լոբբիինգի երկու կազմակերպություններիՙ Ամերիկայի հայկական համագումարի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի միջեւ: «Իմ հոռետեսական մտավախություններն ավելի շուտ իրականություն դարձան, քան ենթադրում էի», գրում է Հ. Սասունյանը եւ ավելացնում, որ անցյալ շաբաթ Վաշինգտոնում Ներկայացուցիչների պալատի օրակարգում Հայոց ցեղասպանության բանաձեւը ներառելու ժամանակայնացման եւ մեխանիզմների շուրջ արդեն իսկ հակասություն է առաջացել վերոհիշյալ երկու կազմակերպությունների միջեւ: Հ. Սասունյանի կարծիքով, անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովում ԲԷՑ-երի սեփականաշնորհման հարցի քվեարկության ընթացքում ՀՅԴ խմբակցության դեմ քվեարկելը նույնպես արտահայտում է այդ կուսակցության դժգոհությունը Հայաստանի իշխանություններից, մասնավորաբար արտգործնախարար Վարդան Օսկանյանից, «Թուրք-հայկական հանձնաժողովի» նկատմամբ վերջինիս բռնած դիրքի պատճառով:

Հ. Սասունյանն առաջարկում է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր մոտ խորհրդակցական ժողովի հրավիրել շահագրգիռ կողմերին եւ «Հանձնաժողովի» հայ անդամներին, առաջն առնելու համար ներհայկական հետագա պառակտումների:

Հ. Սասունյանն իր հոդվածում անխնա դատափետում է նաեւ ՀՀՇ նախագահ Ալեքսանդր Արզումանյանին, որը հայաստանյան թերթերից մեկում «հրձիգ հայտարարություն» էր որակել իր նախազգուշացումները: Բայց այս մասինՙ մեր վաղվա համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4