Գլխավոր վարակաբանը հաճելիորեն զարմացած է
Ներկայումս Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը զբաղեցված է ընդամենը 30 տոկոսով: Այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, երեկվա դրությամբ հիվանդանոցում բուժվում է 125 հիվանդ, մինչդեռ անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում բուժվողների թիվը գերազանցում էր 200-ը: Փոխվել է նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների վիճակագրությունը: Այսպես, 125 հիվանդից 10-ը ախտորոշված են դիզինտերիայով, եւս 10-ըՙ դիսբակտերիոզ, 4-ըՙ սալմոնելյոզ: Այս պահին կա մալարիայով 3 հիվանդ, սակայն դա չնչին թիվ էՙ համեմատած անցյալ այս նույն ժամանակահատվածի 25-ի հետ: Ի տարբերություն անցյալ տարիների, այս ամռանը ընդհանրապես չկան նաեւ տիֆով ու խոզուկով հիվանդներ: Մնացած վարակիչ հիվանդությունները եւս (սեպսիս եւ այլն) իրենց այնքան զգացնել չեն տալիս, ինչպես նախորդ տարիներին: Ընդհանուր առմամբ, պրն Ասոյանի գնահատականով, որը նաեւ երկար տարիներ ՀՀ գլխավոր վարակաբանն է եղել, հանրապետությունում ինֆեկցիոն հիվանդությունների առումով իրավիճակը լարված է, վտանգներ կան (իսկ դրանք միշտ էլ կարող են լինելՙ սեզոնի հետ կապված), սակայն լիովին վերահսկելի է: Բժշկական տերմինալոգիայով ասածՙ մինչ այժմ չեն եղել ինֆեկցիոն բռնկումներ, կան միայն «սեզոնային բարձրացումներ»: «Այնպես որ, դա համարենք դրական սենսացիա», կատակեց պրն Ասոյանըՙ կտրականապես հերքելով նաեւ այն լուրերը, որոնք ստացել էր խմբագրությունը, թե բանակում, մասնավորապես Արմավիրի զորակայանում կան աղիքային ինֆեկցիայի բռնկումներ: Ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումների բացակայության համար պրն Ասոյանն ունի մի քանի բացատրություններ: Նախ, այս տարի եղանակը զգալիորեն ավելի չոր է, ինչը նշանակում է, որ մոծակների միջոցով մալարիայի տարածման վտանգը քիչ հավանական է: Երկրորդՙ այս տարի զգալիորեն կրճատվել է փողոցային առեւտուրը: «Անողոք պատերազմը փողոցային առեւտրի դեմ հաճախ շահարկվում է , սակայն եթե այդ «պատերազմում» որոշ մարդիկ զրկվեցին աշխատանքից, փոխարենը հարյուրավոր մարդկանց առողջությունը փրկվեց»:
Տղամարդկանց համբույրներն ու... ինֆեկցիաները, եւ ոչ միայն....
Ընդհանուր առմամբ, ըստ պրն Ասոյանի, «եթե ջրի գործոնը բացառենք», վարակների հիմնական տարածումը սննդամթերքի, մասնավորապես, մրգերի ու բանջարեղենի օգտագործումն է առանց համապատասխան մշակման: Փողոցային առեւտրից բացի կան նաեւ այլ գործոններՙ հիգիենայի ու կենցաղի, նույնիսկ սովորությունների հետ կապված: Ամենատիպիկն ու, որքան էլ զարմանալի է, վտանգավորներից մեկը ... տղամարդկանց համբուրվելու աններելի սովորությունն է, որի դեմ, Ա. Ասոյանի խոսքերով, «պետք է ուղղակի պատերազմ հայտարարել»: Պարզվում է, որ այդ խնդիրը (որին, ի դեպ, «Ազգը» վերջերս անդրադարձել էր «Ախպերության համբույրները» հրապարակման մեջ») ունի ոչ միայն բարոյական կողմ, այլեւՙ առողջապահական: Մեզանում տարածված այդ, «շրջապատի համար տգեղ» ու «ջրալի» համբույրները վարակների փոխանցման պատճառներ են:
Նշվեց առաջին հայացքից անվնաս, բայց իրականում վտանգավոր մեկ այլ վատ սովորության մասինՙ դրամը հաշվելիս մատները թքոտելը: Ընդհանրապես, բժշկական տեսակետից կա վարակների (հարուցիչների) տարածման երկու ճանապարհՙ օդակաթիլային (այդ ճանապարհով տարածվող հիվանդությունները վտանգավոր են հատկապես ձմռան սեզոնին) եւ աղիքային (ամռանը): Ամռանը դրանք ավելի վտանգավոր են դառնում ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ: Եթե ավելացնենք նաեւ խմելու ջրի խնդիրը, ապա հետագա խորհուրդներն այլես ավելորդ կարող են լինել, թեեւ, որքան էլ զարմանալի է, ելնելով պրն Ասոյանի բացատրություններից, հանրապետությունում առկա ջրի պակասը չի կարող այնքան լուրջ վտանգ ներկայացնել, որքան ջրի աղտոտվածությունը. ջրի մեջ ինքն իրեն չի կարող հարուցիչ առաջանալ, այլ եղած հարուցիչը կարող է ուղղակի բազմանալ, ինչը հաճախ արդյունք է խմելու ջրի մեջ տարբեր կեղտաջրերի ու բակտերիաների ներթափանցման: Հավաստիացվեց, որ հիվանդանոցում հատուկ ուշադրություն է դարձվում աղիքային հիվանդությունների դեպքերի կրկնությանը միեւնույն թաղամասերում: Բարեբախտաբար նման դեպքեր դեռեւս չեն արձանագրվել, ինչը, սակայն, չի նշանակում, որ չպետք է ծայրահեղ զգույշ լինել ու պահպանել բոլոր հիգիենիկ կանոնները: Հատուկ խորհուրդ չի տրվում խմելու ջուրը միայն ու միայն եռացնելուց հետո խմել, բայց ծայրահեղ զգուշությունը պահանջում է պահպանել բոլոր կանխարգելիչ կանոնները, հատկապես մանկահասակ երեխաների պարագայում:
Տեղեկացվեց, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների մոտ կեսն են երեխաներ: Ինչ վերաբերում է մանկական ինֆեկցիաներին, վերջին շրջանում կարմրախտի դեպքերի հետ կապված մեր հարցին ի պատասխան նշվեց, որ դրանք հատկապես գարնանն էին տարածված, ներկայումս կարմրախտի դեպքերն էականորեն պակասել են: Ընդհանրապես, ինֆեկցիոն հիվանդությունների տարածվածությունը նկարագրվում է մաթեմատիկական կորով, յուրաքանչյուր հիվանդությունն ունի այդ կորի ամենաբարձր կետը: Դեղնախտի դեպքում դա լինում է 8-9 տարին մեկ, տուբերկուլյոզի դեպքումՙ 40, իսկ կարմրախտի դեպքումՙ 6-7 տարին մեկ: Եթե փորձենք ամբողջացնել հանրապետության ընդհանուր ինֆեկցիոն իրավիճակը, ապա, նույն մասնագիտական լեզվով ասած, այս տարի հանրապետության ինֆեկցիոն գործակիցը ընդհանուր առմամբ գտնվում էր կորի ներքին մասում, ինչը սակայն չի նշանակում, որ մի օր կարող էն բարձրանալ: Հետեւաբարՙ զգուշություն առաջին հերթին:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ