ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԻԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի դատարանը տասն ամսվա ազատազրկման է դատապարտել հայտնի զինավաճառ Սարգիս Սողանալյանին, որն արդեն մեկուսարանում անցկացրել է տասն ամիս եւ այլեւս չի ազատազրկվելու: 71-ամյա Սողանալյանը, որին անվանում են «մահ վաճառող» եւ որը զենք է վաճառել Լիբանանում, Արգենտինայում, Իրաքում, Նիկարագուայում, մեղադրվել է 250 հազար դոլարի բանկային չեկ գողանալու եւ դրանով գումար ստանալու համար:
Սողանալյանը ձերբակալվել է 1999 թվականի դեկտեմբերին, եւ այդ ժամանակ նրան տարբեր բանկերից հանցավոր ճանապարհով 3 միլիոն դոլար ստանալու մեղադրանք էր առաջադրվել: Սակայն անցած տարվա հոկտեմբերին նա, իշխանությունների համաձայնությամբ, մեկուսարանից ազատ է արձակվել, փոխարենը խոստանալով համագործակցել իրավապահ մարմինների հետ տարբեր հանցագործությունների բացահայտման գործում:
«Լոս Անջելես թայմս» թերթի վկայությամբ երեկ նրան դատարան է ուղեկցել Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը: Իսկ Սողանալյանի փաստաբան Մարկ Կիրակոսը հայտնել է, որ իր պաշտպանյալը միլիոնավոր դոլարներ է հատկացրել հայ համայնքին, դպրոցներ կառուցել, ինչպես նաեւ օգնություն տրամադրել Հայաստանին 1988-ի երկրաշարժից հետո:
Դատարանում փաստաբանը պնդել է, թե «մի ժամանակ Սարգիս Սողանալյանը տներ է ունեցել Ֆլորիդայում, Փարիզում, Աթենքում եւ այլ քաղաքներում, այժմ նա այլեւս ունեւոր չէ»: